Revytech-ը Հայաստանում հիմնադրված տեխնոլոգիական ընկերություն է, որը մատուցում է ծառայություններ IT ոլորտի ամբողջ ծածկույթով: Ընկերությունը SAP-ի բիզնես գործընկերն է Հայաստանում, վերջերս ստորագրել են համագործակցության պայմանագրեր SAP-ի եւ SAP Fioneer-ի հետ: Ընկերությունը նաև Hewlett Packard Enterprise-ի բիզնես գործընկերն է Հայաստանում, այս գործընկերության շրջանակում իրականացնում են տարբեր սերվերային սարքավորումների տեղադրում, կոնֆիգուրացում և այլն։ Revytech-ը նաև UiPath-ի պաշտոնական, ինչպես նաև ֆրանսիական Thales-ի գործընկերն է Հայաստանում։

Ընկերության տնօրեն Տիգրան Սիմոնյանն ասում է, որ մատակարարում են տվյալների կենտրոնների լուծումներ, սերվերներ, տարբեր ցանցային սարքավորումներ, ըստ էության, ստեղծելով տվյալների կառավարման կենտրոններ զրոյից, ինչպես նաեւ տրամադրում դրանց կառավարման ծառայություններ, IT գործառնությունների ծառայություններ:

«Մենք նաեւ հանդիսանում ենք աշխարհի առաջատար RPA հարթակի պաշտոնական գործընկերը Հայաստանում UI path-ի գործընկերը: Այս տեխնոլոգիայի միջոցով մենք օգնում ենք մեր գործընկերներին իրականացնել թվային աշխատուժի կոնցեպտը՝ ռոբոտացնելով տարբեր գործընթացներ», – ասում է նա:

Ի՞նչ է «թվային աշխատուժը»

Թվային աշխատուժը կոնցեպտ է, որը կրկնվող, ձանձրալի աշխատանքը, որն իրականացվում է մարդու կողմից, փոխարինվում է ծրագրային ռոբոտով: Այսինքն՝ ռոբոտը ամբողջությամբ իրականացնում է այն աշխատանքը, որն անում էր մարդը:

«Իսկ մարդը հնարավորություն է ստանում անել աշխատանք, որն արժեք է ստեղծում, որովհետեւ կրկնվող ձանձրալի աշխատանքն արժեք չի պարունակում: Ճիշտ է, դա անհրաժեշտություն է կազմակերպության համար, բայց, ըստ էության, դա այն գործառույթը չէ, որ մարդը պետք է իրականացնի», – ասում է նա:

Tigran Simonyan

Տեխնոլոգիաների զարգացումը բերում է փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինել

Տեխնոլոգիաների զարգացումը բերում է շատ փոփոխությունների եւ մարդիկ պետք է պատրաստ լինեն դրանց, ասում է Տիգրան Սիմոնյանը: Կլինեն որոշակի մասնագիտություններ, որոնք ժամանակի ընթացքում կվերանան, փոխարենը կառաջանան նորերը, դա մարդկության զարգացման ընթացքն է:

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց աշխատաշուկան փոխվում է: Այս տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս մեկ մարդու արդյունավետությունը բարձրացնել: Օրինակ, եթե մեկ մարդը ստեղծում է 500 դոլար, դու շատ աղքատ երկիր ես, բայց եթե մեկ մարդը ստեղծում է 20 000 դոլար արդյունք, դու լրիվ ուրիշ տնտեսություն ես ունենում:

Այսօր առանց տեխնոլոգիաների կիրառման դու չես կարող մեկ մարդու արդյունավետությունը բարձրացնել: Այստեղ մենք ընտրություն ունենք. մարդկային ռեսուրսը ամենակարեւոր բանն է, բայց այդ ռեսուրսն ի՞նչ է անում, ինչ-որ տեղ ինչ-որ բան է նայում ու գրո՞ւմ, թե՞ ավելի լուրջ մտավոր աշխատանք է անում, որն ավելի լուրջ արժեք է ստեղծում: Այստեղ որոշման հարց է, թե մենք ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ: Իսկ տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը բերում է նրան, որ դու պետք է այդ մարդկանց վերապատրաստես, լինեն նոր մասնագիտություններ, մարդկանց կրթես ու ստանաս ավելի բարձր որակավորման աշխատուժ: Սա իրականում ֆունդամենտալ հարց է», – ասում է նա:   

Ապագայի մասնագիտությունները

Խոսելով ապագայի մասնագիտություններից՝ Տիգրան Սիմոնյանը կարծում է, որ շատ կարեւոր են ինժեներական մասնագիտությունները, որոնք այսօր շատ մեծ պահանջարկ ունեն եւ ուղղորդում են տեխնոլոգիական աշխարհը՝ ծրագրավորում, արհեստական բանականություն, տվյալների վերլուծություն եւ այլն:

«Իհարկե, նաեւ շատ կարեւոր են ֆունդամենտալ գիտությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, շատ արդիական է կենսաբանությունը: Ինձ համար այս բոլորը մեկ շղթայի մեջ են, որովհետեւ այսօր այդ բոլոր ուղղությունները շատ լուրջ  տեխնոլոգիաներ են օգտագործում: Դասական, հին մոտեցումներն էլ են փոխվել։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը պետք է այս ուղղությամբ շարժվի», - նշում է նա:

Tigran Simonyan

SAP-ի եւ SAP Fioneer-ի հետ համագործակցության մասին

SAP-ի հետ համագործակցությունը Revytech-ին հնարավորություն է տալիս Հայաստան բերել SAP-ի ամբողջ տեխնոլոգիական ներուժը եւ տնտեսվարողներին առաջարկել աշխարհի առաջատար բիզնես լուծումներ, որոնք օգնում են ավտոմատացնել բիզնես գործընթացները, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել վերլուծության առաջադեմ գործիքներ՝ արհեստական բանականության, մեքենայակական ուսուցման եւ տարբեր գործիքակազմերով համալրված in memory computing պլատֆորմ (երբ բոլոր հաշվարկներն ամբողջությամբ արվում են համակարգչի հիշողության միջոցով): Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ սա լուրջ խթան կհանդիսանա հայկական ձեռնարկությունների, նաեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար:

«Մենք օգնում ենք բիզնեսին որպես SAP-ի գործընկեր ներդնել տվյալ լուծումները, առաջարկում ենք տեխնիկական ճարտարապետության լուծումներ, բիզնես գործընթացների տրանսֆորմացիա, այսինքն՝ զրոյից ներդնում ենք այս համակարգերը: SAP Fioneer-ը այն կազմակերպությունն է, որը ստեղծվել է SAP-ի կողմից իր ֆինանսաբանկային համակարգի լուծումները զարգացնելու համար: Ըստ էության, դա SAP-ի դուստր ընկերությունն է: Այս ուղղությամբ մենք ունենք շատ լուրջ նախաձեռնություն, որը կոչում ենք CLAS: Դա ամպային ծառայություն է լինելու, որն առաջարկելու է ինտեգրացված բանկային ծառայություններ եւ Cloud ERP համակարգ տնտեսվարողների համար»- ասում է նա:

Revytech-ի տնօրենի խոսքով՝ սա թույլ կտա ընդամենը գրանցման միջոցով ակտիվացնել բիզնեսի կառավարման ամբողջական միջավայրը՝ CRM, մարկետինգ, ֆինանսական համակարգ, ամբողջական CRM, որն ինտեգրացված է ամպային բանկային լուծումների հետ: Համակարգն ինտեգրված է նաեւ պետական տարբեր ծառայությունների հետ, նաեւ կարգավորողի հետ:

«Սա ինովացիոն լուծում է, աշխարհում նման լուծում գոյություն չունի, բայց լինելով փոքր երկիր, մենք հնարավորություն ունենք այստեղ, ըստ էության, թռիչք կատարել: Հիմա ակտիվ քննարկում ենք այս հարթակի ստեղծման նախաձեռնությունը ֆինանսաբանկային ոլորտի մեր գործընկերների հետ եւ հուսով ենք, որ այն կյանքի կկոչվի», - ասում է նա:

