«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» (The Crowdfunding Formula) ՍՊԸ-ն թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր։ Թողարկման շրջանակում կներկայացվի 4,000 անվանական, ոչ փաստաթղթային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 400 միլիոն ՀՀ դրամ: Պարտատոմսերը նախատեսված են շուկայի ազատ շրջանառության համար ու տալիս են բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն։
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն հայտնի միջազգային մարքեթինգային և քրաուդֆանդինգային ընկերություն է, որը մասնագիտացած է նորարարական գաղափարների առաջխաղացման ոլորտում: Ընկերությունը երկար տարիների փորձ ունի ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ: Ընկերությունն ապահովում է իր հաճախորդներին ռեսուրսներ, աջակցություն և մարքեթինգային առաջադեմ լուծումներ, որոնք էլ հնարավորություն են տալիս տվյալ արտադրանքը հաջողության հասցնել միջազգային առաջատար շուկաներում: Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, Նյու Յորքում եւ Չինաստանի Շենժեն քաղաքում։ Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենաշատ՝ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավներ, և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաեւ այլ հեղինակավոր հրատարակություններում։
«Մեր ընկերությունը մասնագիտացած է մարքեթինգային ռազմավարությունների, քրաուդֆանդինգային և գովազդային արշավների իրականացման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման մեջ: Մենք աշխարհում օգնել ենք ավելի քան 1000 ընկերությունների՝ իրենց արտադրանքն առաջխաղացնել միջազգային շուկաներում և հասնել հաջողության։ Պարտատոմսերի թողարկումն ու ներդրումը կօգնեն ընդարձակել մեր գործունեությունը՝ ավելացնել մեր ներկայացուցչություններն ու նոր բիզնես ուղղություններն աշխարհի տարբեր շուկաներում, և ավելի դոմինանտ դիրք ունենալ։ Մենք ձգտում ենք ապահովել հուսալի, պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերություն՝ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին և նորարարական գաղափարների գործնական կիրառմանը»,- նշում է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը:
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա ՍՊԸ»-ն՝ TCF-ը որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, պարտատոմսերի թողարկող իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։






