ChatGPT-ի գլխավոր մրցակիցը․ Google-ը Bard անունով չատբոտ է գործարկում

14:35    7 փետրվարի, 2023

Google-ը արհեստական բանականությամբ (ԱԲ) և Bard անունով չատբոտ է գործարկում, որը կդառնա OpenAI ընկերության՝ այսօր այդքան հայտնի դարձած ChatGPT-ի գլխավոր մրցակիցը։ Սկզբում Bard-ը հասանելի կլինի միայն մի խումբ թեստավորողների համար, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում այն ​​կներկայացվի լայն հանրությանը։

Bard-ը կառուցված է լեզվական մեծ մոդելի վրա, որը կոչվում է Language Model for Dialogue Applications (LaMDA): Այս մոդելի պատասխանները երբեմն այնքան բնորոշ են մարդու տված պատասխաններին, որ ոմանց կարող է թվալ, թե իրենց պատասխանում է մարդը։ Սկզբում չատբոտը կաշխատի LaMDA-ի «թեթև» տարբերակով, որն ավելի քիչ էներգիա է պահանջում, որպեսզի միաժամանակ ավելի շատ մարդիկ կարողանան օգտագործել այն:

ԱԲ-ով աշխատող չատբոտերը նախատեսված են հարցերին պատասխանելու և տեղեկություն փնտրելու համար, և որպես գիտելիքի հսկայական բազա դրանք օգտագործում են համացանցում առկա տվյալները (և դա կարող է խնդիր լինել, քանի որ համացանցում շատ ապատեղեկատվություն կա, իսկ ԱԲ-ն դեռևս չի կարողանում տարբերակել այն ճշմարիտ, ստուգված և ադեկվատ տվյալներից):

«Bard-ը հավատարիմ է համաշխարհային գիտելիքների ողջ սպեկտրը համադրելուն՝ մեր լեզվական մեծ մոդելների հզորության, բանականության և ստեղծագործականության օգնությամբ»,- իր բլոգում գրել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։

Ըստ նրա՝ Google-ի ԱԲ-ով աշխատող ծառայությունները պետք է լինեն «համարձակ և պատասխանատու»։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Bard-ը չի կարող կիսվել վնասակար բովանդակությամբ կամ ապատեղեկատվությամբ: Պիչայը ոչինչ չի ասում այս մասին։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Google-ը Bard-ի ստեղծման վերաբերյալ հայտարարությունն անում է բազմաթիվ լուրերից հետո այն մասին, որ Microsoft-ը, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերությունում, պատրաստվում է ChatGPT-ը ներդնել իր Bing որոնողական համակարգում:

ChatGPT-ն կարող է պատասխանել հարցերի և հարցումներ կատարել տեքստային ձևաչափով՝ մինչև 2021 թ․ համացանցում հայտնաբերած տեղեկությունների հիման վրա: Այս ԱԲ-ն կարող է գեներացնել ելույթներ, երգեր, գովազդներ, լրատվական հոդվածներ և ուսանողական էսսեներ: Այն նույնիսկ հաջողությամբ հանձնել է ավարտական ​​քննությունը աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկում և խաբել HR մասնագետներին՝ գրելով աշխատանքի դիմում և թեստային առաջադրանքը կատարելով ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը: Չատբոտը նաև օգտագործվել է դիպլոմային աշխատանք գրելու համար, իսկ Կոլումբիայում մի դատավոր ChatGPT-ն օգտագործել է վիճելի գործով վճիռ կայացնելու համար։

Սակայն, չնայած այս ամենին, չատբոտի հիմնական առաջադրանքն է օգտատիրոջ տված հարցին տալ մեկ վերջնական պատասխան համացանցում որոնում անելու միջոցով, ինչպես նաև փոխարինել շատ կայքեր այցելելու գործընթացին։

Ըստ Սունդար Պիչայի՝ այսօր մարդիկ Google որոնողական համակարգն օգտագործում են ավելի բարդ հարցեր տալու համար, քան նախկինում։ Օրինակ՝ նախկինում դաշնամուրի վերաբերյալ հարցը կարող էր լինել այն մասին, թե քանի ստեղն ունի այն: ԱԲ-ն հեշտությամբ կարող է պատասխանել նման հարցին։ Սակայն հիմա մարդիկ ավելի բարդ հարցեր են տալիս, օրինակ՝ ո՞րն է ավելի դժվար նվագել՝ դաշնամո՞ւրը, թե կիթառը: Արհեստական ​​բանականությունն այդքան հեշտ չի կարող պատասխանել նման հարցի։

«Նման պահերին արհեստական ​բանականությունը կարող է օգտակար լինել՝ առաջարկելով գաղափարներ ի պատասխան բարդ հարցերի, որոնց համար մեկ ճիշտ պատասխան չկա»,- գրել է Պիչայը:

Google-ը նախատեսում է ԱԲ գործիքներ ներդնել իր որոնողական համակարգում, և ըստ Pichai-ի, մենք շուտով որոնողական համակարգում կարող ենք տեսնել նոր գործառույթներ, որոնք բարդ տեղեկությունը և տարբեր տեսակետները փոխակերպում են ընկալելի ձևաչափերի, ինչը կօգնի հեշտ ու արագ հասկանալ ընդհանուր պատկերը: 



© NEWS.am Medicine