Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է օգտատերերի նույնականացման ծառայություններ մատուցող Okta ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 24.26%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 112.44 դոլարի։ Հաջորդը AST SpaceMobile–ն է: Տիեզերական բջջային ցանցի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 23.20%–ով՝ հասնելով 33.40 դոլարի։ Եռյակը եզրափակում է ArcelorMittal ընկերությունը՝ 19.50% աճով։ Պողպատի արդյունահանմամբ զբաղվող ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 33.15 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Venture Global–ը։ Հեղուկ գազի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 38.83%–ով և այժմ կազմում է 9.23 դոլար։ Հաջորդը MongoDB–ն է։ NoSQL տվյալների բազայի հարթակ տրամադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 29.83%–ով և հասել 187.65 դոլարի։ Եռյակը եզրափակում է Samsara–ը։ Բիզնեսի ավտոմատացման IoT ծառայություններ առաջարկող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 25.84%–ով և կազմում է 35.36 դոլար։


Ուոլ Սթրիթն ուրբաթ օրը փակվել է աճով, ինչին նպաստել են Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանություններն այն մասին, որ տնտեսությունը «լավ վիճակում է», բայց նա նաեւ հասկացրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցումը շուտ չի լինի։ Չնայած շաբաթվա վերջի վերականգնմանը, շուկաները կրել են վերջին մի քանի ամիսների ամենամեծ շաբաթական կորուստները։ S&P 500-ը շաբաթվա կտրվածքով նվազել է 3,1%-ով, Nasdaq-ը՝ 3,45%-ով, Dow Jones-ը՝ 2,37%-ով։ Նման կորուստների պատճառը ներդրողների զգուշավորությունն է  ԱՄՆ առևտրային քաղաքականության շուրջ անորոշության պատճառով: Նախագահ Թրամփը մեկ ամսով հետաձգել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող որոշ ապրանքների, մասնավորապես, ավտոմեքենաների նոր մաքսատուրքերը, սակայն Չինաստանի հետ առևտրային լարվածությունը պահպանվում է: Ներդրողները վախենում են, որ Թրամփի առեւտրային քաղաքականությունը կարող է խթանել գնաճը երկրում և դանդաղեցնել տնտեսական աճը:


ԱՄՆ–ում աճում են արագ սննդի ընկերությունների բաժնետոմսերի գները։ McDonald's-ը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ վերջին շաբաթվա ընթացքում աճելով 5%-ով, Yum Brands-ը, որը միավորում է KFC–ն, Taco Bell–ը, Pizza Hut–ը,  ինչպես նաեւ Restaurant Brands International-ը, որը  ներառում է Burger King–ը, Popeyes–ը, Tim Hortons–ը, նույնպես լավ արդյունքներ են  գրանցել տարեսկզբից ի վեր։ Պատճառն այն է, որ ԱՄՆ առեւտրային քաղաքականության անորոշության պատճառով մարդիկ նախընտրում են ավելի էժան սննդամթերք գնել։


Tesla-ի բաժնետոմսերը յոթերորդ շաբաթն անընդմեջ նվազում են եւ այժմ դեկտեմբեր ամսվա ռեկորդային բարձր ցուցանիշից ցածր են գրեթե 50%-ով: Ուրբաթ օրը ընկերության բաժնետոմսերը փակվել են 262,67 դոլարով՝ դեկտեմբերի 479,86 դոլարի համեմատ: Այս անկումը սկսվեց հունվարին նախագահ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո, և դրա վրա ազդել են բազմաթիվ գործոններ: Հիմնական մտահոգություններից մեկը Tesla-ի վաճառքների դանդաղումն է հիմնական շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը և Եվրոպան: Մեկ այլ նպաստող գործոն է Իլոն Մասկի ներգրավվածությունը ամերիկյան նոր վարչակազմում, ինչն ազդել է Tesla-ի հանրային իմիջի վրա, քանի որ ներդրողները և հասարակությունը հակասական կարծիքներ ունեն կառավարության հարցերում նրա մասնակցության վերաբերյալ: Իլոն Մասկն այս տարի իր զուտ կարողությունից 52 միլիարդ դոլար է կորցրել, բայց շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։


Broadcom ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճել են այն բանից հետո, երբ այն հաղորդել է սպասվածից ավելի լավ եկամուտների մասին և լավատեսական կանխատեսումներ արել՝ որոշակի թեթևացում ապահովելով շուկայի ԱԲ հատվածի համար: Չիպեր արտադրող ընկերության  բաժնետոմսերը ուրբաթ աճել են 10%-ով՝ հասնելով 198 դոլարի։ Ներդրողների համար կարևորագույն ցուցանիշը Broadcom-ի ԱԲ սեգմենտից ստացված եկամտի 77% աճն էր, ինչը ցույց է տալիս, որ արհեստական բանականության սարքավորումների պահանջարկը կարող է դեռ բարձր լինել՝ չնայած շուկայում այդ ոլորտի հանդեպ աճող թերահավատությանը: 


Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան հունվարին գրանցած առավելագույն մակարդակից ի վեր 1 տրիլիոն դոլարով նվազել է։ Ընկերության բաժնետոմսերը վերջին երկու ամիսների ընթացքում նվազել են ավելի քան 23%-ով, մեկ բաժնետոմսի գինը հասել է 107 դոլարի՝ հունվարին գրանցված 149,43 դոլար ռեկորդային բարձր ցուցանիշի համեմատ։ Ուրբաթ օրը ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 2,6 տրիլիոն դոլար: Անկումը մասամբ պայմանավորված է ԱԲ ոլորտի գերագնահատված լինելու վերաբերյալ  աճող մտահոգություններով։


2025 թվականին չինական տեխնոլոգիական բաժնետոմսերը զգալիորեն աճել են՝ ավելացնելով 439 միլիարդ դոլար շուկայական արժեք և առաջ անցնելով ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերից, ներառյալ այսպես կոչված «Հրաշալի յոթնյակի» բաժնետոմսերից: Չինական տեխնոլոգիաների «7 տիտանները», ինչպիսիք են Alibaba-ն, Tencent-ը և Xiaomi-ն, այս տարի աճել են ավելի քան 40%-ով, մինչդեռ ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերը նվազել են մոտ 10%-ով։ Չինական տեխնոլոգիական բաժնետոմսերի աճը խթանել է DeepSeek-ի հաջողությունը։ Արհեստական բանականության այս մոդելը վերջ է դրել այն ենթադրություններին, որ Չինաստանը չի կարող մրցակցել ԱՄՆ-ի հետ ԱԲ նորարարությունների ոլորտում: Բացի այդ, Չինաստանի աճող աջակցությունն իր տեխնոլոգիական հատվածին և Alibaba-ի նման ընկերությունների նոր ԱԲ գործիքներն էլ ավելի են մեծացրել ներդրողների վստահությունը: Շատ ներդրողներ իրենց ուշադրությունը տեղափոխում են չինական տեխնոլոգիական բաժնետոմսերի վրա, որոնք համարվում է, որ աճի ավելի մեծ ներուժ ունեն:


Nasdaq-ը հայտարարել է, որ պլանավորում է 2026 թվականի երկրորդ կեսից անցնել24-ժամյա առևտրի ռեժիմի, շաբաթը հինգ օր։: Այս քայլը նպատակ ունի ավելի մատչելի դարձնել ԱՄՆ շուկաները, հատկապես միջազգային թրեյդերների համար՝ ընդլայնելով առևտրի ժամերը տարբեր ժամային գոտիներում: Nasdaq-ի նախագահ Թալ Քոհենը բացատրել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ շուկաներում մանրածախ ներդրողների հետաքրքրության աճով և ԱՄՆ-ի բաժնետոմսերում օտարերկրյա ներդորումների զգալի աճով, որը հունիսին հասել է $17 տրլն-ի։ Nasdaq-ն արդեն սկսել է քննարկումները կարգավորիչների հետ փոփոխության վերաբերյալ:


2025 թվականի մարտի 3-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մարտի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 14․1 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.1377 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.4627 տոկոս:


Ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը հունիսին, որոշ վերլուծաբաններ կանխատեսում են մինչև 3 կրճատում 2025 թվականին: Սա հետևում է աշխատատեղերի զեկույցին, ըստ որի, փետրվարին  ամերիկյան գործատուները ավելացրել են 151,000 նոր աշխատատեղ, չնայած գործազրկության մակարդակը նույնպես  աճել է՝ մինչև 4,1%։ Բացի այդ, կառավարությունը կրճատում է աշխատատեղերը, ինչի ազդեցությունն աշխատաշուկայի վրա ավելի ուշ կերեւա։


Նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ կառավարության համար «Բիթքոյնի ռազմավարական պահուստ» ստեղծելու մասին: Այն կազմված կլինի այն բիթքոյններից, որոնք ԱՄՆ կառավարությունն առգրավել է հանցագործներից կամ իրավական այլ գործընթացների միջոցով: Ներկայումս այդ բիթքոյնների թիվը 200,000 է։ Ներդրողներին այս տեղեկությունը հիասթափեցրել է, քանի որ նրանք հույս ունեին, որ Թրամփը ռազմավարական պահուստը կստեղծի՝ նոր բիթքոյններ գնելով։ Այս հայտարարությունից հետո բիթքոյնի գինը կարճ ժամանակով նվազել է մոտ 5%-ով՝ հասնելով $85,000-ի, սակայն ավելի ուշ այն վերականգնվել է մինչև $89,200: Բիթքոյնի ռազմավարական պահուստ ստեղծելը խորհրդանշական է, քանի որ առաջին անգամն է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է բիթքոյնը որպես պահուստային ակտիվ, ինչպիսին ոսկին է։


Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կրկին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 2,5%–ի։ Սա անցած տարվա հունիսից ի վեր վեցերորդ նվազեցումն է: ԵԿԲ-ն բացատրել է, որ իր դրամավարկային քաղաքականությունը դառնում է մեղմ՝ տնտեսական աճին աջակցելու համար, քանի որ գնաճը մոտենում է իր 2% նպատակային ցուցանիշին:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։