Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը վերջին տարիների ընթացքում շատ է փոխել ապահովագրության ոլորտը: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն արդեն 20 տարի ապահովագրության ոլորտում է աշխատում եւ կարող է հաստատել դա:
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում այս ոլորտում փոխվել է գրեթե ամեն ինչ, բացառությամբ ամենակարեւորի. այս բիզնեսի կենտրոնում շարունակում է մնալ հաճախորդը, եւ բոլոր գործողություններն ու գործընթացները հաճախորդի շուրջ են կառուցվում:
Թվային տեխնոլոգիաներն ու ապահովագրությունը
Ժամանակին ապահովագրության մասնագետները ամեն ինչ ձեռքով թղթի վրա էին գրում, հետո նրանց կյանքում հայտնվեց Excel-ը, հետո՝ մի շարք այլ համակարգեր, որոնք ավելի հեշտացնում եւ արագացնում էին նրանց աշխատանքը: Այսօր այս ոլորտում արդեն ներդրվում են էլ ավելի նոր տեխնոլոգիաներ՝ մեծաթիվ գործողություններն ու գործառույթները ավտոմատացնելու եւ պարզեցնելու համար:
«Մենք, լինելով բավականին ավանդական բիզնես մոդել, վերջին 20 տարին էվոլյուցիոն զարգացումից անցել ենք ռեվոլյուցիոն զարգացման, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում», - նշեց մասնագետը։
Քովիդի համավարակը դարձավ եւս մեկ խթան՝ ապահովագրության ոլորտը էլ ավելի զարգացնելու եւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար: Լոքդաունների ժամանակ կարիք զգացվեց ներդնելու առցանց ծառայությունների համակարգ, ինչի շնորհիվ շատերը առանց տնից դուրս գալու կարող են ծառայություններ ձեռք բերել կամ դիմումներ լրացնել: Այս համակարգը կարճ ժամանակում սկսեց մեծ ժողովրդականություն վայելել, ընդ որում ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Եւ այն մինչ օրս շարունակվում է ակտիվորեն կիրառվել:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, Մելիքսեթյանի խոսքով, այժմ սկսել է համագործակցել SAP ընկերության հետ, որը բազմաթիվ ոլորտների թվային տրանսֆորմացիա է առաջարկում:
«Մենք կարծում ենք, որ այս համագործակցությունը համապատասխանում է մեր այսօրվա պահանջներին, քանի որ բոլոր ուղիներով կարող ենք կապվել մեր հաճախորդի հետ՝ պարզելու ըստ իր վարքագծի կամ դինամիկայի՝ ինչ յուրօրինակ և ընդգծված պրոդուկտ է պետք ամեն հաճախորդին, և որքանով է կոնկրետ հաճախորդի համար արդար նրա վճարած ապահովագրավճարը», - նշեց Մելիքսեթյանը։
Ըստ նրա՝ արդեն իսկ ակներեւ է, որ SAP համակարգի ներդրումը իրոք բարձրացրել է աշխատանքի արդյունավետությունը առաջին հերթին հաճախորդների, բայց նաեւ կառավարման համար՝ պրոցեսների ավտոմատացման արդյունքում ժամանակի կրճատման և դրանց օգտագործմամբ հաճախորդի եւ ընկերության կապի շնորհիվ։

ԱՊՊԱ եւ ոչ ԱՊՊԱ
Արևշատ Մելիքսեթյանի խոսքով՝ ապահովագրության ոլորտը Հայաստանում կարելի է բաժանել երկու մասի՝ ԱՊՊԱ համակարգ և այլ համակարգեր։
«ԱՊՊԱ համակարգի համար մենք ունենք պետական ծրագիր, որը սպասարկում է ամբողջ ապահովագրական համակարգը եւ ներառում է բոլոր մեքենաները, բոլոր տվյալները, որոնց հիման վրա մենք եւ պայմանագրերն ենք թողարկում, եւ հատուցումներն ենք կարգավորում, եւ ապահովագրական ընկերություններով իրար մեջ մեր փոխհարաբերություններն ենք կարգավորում:
Այլ՝ ոչ ԱՊՊԱ համակարգերի համար բոլոր ապահովագրական ընկերություններն ունեն թվային օպերացիոն համակարգ, որի վրա ամեն ընկերություն իր ռազմավարությամբ կառուցում է իր լուծումները»։
Ապահովագրությունը՝ մոտ ապագայում
Հայաստանը, Մելիքսեթյանի կարծիքով, մի փոքր հետ է մնում զարգացած երկրներից՝ տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից: Բայց սա նաեւ դրական կողմ ունի. մենք կարող ենք վերցնել եւ ներդնել այլ երկրների հաջողված փորձը:
Չինաստանում, օրինակ, կա մի շատ խոշոր ապահովագրական ընկերություն, որի պորտֆելի 70 տոկոսը մեքենաների ապահովագրությունն է: Երբ ՃՏՊ է լինում, ապահովագրված անձը կարող է լրացնել իր տվյալները օնլայն՝ հավելվածի միջոցով, եւ ընդամենը 30 վայրկյանից գումարը արդեն փոխանցվում է ապահովագրականի կողմից:

Նման մոտեցումների եւ նման արագության են ձգում նաեւ հայաստանյան ապահովագրական ընկերությունները:
Արևշատ Մելիքսեթյանի խոսքով, ապահովագրական դեպքերի 80 տոկոսը դեպքում խոսքը փոքր գումարների մասին է, եւ այդ դեպքերը կարող են արագացված կարգով կարգավորվել: Ավելին, նման դեպքերը հնարավոր է ընդհանրապես ավտոմատացնել, եւ հաճախորդի սպասարկումը կազմակերպել օնլայն կարգով եւ շատ արագ, ինչպես Չինաստանում:
Նույն մոտեցումները, ըստ նրա, կարելի է կիրառել նաեւ առողջության ապահովագրության ոլորտում՝ ամեն ինչ շատ ավելի պարզ ու արագ դարձնելով:
«Մենք աշխատում ենք լինել Հայաստանի ապահովագրական ոլորտում նորարարությունների առաջամարտիկը, նաև այն տեսանկյունից, որ մեր գործընկերները համաշխարհային մակարդակի ապահովագրական ընկերություններն են։ Մենք նաև խթանում ենք մեր աշխատակիցների կրթությունը արտերկրի լավագույն համալսարաններում»:
Ինչպես նշեց Մելիքսեթյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն այժմ նաեւ հեռաբժշկության ոլորտն է փորձարկում, որպեսզի հաճախորդը, եթե, օրինակ, թերապեւտի կոնսուլտացիայի կամ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության կարիք ունենա, կարողանա պայմանավորվել եւ հեռախոսով մասնագետի հետ խոսել եւ ժամանակ խնայել:
Մեկ այլ հետաքրքիր նախագծի շրջանակում ընկերությունը պայմանագիր է կնքել հոգեկան առողջության ոլորտում հեռաբժշկության ծառայություններ կազմակերպող լատվիական մի ընկերության հետ: Համագործակցության շրջանակում հայաստանցիները եւս կկարողանան օնլայն խոսել հոգեկան առողջության մասնագետի հետ՝ անգլերեն կամ ռուսերեն: Հայերեն խոսող մասնագետները համակարգում դեռ քիչ են, բայց պահանջարկի աճի հետ մեկտեղ նրանց թիվն էլ կաճի:

Առողջության պարտադիր ապահովագրության ազդեցությունը շուկայի և ընկերությունների վրա
Արևշատ Մելիքսեթյանի կարծիքով, առողջության պարտադիր ապահովագրության սխալ ներդրման դեպքում համակարգը չի աշխատելու: Իսկ այն ճիշտ ներդնելու համար պետք է սկսել ոլորտի թվայնացումից, ինչը կօգնի վիճակագրական ավելի ճշգրիտ տվյալներ ունենալ:
Նման փորձ, մասնագետի խոսքով, արդեն ունեցել ենք ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ։
«Քանի թվայնացված չէինք պայմանագրերը կնքում, տեղի էին ունենում խարդախություններ, և սխալ վիճակագրություն էր վարվում։ Առողջության ապահովագրությունն անհրաժեշտ է բոլոր առողջ հասարակություններին, իսկ պետությանը պետք է առողջ հասարակություն։ Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է քաղաքական կամք և ճիշտ մասնագիտական խումբ», - նշեց Մելիքսեթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:






