12-ամյա Միքայել Բաղդասարյանը և Արեն Շահվերդյանը ցանկանում են ուսուցողական խաղեր ստեղծել, որոնց միջոցով և՛ երեխաները, և՛ մեծերը կկարողանան սովորել մաթեմատիկա և զարգացնել տրամաբանությունն ու ուշադրությունը։ Տղաներն առաջին աշակերտներից են, որոնք կուսանեն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ու VMWARE ընկերությունների աջակցությամբ մայիսի 22-ին Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ (ֆոտոռեպորտաժ)

Տղաներն արդեն մշակում են խաղ, որում մուլտֆիլմի հերոսը մաթեմատիկական հարցեր է տալիս, և երբ խաղացողը ճիշտ է պատասխանում, ստանում է միավորներ և կերպարի հավանությունը:

Armath-at-school-51-1.jpeg (78 KB)

Նրանք վստահ են, որ մեկ ամսից կկարողանան ինքնուրույն ավելի բարդ խաղեր ստեղծել։ Իսկ երբ մեծանան, կաշխատեն ավելի բարդ նախագծերի վրա, և ոչ միայն խաղային. Արենը, օրինակ, պլանավորում է անօդաչու թռչող սարքեր ստեղծել:

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, սա թվով 641-րդ լաբորատորիան է աշխարհում: Վրաստանում այսօր գործում է 11 «Արմաթ», մեկական լաբորատորիաներ՝ Փարիզում, Լոս Անջելեսում, Քուվեյթում, Բանգլադեշում, երեքը՝ Հնդկաստանում, մնացած բոլորը՝ Հայաստանում և Արցախում: Հայաստանի տարբեր քաղաքներում նաև անօդաչու թռչող սարքերի 14 լաբորատորիա է գործում: Բոլոր լաբորատորիաներում միասին այսօր 10-17 տարեկան մոտ 17,500 երեխա է սովորում:  

«Արմաթ» լաբորատորիաներում աշակերտների համար անվճար ուսուցումը, ըստ Վարդանյանի, իրականացվում է երեք հիմնական ուղղությունով.

  • Ծրագրավորման հիմունքներ (կրտսեր տարիքի աշակերտները սովորում են «Աղվես» և «Կրիա» համակարգչային լեզուներ, որոնց օգնությամբ նրանք կարող են ստեղծել ոչ միայն խաղեր և գրել տարբեր ծրագրեր, այլ նաև ծրագրավորել ռոբոտներ: Իսկ ավելի մեծերն արդեն սովորում են պրոֆեսիոնալ ծրագրավորման լեզուներ)։
  • Ռոբոտաշինություն, ինժեներական հմտություններ: Ծրագրավորման հիմունքների իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս ստեղծել և ծրագրավորել ռոբոտներ, որոնք կարող են լուծել կոնկրետ խնդիրներ։
  • Եռաչափ մոդելավորում, որի մասնագետները մոտ ապագայում, Վարդանյանի խոսքով, շատ մեծ պահանջարկ են ունենալու:

Քսանմեկամյա Դավիթ Բադալյանն այն ուսուցիչներից է, որը երեխաների հետ կաշխատի նորաբաց «Արմաթ» լաբորատորիայում։ Նա ինքը հինգ տարի սովորել է նման լաբորատորիայում, հիմա էլ սովորում է Պոլիտեխնիկական համալսարանում ու նախատեսում է թռչող սարքերի գծով ինժեներ դառնալ։

Armath-at-school-51-2.jpeg (89 KB)

NEWS.am Tech-ի հետ զրույցում նա ցույց տվեց «Սերոբ» անունով ռոբոտը, որը ստեղծել են խմբակի 8-9-րդ դասարանցիները։ Ռոբոտն ունի սենսորներ, որոնց օգնությամբ «տեսնում» է իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները, շրջանցում դրանք ու շարունակում ճանապարհը դեպի այլ ուղղությամբ, որտեղ խոչընդոտներ չկան։ Տեխնոլոգիան, որը տղաներն օգտագործել են այս ռոբոտում, կարող է կիրառվել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էլեկտրական մեքենաների մշակման համար։

Armath-at-school-51-3.jpeg (85 KB)

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, ելույթ ունենալով նոր լաբորատորիայի բացմանը նվիրված միջոցառմանը, նշեց, որ «Արմաթ»-ում սովորելը երեխաներին հնարավորություն կտա ձեռք բերել մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում. 2025-ից սկսած՝ ՏՏ համայնքը ամեն տարի 5000 նոր ինժեների կարիք է ունենալու:

Սակայն նա խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել, որ աշխարհն այնքան արագ է զարգանում, որ այն մասնագիտությունները, որոնք այժմ ակտուալ են, ամենայն հավանականությամբ, այլևս ակտուալ չեն լինի, երբ այսօրվա երեխաները մեծանան ու մասնագետ դառնան։ Ուստի, ըստ նրա, նպատակահարմար է ոչ թե կենտրոնանալ կոնկրետ նեղ մասնագիտությունների վրա, այլ ստանալ բազային լավ կրթություն, սովորել մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն և այլ առարկաներ, քանի որ մասնագիտությունների հիմքը չի փոխվի, կփոխվեն միայն կիրառվող գործիքները և նեղը մասնագիտացումները։

Միաժամանակ Կարապետյանը խորհուրդ չի տալիս մոռանալ հումանիտար գիտությունների մասին և կենտրոնանալ միայն տեխնիկականի վրա։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում համաչափ զարգանալը նույնպես շատ կարևոր է, ուստի մաթեմատիկայի և ֆիզիկայի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև լեզուներ և պատմություն սովորել։

Armath-at-school-51-4.jpeg (110 KB)

«Այդ ամեն ինչը համակարգի մեջ է: Մենք՝ մարդիկ, սիրում ենք համակարգել ամեն ինչ: Դպրոցը համակարգ է, պետությունը համակարգ է, այլապես մենք ուղղակի կլինենք մարդիկ, որոնք ապրում են այս տարածքում: «Արմաթ»-ում դուք կսովորեք համակարգային մտածողություն, որը ձեզ կօգնի նաև խորանալ լեզուների և այլ առարկաների մեջ»,- ասաց նա:

Իհարկե, պարտադիր չէ, որ «Արմաթ» լաբորատորիաներում սովորող երեխաներն անպայման ծրագրավորող կամ ինժեներ դառնան։ Շատերն ընտրում են այլ մասնագիտություններ՝ բժիշկ, տնտեսագետ և այլն։ Կրթությունը, սակայն, նրանց տալիս է ժամանակակից տեխնոլոգիաների լավ իմացություն, որոնք այսօր կարևոր դեր են խաղում կյանքի բոլոր ոլորտներում։ Ավելին, այն օգնում է կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր հերթին շեշտեց հանրակրթության ոլորտի կարևորությունը։ Նրա խոսքով՝ հենց դրանից է կախված բարձրագույն կրթության հաջողությունը: «Արմաթ»-ում սովորելը, ռեկտորի խոսքով, երեխաներին հնարավորություն կտա մրցունակ մասնագետներ դառնալ, քաղաքացիներ, որոնք կարող են Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում:

«Ձեր նպատակը Հայաստանը չէ, ձեր նպատակը Արաբկիրի վարչական շրջանը չէ: Ձեր նպատակը աշխարհում Հայաստանի Հանրապետության քարտեզը տեսանելի դարձնելն է»,- ասաց նա:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանն իր հերթին հույս հայտնեց, որ այսպիսի կրթությունը հասանելի կդառնա Հայաստանի յուրաքանչյուր աշակերտի՝ բոլոր քաղաքների և գյուղերի դպրոցներում, որպեսզի նրանք հետագայում կարողանան երկրի համար շատ ավելի լավ ապագա կերտել: 

«Ես շատ ուրախ եմ, որ ընկերությունը կարողացել է իր ներդրումն ունենալ այս գեղեցիկ նախաձեռնության մեջ»,- նշեց Հարությունյանը:

Armath-at-school-51-5.jpeg (85 KB)

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը, դպրոցը 1949-ին է հիմնադրվել և 2000-ից կրում է գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունը: Այսօր դպրոցում սովորում է 1200 աշակերտ, որոնցից ավելի քան 100-ն արդեն հերթագրվել են և «Արմաթ»-ում սովորելու ցանկություն հայտնել: Այս լաբորատորիայում, սակայն, կարող են սովորել ոչ միայն այս, այլ նաև հարակից կրթական հաստատությունների սաները: 

Ղասաբօղլյանի խոսքով՝ լաբորատորիան աշխատելու է շաբաթը վեց օր, օրական երկու խումբ՝ բաղկացած 25-35 աշակերտից: Դա նշանակում է, որ ծրագրում մոտ 120 աշակերտ հնարավոր կլինի ընդգրկել: