Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է խաղերի և AR/VR բովանդակության մշակմամբ զբաղվող Unity Software ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերն աճել են 36.64%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 28.34 դոլարի։ Հաջորդը Super Micro Computer–ն է: Տվյալային կենտրոններ արտադրող և ամպային  լուծումներ մշակող ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 32.62%–ով՝ հասնելով 56.07 դոլարի։ Եռյակը եզրափակում է Alibaba Group Holding ընկերությունը՝ 20.25% աճով։ Մեծածախ առևտրի խոշոր հարթակի մեկ բաժնետոմսի գինը կազմում է 143.75 դոլար։ 

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Akamai Technologies–ը։ Կիբերանվտանգային համակարգեր մատակարարող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 23.01%–ով և այժմ կազմում է 76.73 դոլար։ Հաջորդը Axon Enterprise–ն է։ Բանակի, ոստիկանության և քաղաքացիական անձանց համար ռազմական տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 22.79%–ով և հասել 513.22 դոլարի։ Եռյակը եզրափակում է Twilio-ն։ Հաղորդակցության միջոցներ մշակող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 22.39%–ով և կազմում է 114.31 դոլար։


Անցած ուրբաթ՝ փետրվարի 21–ին, ամերիկյան արժեթղթերի շուկան կտրուկ անկում է ապրել, քանի որ տնտեսության դանդաղեցման և ավելացող գնաճի հետ կապված մտահոգությունները ներդրողներին մղել են դեպի ավելի ապահով ակտիվներ: Dow Jones-ը նվազել է 1,7%-ով՝ գրանցելով ինդեքսի վատագույն օրը 2025 թվականի սկզբից ի վեր։ S&P 500-ը նվազել է 1,7%-ով, իսկ Nasdaq-ը՝ 2%-ով: Ներդրողները գումարները տեղափոխել են պարտատոմսեր և պաշտպանական արժեթղթեր: Դրանք այն ընկերությունների բաժնետոմսերն են, որոնք հակված են կայուն մնալ կամ նույնիսկ աճ գրանցել տնտեսական անկայունության պայմաններում, քանի որ մատակարարում են հիմնական ապրանքներ կամ ծառայություններ, ինչպիսիք են սնունդը, առողջապահությունը և կոմունալ ծառայությունները, որոնք մարդիկ շարունակում են գնել՝ անկախ տնտեսական պայմաններից: Վերլուծաբանների կարծիքով՝ բաժնետոմսերի անկմանը նպաստել են Թրամփի նոր մաքսատուրքերի եւ  պետական ծախսերի կրճատման քաղաքականությունը, ինչպես նաեւ տնտեսական ոչ լավատեսական ցուցանիշները։ 


Շաբաթվա վերջում ֆոնդային շուկան մի փոքր վերականգնվել է ծանր շաբաթվանից հետո. Dow Jones–ի, S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները բարձրացել են մոտ 0,5%–ով: Ներդրողները սպասում են այս շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում՝ չորեքշաբթի սպասվող Nvidia-ի շահույթի մասին հաշվետվությանը, որը կարևոր է՝ հաշվի առնելով, որ արհեստական բանականության հսկայի բաժնետոմսերը էական վնաս էին կրել չինական DeepSeek-ի մրցակցության պատճառով: Շուկան նաեւ սպասում է ուրբաթ հրապարակվելիք հունվար ամսվա անձնական սպառողական ծախսերի զեկույցին, որը Դաշնային պահուստային համակարգի համար գնաճի նախընտրելի չափիչն է:


