Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները լրջորեն տուժել են արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով․ դոլարի արժեզրկումը հայկական ընկերություններին զրկել է նրանց երբևէ ունեցած գրեթե բոլոր առավելություններից։ Վերջին ամիսներին ընկերությունների մեծ մասը 20-25 տոկոսի վնաս է կրել, որոշ ընկերություններ առհասարակ փակվել են, իսկ այն ընկերությունները, որոնք, այդուհանդերձ, կարողանում են պահել իրենց գոյությունը, այսօր լրջագույն խնդիրների առաջ են կանգնած:

ՏՏ-ն և տնտեսական աճը Հայաստանում

ՏՏ ոլորտը, ըստ այս ոլորտի ներկայացուցիչների, մեծ դեր է խաղացել այս տարի Հայաստանում գրանցված տնտեսական աճի ձևավորման գործում։

«Եթե Հայաստանը բրենդավորված չլիներ որպես ՏՏ երկիր, ՏՏ հաբ, մենք այսօր չէինք ունենա Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից բազմաթիվ տեղափոխված ընկերություններ, քանի որ հենց նրանց շնորհիվ է տնտեսությունում նման աճ գրանցվել: Եթե հիմա չմիջամտենք, հաջորդ ասուլիսի ժամանակ գուցե ավելի քիչ մարդիկ այստեղ նստած լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը։

Սակայն այսօր, երբ ՏՏ ոլորտը դրամի արժեւորման պատճառով կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, կառավարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում երկրի զարգացման համար այդքան կարևոր ոլորտին օգնելու համար։

Բաղդասարյանի խոսքով, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դեռ հինգ ամիս առաջ են սկսել խոսել իրենց առջեւ ծառացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը ոչինչ չի արել։ Այս հինգ ամիսների ընթացքում իրավիճակը միայն վատացել է․ ընկերությունների մեծ մասը սկսել է վնասով աշխատել, փակվել է կամ սկսել է կրճատել անձնակազմը։

Նույնիսկ միակ նախագիծը, որը պետք է ինչ-որ կերպ օգներ ՏՏ ընկերություններին, չիրականացվեց. դրա շրջանակում նախատեսվում էր ՏՏ ոլորտում գործող ընկերություններին վերադարձնել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների եկամտահարկը։ Սակայն այս նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն։

Հայկական ստարտափները կտուժեն առաջիկա տարիներին

Հայաստանի տնտեսական աճի ապագան մեծապես կապված է նորաստեղծ ընկերությունների հետ, որոնք զարգանում և ներդրումներ են ներգրավում: SMART CLICK ընկերության հիմնադիր Ռեմ Դարբինյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարող է վնասել նաև ստարտափներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«20-րդ դարի վերջում ԱՄՆ-ում առաջին տասը տեղերն իրենց կապիտալիզացիայով գրավում էին հիմնականում ավանդական բիզնեսները, իսկ վերջին տասը տարիներին գրեթե բոլորը տեխնոլոգիական կազմակերպություններ են՝ Google, Facebook եւ այլն: Տեխնոլոգիական ընկերությունները շատ արագ են աճում, քանի որ մշտապես վենչուրային ընկերություններից գումարներ են ներգրավում։ 

Սովորաբար ստարտափները ներգրավում են այնքան գումար, որ իրենց հերիքի 1-2 տարի առաջ գնալու համար: Ստացվում է, որ այն հայկական ստարտափները, որոնք արդեն գումարներ ներգրավել էին եւ հաշվարկել էին, թե որտեղ իրենք կհասնեն երկու տարի հետ, խնդրի առաջ են կանգնում, որովհետեւ դոլարի փոխարժեքի անկման պատճառով 20 տոկոսով ավելի քիչ գումարներ են լինելու աշխատավարձի ֆոնդում: Դա հանգեցնելու է նրան, որ կա՛մ ստարտափները չեն հասնելու իրենց առջեւ դրված խնդիրներին, կա՛մ փակվելու են, կա՛մ իրենց գինը շուկայում ընկնելու է եւ չեն կարողանալու նոր գումարներ ներգրավել: Սա մեծ խնդիր է, որովհետեւ եթե մենք նայենք տեխնոլոգիական շուկային, մենք հորիզոնական աճելու շատ հնարավորություն չունենք: Հայկական ստարտափները մոտակա տարիներին շատ մեծ հարված են ստանալու դոլարի անկման պատճառով և շատ դժվար կլինի ավելացնել ստարտափների քանակը Հայաստանում»,- ասաց նա:

