Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել են ավիատիեզերական բաղադրիչների արտադրությամբ զբաղվող HEICO ամերիկյան ընկերության բաժնետոմսերը, որոնք անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 17.31%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 264.68 դոլարի։ Հաջորդը XPeng–ն է: Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական ընկերությա ն բաժնետոմսերն աճել են 16.79%–ով՝ հասնելով 21.49 դոլարի։ Եռյակը եզրափակում են HEICO ընկերության A դասի բաժնետոմսերը՝ 16.69% աճով։ Մեկ բաժնետոմսի գինը ներկայում կազմում է 212.12 դոլար։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Super Micro Computer–ը։ Սերվերային և ամպային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 26.06%–ով և այժմ կազմում է 41.46 դոլար։ Հաջորդը AppLovin Corporation–ն է։ Հավելվածներին գովազդային ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 21.57%–ով և հասել 325.74 դոլարի։ Եռյակը եզրափակում է Maplebear-ը։ Մթերքի առցանց վաճառքով զբաղվող ընկերության մշակող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 21,53%–ով և կազմում է 41,09 դոլար։
Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու լարված հանդիպումից անմիջապես հետո ֆոնդային բորսաներն անկում ապրեցին: Սակայն ուրբաթ օրվա առեւտրային նստաշրջանի ավարտին արդեն շուկաները վերականգնվեցին եւ Ուոլ Սթրիթը փակվեց աճով։ S&P 500-ն աճեց 1,59%-ով՝ հասնելով 5954,50-ի, Nasdaq-ն աճեց 1,63%-ով՝ հասնելով 18,847,28-ի, իսկ Dow Jones-ը՝ 1,39%-ով՝ հասնելով 43,840,91-ի: Շաբաթվա կտրվածքով S&P 500-ն ու Nasdaq-ը անկում են ապրել, իսկ Dow-ն՝ աճել։
Շաբաթվա սկզբում, եվրոպական բաժնետոմսերը հասել են ռեկորդային առավելագույնի։ STOXX 600 ինդեքսն աճել է 0,3%-ով։ Այս աճի համար խթան է հանդիսացել պաշտպանական ոլորտի բաժնետոմսերի աճը՝ ռազմական ծախսերի ավելացման ակնկալիքների ֆոնին: Եվրոպական օդատիեզերական և պաշտպանական ոլորտն աճել է 6,5%-ով՝ հասնելով պատմական առավելագույնին այն բանից հետո, երբ եվրոպական երկրների առաջնորդները շաբաթվա վերջին համաձայնել են ավելացնել պաշտպանական բյուջեն և մշակել Ուկրաինայի խաղաղության ծրագիր՝ ԱՄՆ-ին ներկայացնելու համար:
Փետրվարի 26-ին նախորդած շաբաթվա ընթացքում ներդրողները 19,71 միլիարդ դոլար են ներդրել ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերում, որոնք ամենամեծ ներհոսքն են գրանցել 2024 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ներհոսքը գլխավորել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը՝ 20 միլիարդ դոլարով։ Ոլորտային առումով առաջատարը տեխնոլոգիական բաժնետոմսերի հիմնադրամներն են՝ 1,05 միլիարդ դոլարի ներհոսքով, դրանց հաջորդում են առողջապահական եւ կապի ծառայությունների ոլորտների բաժնետոմսերի ֆոնդերը։ Մինչդեռ ֆինանսական հատվածի ֆոնդերը կորուստներ են գրանցել։
Nvidia-ի եկամուտների հաշվետվությունը չի համոզել ներդրողներին։ Հինգշաբթի ընկերության բաժնետոմսերը նվազել են ավելի քան 8%-ով՝ փակվելով 120,15 դոլարով։ Ընկերությունը կանխատեսել է եկամուտների 65% աճ, ինչը դեռևս բարձր է, բայց շատ ավելի ցածր է նախորդ տարվա հսկայական աճից: Մյուս խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, ներառյալ Microsoft-ը և Amazon-ը, նույնպես նվազել են: Nvidia-ն մինչեւ այժմ եղել է ԱԲ բումի հիմնական խաղացողը, սակայն ներդրողներն այժմ անհանգստացած են պահանջարկի դանդաղեցմամբ և աճող մրցակցությամբ, հատկապես չինական DeepSeek ստարտափի ավելի էժան ԱԲ մոդելների պատճառով:
Vistra Corp-ը հայտնել է չորրորդ եռամսյակի ուժեղ շահույթի մասին, ինչը պայմանավորված է ԱԲ տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի աճող կարիքներով: Քանի որ Big Tech-ը միլիարդներ է ներդնում արհեստական բանականության մեջ, էներգիայի սպառումն ԱՄՆ–ում աճել է՝ պահանջարկը հասցնելով ռեկորդային մակարդակի։ Սրանից ամենաշատը շահել է Vistra-ն, ատոմային էներգիայի խոշոր օպերատորը։ Ընկերության բաժնետոմսերը աճել են գրեթե 258%-ով 2024 թվականին։ Շահույթը չորրորդ եռամսյակում կրկնապատկվել է՝ հասնելով 1,99 միլիարդ դոլարի։
Dell-ի բաժնետոմսերը 7%-ով նվազել են ընկերության եկամուտների հաշվետվությունից հետո՝ հիմնականում պայմանավորված շահույթի ցածր մարժաների հետ կապված մտահոգություններով։ Ներդրողներին անհանգստացնում է Dell-ի ԱԲ սերվերներում օգտագործվող Nvidia-ի Blackwell գրաֆիկական քարտերի բարձր արժեքը, որոնք նվազեցնում են մարժան: Dell-ի բաժնետոմսերը մոտ 45%-ով իջել են անցյալ տարվա մայիսին գրանցված առավելագույն մակարդակից: Ներդրողներն այժմ ավելի շատ կենտրոնանում են շահույթի վրա, այլ ոչ միայն եկամուտների աճի վրա, մի միտում, որը նկատվում է նաև Nvidia-ի դեպքում:
ԱԲ բումի սառեցման պայմաններում ներդրողները սկսել են ապավինել խոշոր դեղագործական ընկերություններին՝ որպես շուկայի ավելի ապահով հատված: Առողջապահության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ այնպիսի խոշոր դեղարտադրողներինը, ինչպիսիք են Amgen-ը, Johnson & Johnson-ը և AbbVie-ն, այս տարի աճել են 10%-ով, մինչդեռ S&P 500-ը գրեթե տեղաշարժ չի ունեցել։ Ներդրողները փնտրում են կայուն ընկերություններ՝ ամուր շահաբաժիններով, հատկապես գնաճի և տնտեսական անկման հետ կապված մտահոգությունների պատճառով
2025 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. սեպտեմբերի 9–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.9679 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.0454 տոկոս։
ԱՄՆ սպառողական ծախսերը հունվարին կրճատվել են 0,2%-ով՝ գրանցելով առաջին անկումը գրեթե երկու տարվա ընթացքում։ Սա տնտեսության ավելի թույլ աճի մասին է վկայում: Ապրանքների վրա կատարված ծախսերը նվազել են 1,2%-ով, իսկ ծառայություններն աճել են 0,3%-ով։ Ենթադրվում է, որ սպառողական ծախսերի անկումը կնպաստի տնտեսության թույլ աճին 2025 թվականի առաջին եռամսյակում, երբ ըստ կանխատեսումների, տնտեսության կրճատումը տարեկան կտրվածքով կկազմի 1,5%։
ԱՄՆ տնտեսական աճը չորրորդ եռամսյակում դանդաղել է, ընդ որում ՀՆԱ-ն աճել է 2,3% տարեկան տեմպերով, ինչը ցածր է երրորդ եռամսյակի 3,1%-ից։ Չնայած դանդաղմանը, սպառողական ծախսերը 2024թ աճել են 4,2% տեմպերով` աջակցելով տնտեսությանը, որն ընդլայնվել է 2,8%-ով՝ գերազանցելով Դաշնային պահուստային համակարգի նպատակային՝ 1,8% աճի տեմպը: Թրամփի վարչակազմի ծախսերի կրճատումները նույնպես ազդել են սպառողների և բիզնեսի վստահության վրա: Դաշնային պահուստային համակարգի համար հիմք հանդիսացող անձնական սպառողական ծախսերի գների ինդեքսը (որը չի ներառում սննդամթերքն ու էներգակիրները), աճել է 2,7%-ով, ինչն արտացոլում է գնաճի հետ կապված շարունակական մտահոգությունները:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





