Huawei ընկերությունը բոլորի համար անսպասելիորեն ներկայացրել է Mate 60 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որն արբանյակային կապի աջակցություն է ստացել ոչ միայն SMS հաղորդագրություններ, այլ նաև ձայնային զանգեր ուղարկելու համար, հայտնում է Mobiltelefon կայքը։
Mate 60 Pro-ն ունի 6,82 դյույմանոց LTPO OLED էկրան՝ չորս կողմերում կլորացված դիզայնով, թարմացման մինչև 120 Հց և լայն իմպուլսային մոդուլացիայի 1440 Հց հաճախականությամբ։ Էկրանի մակերեսը պաշտպանված է դիմացկուն Kunlun Glass 2-ով:
Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 50 ՄՊ լուծաչափով օպտիկական կայունացմամբ (OIS) սենսոր է և f/1.4 - 4.0 փոփոխական բացվածքով: Տեսախցիկների շրջանաձև բլոկում կա նաև 12 ՄՊ գերլայնանկյուն մոդուլ և 48 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ OIS-ով և 3,5x օպտիկական խոշորացմամբ: 13 ՄՊ սելֆի տեսախցիկը թաքնված է iPhone-ի Dynamic Island-ի պես կտրվածքում, որտեղ տեղադրված է նաև 3D-ToF սկաներ դեմքի ճանաչման միջոցով սմարթֆոնն ապակողպելու համար։
Նորույթի կատարողական հնարավորությունների համար պատասխանատու է Kirin 9000s չիպը. Snapdragon 8 Gen 2-ի մասին բազմաթիվ լուրերը չեն հաստատվել: Նշվում է, որ Huawei չիպն աջակցում է միայն չորրորդ սերնդի ցանցերին։

Մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն և 88 Վտ լարային լիցքավորման աջակցություն, ինչպես նաև անլար և հակադարձ լիցքավորում՝ համապատասխանաբար 50 Վտ և 20 Վտ հզորությամբ:
Սմարթֆոնի մյուս առանձնահատկություններն են՝ IP68 ստանդարտով պաշտպանվածության առկայությունը, հետևի վահանակի երկու մասից բաղկացած անսովոր դիզայնը. ներքևի մասը մետաղից է և շրջանակի շարունակությունն է, իսկ վերին կեսը պատրաստված է ապակուց կամ էկո կաշվից՝ կախված գույնից։
Huawei Mate 60 Pro-ն արդեն վաճառքի է հանվել Չինաստանում 12/256 ԳԲ, 12/512 ԳԲ և 12/1024 ԳԲ տարբերակներով, սակայն այս պահին հայտնի է միայն միջին տարբերակի գինը՝ 7000 յուան (մոտ $960)։
Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, թե որոնք են 2023-ի առաջին կիսամյակի ամենավաճառվող սմարթֆոնները։ Տասը ամենավաճառվող հեռախոսներից հինգը Apple-ի արտադրության սարքերն են։