CLAS-ը՝ 180 երկիր արտահանման հնարավորություն

Տիգրան Սիմոնյանն ասում է, որ լինելով SAP-ի գործընկերը՝ հնարավորություն ունեն այս պրոդուկտներն ու ծառայությունները արտահանել աշխարհի 180-ից ավելի երկրների շուկաներ: Նման հնարավորություն ընձեռում է նաեւ CLAS պլատֆորմի ստեղծումը, որի նման ինտեգրացված մոդելներ աշխարհում չկան, կան միայն հատվածային լուծումներ։

«Այս գաղափարն իրոք նորարարական է, և հաջող իրականացման պարագայում վստահ եմ, որ մենք կարող ենք շատ արագ այս համակարգը նաև զարգացնել Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև ընդհանրապես պետությունների թվային տրանսֆորմացիան մարտահրավեր է ամբողջ աշխարհում, և այստեղ համակարգային լուծումները, որոնք ապացուցում են իրենց աշխատունակությունը, բավականին բարդ է ստեղծել, և ամբողջական նմանատիպ տրանսֆորմացիան շատ լուրջ օրինակ կլինի, որի մոդելին կարող են հետևել շատ երկրներ», – ասում է նա։

Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ այստեղ, այդուհանդերձ, կան բազմաթիվ մարտահրավերներ, որովհետև այս նախագծի շրջանակում իրենց խնդիրներից մեկն է նաև Հայաստան բերել հայփերսքեյլերներ՝ (hyperscalers) ամպային ծառայություններ, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Azure-ը, և SAP Fioneer-ի Cloud for Banking համակարգը հենված է հենց ամպային տեխնոլոգիաների վրա, որոնք տեղադրվում են հայփերսքեյլերների վրա։

«Իհարկե նման խաղացողների մուտքը հայկական շուկա մեր երկրի համար շատ լուրջ նշանակություն ունի։ Բայց այստեղ պետական և մասնավոր հատվածում լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք, որովհետև նման հսկաների հետաքրքրությունը շարժել մեր նման փոքր շուկայի համար գրեթե անհնար է մասնավոր ընկերության համար, դրա համար այստեղ մենք օգտագործում ենք մեր գործընկերների ամբողջ ներուժը, և հուսով ենք, որ այն նպատակը, որ դրել ենք, կստացվի»։

Նպաստել տնտեսության, տեխնոլոգիաների զարգացմանը

Տիգրան Սիմոնյանն ասում է, որ իրենք համագործակցում են աշխարհի առաջատար ընկերությունների հետ, որոնք իրենց ոլորտներում լավագույնն են և նրանց տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում, բնականաբար, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը, նպաստում թվային տնտեսության զարգացմանը և այլն։

«Մյուս կողմից դա մեզ հնարավորություն է տալիս մեր բոլոր ծառայություններն արտահանել այն երկրներ, որտեղ գործում են այս կազմակերպությունները։ Դա թույլ է տալիս պատրաստել նաև որակյալ աշխատուժ, որն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է, ովքեր ունակ են լուծել բարդ ինժեներական խնդիրներ։ Իսկ այս բոլոր համակարգերի ներդրումը մեր տնտեսության մեջ միանշանակ բարձրացնում է մեր տնտեսության մրցունակությունը և հնարավորություն տալիս ավելի մեծ արտահանման պոտենցիալ ունենալ», – ասում է նա։

Աշխատուժի խնդիրը

Revytech-ի տնօրենի խոսքով՝ աշխատուժի խնդիրը ընդհանրապես բնորոշ է ոլորտին, քանի որ կան բազմաթիվ թափուր հաստիքներ տեխնոլոգիական տարբեր մասնագիտությունների գծով, և շուկան շատ մրցակցային է, ինչը առաջացնում է բազմաթիվ դժվարություններ։

«Սակայն այն լուծումներն ու տեխնոլոգիաները և գործընկերները, որ մենք ունենք, մեզ բավականին մրցակցային առավելություն են տալիս տաղանդների ներգրավման համար, և մենք ինքներս նաև ներդրումներ ենք իրականացնում որակավորված աշխատուժի ստեղծման ուղղությամբ, որը մեզ թույլ կտա կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ապահովել մարդկային ռեսուրսի այն ներհոսքը, որը մենք ունենք։