Վերջին ամիսներին մի շարք ընկերություններ Հայաստան են տեղափոխվել, եւ սա, ինչպես կարծում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Հայաստանի համար ե՛ւ հնարավորություն է, ե՛ւ մարտահրավեր:

Երևանում այսօր անցկացվող Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովի ժամանակ նա նշեց, որ վերաբնակեցման միտումները կարող են հայրենադարձության հնարավորություններ ստեղծել եւ կարեւոր խթան դառնալ մասնագիտական ներգաղթի կազմակերպման համար:

Սակայն երկիրը ներգաղթյալների համար ավելի գրավիչ դարձնելու համար, ըստ նրա, մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն:

Առաջին հերթին, Չոբանյանի խոսքով, պետք է զանգվածային կերպով բնակարանաշինական ծրագրեր իրականացվեն, որպեսզի տեղափոխվող անձինք հնարավորություն ունենան արագ բնակարան գտնել:

Երկրորդ քայլով անհրաժեշտ է հարյուրավոր բիզնես եւ արտադրական գոտիներ ստեղծել Երեւանից դուրս:

«Երեւանն արդեն անտանելի է դառնում ապրելու եւ աշխատելու համար: Հարյուրավոր արտոնյալ ծրագրեր պետք է իրականացվեն փոքր քաղաքներում եւ հատուկ փոքր քաղաքների զարգացման ծրագրեր պետք է ունենանք», - նշեց Չոբանյանը:

Հաջորդ քայլը, նրա խոսքով, կրթական ոլորտի բարեփոխումն է: Այստեղ արագ լուծում կարող է լինել մասնավոր կրթությունը խթանելը:

«Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մասնավոր կրթական հաստատություններ կան, որոնք ֆանտաստիկ աշխատում են, այլապես ծնողները չեն վճարի այդ կրթության համար: Պետությունը այդ ոլորտին պետք է նայի որպես ձեռներեցների, որոնք զարգացնում են կրթությունը: Պետք է խթանել, որ ստեղծվեն կենտրոններ, որտեղ կսովորեն անգլախոս, ռուսախոս, ֆրանսախոս երեխաներ», - ասաց Չոբանյանը:

Բազմաթիվ հայեր իրենց բիզնեսներն ուզում են Հայաստան տեղափոխել

Աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված՝ Մերձավոր Արեւելքում եւ հետխորհրդային տարածքում Հայաստան տեղափոխվելու մեծ ակտիվություն է նկատվում թե՛ մեր հայրենակիցների, թե՛ բազմաթիվ այլազգիների կողմից: Այս մասին համաժողովի ժամանակ նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

«Սփյուռքի գրասենյակը բացի հայրենադարձության, ընտանիքների, երեխաների համար մանկապարտեզի, դպրոցի հարցերի, փաստաթղթերի, մաքսային սահմանով բեռների տեղափոխման վերաբերյալ դիմումներից, ստացել է բազմաթիվ դիմումներ նաեւ բիզնեսները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, - ասաց նա,- Մենք շրջանառել ենք արդեն «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որը կվերաբերի մեր հայրենակիցներին՝ պետության կողմից երաշխավորված արտոնությունների տրամադրմանը, նաեւ նախաձեռնել ենք հայրենադարձների ինտեգրման կենտրոն՝ «մեկ պատուհանի» սկզբունքով»:

Արդյո՞ք ՏՏ ոլորտը Հայաստանում բավարար աջակցություն է ստանում

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, կառավարությունը ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցման ծրագիր ընդունեց, որի շրջանակում, եթե կազմակերպությունը մարտի 1-ից հետո 10-ից ավելի մարդ է ընդունում, որոնք ՀՀ-ում հարկային ռեզիդենտ չեն եղել, այդ աշխատակիցների աշխատավարձի եկամտային հարկի 50 տոկոսը կառավարությունը վերադարձնում է:

«Մենք նաեւ հարկային արտոնության վերաբերյալ նոր նախագիծ ենք դրել շրջանառության մեջ, որով նախատեսում ենք տարբեր ծրագրերով խթանել ՏՏ ոլորտի ընկերությունների շարժը դեպի մարզեր, այդ թվում մարզերում կրթական պրոցեսների մեջ ներգրավելու առումով»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ շուտով ԲՏԱ նախարարության կողմից կշրջանառվի աջակցման եւս մեկ ծրագիր, բայց այն կապ չունի դոլարի փոխարժեքի նվազումից ՏՏ ոլորտի կրած վնասների փոխհատուցման հետ:

«ՏՏ ոլորտն ամենաարտոնյալն է Հայաստանում, աջակցման բազմաթիվ ծրագրեր կան: Այդ համատեքստում շատ կարեւոր է ոլորտի ներկայացուցիչների հետ առարկայական քննարկումը, որը կլինի ոչ միայն դժգոհություն ու բողոք, այլ նաեւ առաջարկներ: Այսօրվանից ԿԲ գործընկերների հետ սկսում ենք դոլարի կուրսի ռիսկի կառավարման դասընթացներ ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,-ասաց նա:

Սակայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ կատարվող քայլերը բավարար չեն Հայաստանում ՏՏ ոլորտին օգնելու համար, քանի որ դրանք չեն մեղմում դրամի արժեւորման պատճառով առաջացած խնդիրների հետեւանքները:

«Դեվսոֆտ» ընկերության ղեկավար Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ դոլարի փոխարժեքի անկմամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով նոր աշխատողների ներգրավման դեպքում եկամտային հարկի 50 տոկոսի հետ վերադարձի տարբերակը ոչ կիրառելի է դարձել:

«Մարդիկ սկսել են նոր աշխատողներ չվերցնել, եթե չխոսենք կրճատումների մասին, որոնք մասսայական են դարձել: Շատ ենք լսում կառավարության ներկայացուցիչներից, որ առանց այդ էլ տեխնոլոգիական ոլորտն ունի շատ արտոնություններ: Իրականում հակառակն է. այն, ինչը կա, նվազագույնն է եւ դեռ պետք է ավելին անել, որովհետեւ, եթե նայում ենք տեխնոլոգիական ոլորտի առումով գրավիչ երկրներին, տեսնում ենք, թե ինչքան անելիք ունենք: Շատ կուզեմ, որ մենք որպես պետություն մրցենք այդ առաջադեմ պետությունների հետ»,- ասաց նա: