ԵՄ-ն խստացնում է Telegram-ի նկատմամբ վերահսկողությունը ծայրահեղական բովանդակության և բռնության քարոզչության դեմ պայքարի շրջանակում։ Telegram-ը պետք է իրավաբանական հարցերով ներկայացուցիչ նշանակի Եվրամիությունում (ԵՄ) մինչև 2024-ի փետրվարի 17-ը։ Այս պահանջը բխում է Թվային ծառայությունների մասին օրենքից (DSA), որն ուժի մեջ է մտել օգոստոսին և ուղղված է ծայրահեղական բովանդակության և սոցիալական ցանցերում բռնության քարոզչության դեմ պայքարին։

Եվրոպական հանձնաժողովն ընդլայնել է իր լիազորությունները թվային հարթակների վերահսկողության և դրանց հետ փոխգործակցության հարցերում։ Telegram-ն այժմ այն ​​հարթակների թվում է, որոնցից կպահանջվի խիստ վերահսկել իր օգտատերերի հրապարակած բովանդակությունը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Յոհաննես Բարկեն։

Այս օրենքը պահանջում է, որպեսզի սոցիալական ցանցերը լիակատար պատասխանատվություն կրեն օգտատերերի ստեղծած, տարածած բովանդակության համար, ներառյալ անօրինական տեղեկատվության հեռացումը, ինչպիսիք են ծայրահեղական բովանդակությունը կամ բռնության քարոզչությունը: Եթե չկատարվեն DSA-ի պահանջները, ապա դա կարող է հանգեցնել ֆինանսական լուրջ հետևանքների ընկերությունների համար. տուգանքները կարող են կազմել ընկերության ընդհանուր տարեկան շրջանառության մինչև 6%-ը, իսկ ծայրահեղ դեպքերում հարթակը կարող է արգելափակվել ԵՄ երկրներում:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փաստերի անկախ ստուգողների կողմից անվստահելի համարվող բովանդակության ավտոմատ հեռացմանը: Եվրահանձնաժողովը պահանջում է, որ եթե տվյալ տեղեկությունը համարվում է կեղծ, ապա ալգորիթմն այն ավտոմատ կերպով ջնջի։

Կարևոր է նշել, որ միայն Telegram-ը չէ, որ ենթարկվում է նման ճնշման։ Եվրահանձնաժողովն արդեն ուղարկել է առաջին բողոք-նամակները Meta-ին, X-ին (նախկինում՝ Twitter) և TikTok-ին՝ կապված Իսրայելի հակամարտության վերաբերյալ անօրինական բովանդակության տարածման հետ, ասել է Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը։