«Այգ-1» արեւային կայանի արտադրած էլեկտրաէներգիան կարժենա 2,9 ցենտ (շուրջ 11 դրամ) 1 ԿՎտ-ի համար, ինչը էներգետիկ ճգնաժամի պայմաններում ֆենոմենալ գին է։ Այս մասին Գլոբալ Ինովացիոն ֆորում 2022-ի (GIF22) շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ծրագիրն իրականացնող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

ANIF-ի շնորհիվ Հայաստանում ներդրվել է 214 մլն դոլար

Փափազյանի խոսքով՝ ANIF-ի շնորհիվ Հայաստանում մինչեւ 2022-ի մայիսը ներդրվել է 214 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքիր է, որ այդ գումարի միայն 9%-ն է ներդրել Հայաստանի կառավարությունը, իսկ հիմնական մասը օտարերկրյա ներդրումներ են:

ANIF-ի նախագծերը. Fly Arna

«Ազգային փոխադրող «Fly Arna»-ն, որը մենք 4 ամիս առաջ ստեղծեցինք «Air Arabia» խմբի հետ, այսօր Հայաստանում նոր նշաձող է սահմանել թե՛ որակի, թե՛ վերաբերմունքի, թե՛ մշակույթի առումով: Մենք կենտրոնանում ենք նրա վրա, որ մարդիկ տեսնեն, թե ինչի համար են վճարել, այսինքն՝ գոհ լինեն այն ծառայությունից, որը գնում են», - ասաց Դավիթ Փափազյանը:

David-Papazyan-1.jpg (77 KB)

Նա նշեց, որ Ամանորից առաջ կամ հաջորդ տարվա սկզբին կազմակերպությունը կհայտարարի, թե երբ է պլանավորվում նաեւ եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնել.

«Այսօր մենք առաջին հերթին աշխատում ենք Ռուսաստանի ուղղությամբ։ Հայտնի է, որ 2 մլն-ից ավելի հայեր բնակվում են Ռուսաստանում և տեղի ունեցող բարդությունների հետ կապված ուղևորահոսքը մեծացել է: Մենք նաեւ աշխատում ենք Եգիպտոսի հետ, շուտով կսկսենք թռիչքներ դեպի Քուվեյթ, ինչպես նաև դիտարկում ենք այլ շուկաներ Միջին Արևելքում»:

ANIF-ի նախագծերը. Hard Rock Cafe

Անդրադառնալով Երեւանում Hard Rock Cafe-ի ստեղծմանը՝ Փափազյանը նշեց, որ սրճարանը Հայաստան է բերել նոր որակ.

«Եթե չմասնակցեինք, կարող է՝ նախագիծը արվեր կամ չարվեր: Իսկ այս սրճարանների ցանցի կայանալը ստեղծում է նոր նշաձող մնացած բոլորի համար, որովհետեւ նրանք իրենց մշակույթով, կարգապահությամբ, մոտեցումներով են գալիս, որ ոչ ոք Հայաստանում սրանից առաջ չուներ»:

David-Papazyan-2.jpg (122 KB)

ANIF-ի նախագծերը. «Այգ-1»

«Այգ-1» արեւային կայանի կառուցումը, ըստ Փափազյանի, ANIF-ի ամենակարեւոր ծրագիրն է․

«Այն որպես պետության էներգետիկ անվտանգության բաղադրիչ է հանդես գալու, քանի որ խոսքը Հայաստանում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 7%-ի մասին է»:

Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ արևային կայանն ամբողջությամբ, նույնիսկ պանելները եւ տարածքը Հայաստանում են, իսկ հողը պատկանում է պետական ֆոնդին: Միաժամանակ էներգիայի արտադրությունը այս կայանում որևէ բացասական ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի վրա, քանի որ այն հողը, որի վրա կառուցվելու են պանելները, ոչ մի այլ բանի համար պիտանի չէ:

Կայանի արտադրած էլեկտրաէներգիան կարժենա 2,9 ցենտ (շուրջ 11 դրամ) 1 ԿՎտ-ի համար, ինչը, Փափազյանի խոսքով, այսօրվա գնաճային իրականության, էներգետիկ ճգնաժամի մեջ ֆենոմենալ գին է:

«Գինը Հայաստանի համար ֆիքսած է 20 տարվա համար: Դա նշանակում է, որ մենք փաստաթղթավորել ենք մի կարեւորագույն պրոդուկտ՝ էլեկտրականություն, որը 2024-2044 թվականներին Հայաստանը երաշխավորված ստանալու է Արագածոտնի մարզից մի գնով, որն այսօր անհնար է ստանալ», - ասաց Դավիթ Փափազյանը:

Նա ավելացրեց, որ կայանի շինարարությունը կսկսվի այս տարվա հուլիսից։

«Կայանը կսկսի գործել 2024-ի հոկտեմբերից: Սա ամենամեծ արեւային կայանն է լինելու տարածաշրջանում: Հուսամ՝ մենք կկարողանանք կառուցել նմանատիպ չափերի երկրորդ կայանը: Դա հիմա քննարկման փուլում է», - ասաց ANIF-ի տնօրենը:

Դավիթ Փափազյանը նաև տեղեկացրեց, որ երկու ամսվա ընթացքում ANIF-ը կհայտարարի ամբողջովին առցանց ArFi ներդրումային հարթակի թողարկման մասին: