2023-ի երրորդ եռամսյակում PC համակարգիչների համաշխարհային վաճառքը նվազել է 9%-ով։ Համակարգիչների շուկան անկում է գրանցում արդեն ութերորդ եռամսյակն անընդմեջ, ասվում է Gartner վերլուծական ընկերության ուսումնասիրությունում։
Այս տարվա երրորդ եռամսյակում վաճառվել է ընդհանուր 64,3 միլիոն միավոր համակարգիչ, ինչը 6,3 միլիոնով պակաս է 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Lenovo-ն պահպանել է համաշխարհային շուկայում առաջատարի իր դերը՝ զբաղեցնելով շուկայի մասնաբաժնի 25,1%-ը և վաճառելով 16,1 մլն համակարգիչ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան HP-ն՝ շուկայի 21% մասնաբաժնով։ Ընկերությունը նշված ժամանակահատվածում վաճառել է և 13,5 մլն համակարգիչ։ Dell-ը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 16,1% շուկայական մասնաբաժնով և վաճառքի 10,3 մլն միավոր ցուցանիշով։
Համակարգիչների խոշորագույն արտադրողների շրջանում ամենակտրուկ անկումը գրանցել է Apple-ը. ընկերության համակարգիչների վաճառքը տարվա կտրվածքով նվազել է 24%-ով՝ հասնելով 6,2 միլիոն միավորի։ Apple-ի շուկայական մասնաբաժինը կազմել է 9,7%: Ընկերությանը հաջորդում են Asus-ը և Acer-ը՝ շուկայի 9,7% և 7,6% մասնաբաժիններով։ Այս ընկերություններն անցած տարի վաճառել են համապատասխանաբար 4,8 և 4,3 մլն PC համակարգիչներ։
Gartner-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ PC համակարգիչների շուկան շուտով դուրս կգա անկման այս փուլից և 2024-ին կաճի 4,9%-ով: Աճի հիմնական գործոններն են գալիք տոնական սեզոնը և վաճառքի ժամանակ արվող զեղչերը: Բացի դրանից, PC համակարգիչների պահանջին կխթանեն նաև ընկերությունները՝ դրանց սարքերը թարմացնելու անհրաժեշտության շնորհիվ։