Տնտեսական թույլ տվյալների և սակագների հետ կապված խնդիրների  պատճառով անցած ուրբաթ կտրուկ նվազել են տրանսպորտային ընկերությունների բաժնետոմսերի գները։ Dow Jones Transportation Average-ը իջել է 2,6%-ով, ինչը ամենամեծ մեկօրյա կորուստն էր վերջին երկու ամսվա ընթացքում։ Ամենածանր հարվածը հասցվել է Old Dominion ընկերությանը, որի բաժնետոմսերը 8,5% անկում են գրանցել։  Տուժել են նաև ավիաընկերությունները՝ Alaska Air-ը կորցրել է 6,9%, United Airlines-ը՝ 6,4%, իսկ Delta-ն՝ 5,9%: FedEx-ը 5,3% անկում է գրանցել։ Ներդրողների հիմնական մտահոգությունները վերաբերում են մաքսատուրքերին։ Թրամփը բարձրացրել է պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 25% և առաջարկել նմանատիպ մաքսատուրքեր սահմանել մեքենաների, կիսահաղորդիչների և դեղագործական ապրանքների ներմուծման համար: Ներդրողները մտավախություն ունեն, որ այս սակագները կարող են բարձրացնել գները, թուլացնել պահանջարկը և նվազեցնել միջազգային բեռնափոխադրումները՝ ազդելով բեռնափոխադրումներով և առաքմամբ զբաղվող ընկերությունների վրա:


Պատվաստանյութեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերն ուրբաթ աճել են՝  Չինաստանում չղջիկների կորոնավիրուսային հիվանդության նոր ուսումնասիրության հետ կապված մտահոգությունների պատճառով։  Moderna-ն աճել է ավելի քան 5%՝  դառնալով S&P 500-ի ամենամեծ աճ գրանցած ընկերությունը, աճ են ունեցել նաեւ Pfizer-ը և Novavax-ը: Նույն պատճառով անկում են գրանցել զբոսաշրջային եւ առողջապահության ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերը։ Չինացի հետազոտողների զեկույցները ենթադրում են, որ չղջիկների վիրուսը կարող է տարածվել նաեւ մարդկանց վրա։


Ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերը երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ ներհոսք են ունեցել։ Ներդրողներն անցած շաբաթվա ընթացքում գնել են 1,59 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդեր։ Ամենամեծ  ներհոսքն ունեցել են մուլտի ֆոնդերը, որոնք միավորում են խոշոր, միջին եւ փոքր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերը, դրանց հաջորդում են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը, ապա՝ փոքրն ու միջինը։ Պարտատոմսերի ֆոնդերն անցած շաբաթ մնացել են ուժեղ՝ ներգրավելով 8,62 մլրդ դոլար՝ ապահովելով ներհոսք յոթերորդ շաբաթն անընդմեջ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ դրամական շուկայի ֆոնդերը գրանցել են 14,11 միլիարդ դոլարի արտահոսք, ինչը նրանց երրորդ շաբաթական անկումն է մեկ ամսվա ընթացքում:


2025 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. դեկտեմբերի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 18.9 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.7946 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.3278 տոկոս:


Փետրվարին ԱՄՆ գործարար ակտիվությունը դանդաղել է, իսկ ընդհանուր տնտեսական ինդեքսն իջել է մինչև վերջին 17 ամսվա ամենացածր կետը: Թուլացման հիմնական պատճառները մաքսատուրքերի  և պետական ծախսերի կրճատման հետ կապված մտահոգություններն էին: S&P Global–ի PMI ինդեքսը իջել է մինչև 50,4՝ ցույց տալով նվազագույն աճ: Ծառայությունների ոլորտը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է, արդյունաբերությունը ցույց է տվել աննշան աճ։ Հունվարին բնակարանների վաճառքը նվազել է մոտ 5%-ով՝ հիփոթեքային բարձր տոկոսադրույքների և սակագների հետևանքով առաջացած շինարարական ծախսերի բարձրացման պատճառով: Ընդհանուր առմամբ, ծախսերի աճի և պետական քաղաքականության հետ կապված մտավախությունները բիզնեսին և սպառողներին ավելի զգուշավոր են դարձրել:


Փետրվարին ԱՄՆ սպառողների տրամադրության ինդեքսն իջել է մինչև 15 ամսվա նվազագույն մակարդակը` հունվարի 71,7-ից մինչև 64,7: Այս անկումը վերագրվում է նախագահ Թրամփի առաջարկած մաքսատուրքերի հետ կապված մտահոգություններին, որոնք, ինչպես ակնկալվում է, կմեծացնեն գնաճը: Կարճաժամկետ գնաճային սպասումներն աճել են մինչև 4,3%՝ ամենաբարձրը 2023 թվականի նոյեմբերից ի վեր, մինչդեռ երկարաժամկետ գնաճային սպասումներն աճել են մինչև 3,5%՝ ամենաբարձրը 1995 թվականից ի վեր։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։