ՏՏ ոլորտը հարձակումից անցել է պաշտպանության

Երբ երկրում և ֆինանսական շուկայում իրավիճակն ավելի բարենպաստ էր, Հայաստանում ՏՏ ընկերությունները աճում էին, ընդլայնվում, նվաճում էին նոր շուկաներ, ներգրավում նոր մասնագետների, այդ թվում՝ սկսնակների։ Այժմ, ինչպես նշեց ESTEROX ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանը, այս ընկերությունների քաղաքականությունը փոխվել է՝ ակտիվ խաղի փոխարեն անցել են պաշտպանական դիրքի։

«Օրինակ, մենք ծավալվեցինք Գյումրիում, Ստեփանավանում: Անցած տարի մոտ 40 սկսնակ մասնագետների հետ ենք աշխատել, որոնց մի մասը մեզ մոտ է մնացել, մի մասը շուկա է դուրս եկել, իսկ հիմա արդեն ավելի պաշտպանողական ու պասիվ քաղաքականության ենք անցել: Նոր մարդիկ չենք կարողանում ներգրավել»,- ասաց նա։

Ադամյանը հիշեցրեց, որ որոշ ընկերություններ այսօր փակման եզրին են, կան նաև ընկերություններ, որոնք պահուստների հաշվին դեռ պահում են իրենց գոյությունը, բայց եթե խնդիրների այս փուլը ձգվի, նրանց պահուստներն այնքան շատ չեն, որ երկար ժամանակ բավարարեն։ Իսկ նման ընկերությունների փակումը մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը։

«Ես եմ մեղավոր»

Հաճախ հենց ՏՏ ընկերություններին են մեղադրում այն խնդիրների համար, որոնց դրանք բախվում են։

«Մեզ ասում են՝ ձեր ռիսկերը չեք գնահատել, բայց նույնիսկ այն կազմակերպությունները, որ այդ ռիսկերը գնահատել էին, ինչքա՞ն կարող են 25 տոկոս կորստով գոյատևել, այդ պահուստներն էլ հավերժ չեն»,- ասաց Ռեմ Դարբինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ՏՏ ընկերությունների մեծ մասն աշխատում է օտարերկրյա հաճախորդների հետ և վճարումներ ստանում արտարժույթով։ Ու քանի որ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 25%-ով, նույնքանով էլ նվազել են այս ընկերությունների եկամուտները։

«Եթե մենք նկատեինք, որ դրսից բերված ապրանքների գները Հայաստանում ընկնում են, միգուցե կարելի էր ասել՝ դոլարն ընկել է, ձեր կյանքն էլ լավացել է, քանի որ գներն իջել են, եկեք ձեր աշխատավարձերը կրճատենք: Բայց հակառակը, բոլոր ապրանքները թանկացել են: Այս դեպքում թիմակիցները ինչ-որ ժամանակ հետո գալիս ասում են՝ դե մեր աշխատավարձը վերանայեք, որովհետեւ մենք ավելի քիչ ապրանք ենք կարողանում գնել այդ գումարով»:

Իր հերթին DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշեց, որ եթե խնդիրը չլուծվի, շատ ընկերություններ ու մասնագետներ պարզապես կլքեն երկիրը։

«Նախկինում գործընկերները Հայաստանը դիտարկում էին որպես էժան աշխատուժ: Վերջին տասը տարում մենք կարողացանք այնպես անել, որ այդ գաղափարը նահանջեց եւ սկսվեց դիտարկվել, որ Հայաստանում բանիմաց, խնդիրներ լուծող մասնագետներ են:

ՏՏ մասնագետների աշխատավարձները գրեթե բոլոր երկրներում նման են իրար, եւ ՏՏ մասնագետի համար գտնվելու վայրը կապ չունի, աշխարհի ցանկացած կետից նա կարող է աշխատել: Վերջին տարիներին մենք շատ ընկերությունների բերեցինք հարկային դաշտ, հիմա ոչ մի բան չի խանգարում այդ մարդկանց այս պայմաններում կրկին դուրս գալ հարկային դաշտից, գնալ ֆրիլանս տարբերակի: Նաեւ իրենց ոչինչ չի խանգարում, որպեսզի արտագաղթեն Հայաստանից»,- ասաց Արսեն Բաղդասարյանը: