Meta-ն հրաժարվել է խելացի ժամացույցի մշակման նախագծից, որը կարող էր մրցել Apple Watch-ի հետ

16:30    15 նոյեմբերի, 2022

Meta կորպորացիան չեղարկել է խելացի ժամացույցի մշակման նախագիծը, որը պետք է ունենար առողջության մոնիտորինգի բազմաթիվ հնարավորություններ և կարող էր մրցել հանրահայտ Apple Watch-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է Macrumors պարբերականը, կորպորացիան վերջերս աշխատակիցներին ասել է, որ ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում դադարեցվում է խելացի ժամացույցի նախագծի վրա աշխատանքը, ավելին՝ ընկերությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Ըստ Meta ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն և Meta Reality Labs-ի ղեկավար Էնդրյու Բոսվորտի (Andrew Bosworth)՝ խելացի ժամացույցների մշակմամբ զբաղվող թիմն այժմ կաշխատի լրացված իրականության սարքի վրա:

Այն մասին, որ Meta-ն նախատեսում է խելացի ժամացույցներ ստեղծել, առաջին անգամ խոսվեց 2021 թ․ սկզբին։ Ըստ լուրերի՝ ժամացույցը պետք է ունենար երկու տեսախցիկ՝ դիմացի, որը տեսազանգերի համար էր լինելու, և հիմնական, որով կարելի էր անել լուսանկարներ և տեսանյութեր, այնուհետև դրանք տարածել Meta-ի սոցցանցերում՝ Facebook, Instagram և WhatsApp։ Ավելին՝ նախատեսվում էր, որ eSIM-ի քարտի միջոցով ժամացույցը կունենա նաև բջջային կապ, որպեսզի կարողանա աշխատել առանց սմարթֆոնի հետ զուգակցվելու:

Սակայն այժմ փաստորեն պարզվում է, որ այս նախագծի աշխատանքները դադարեցվել են։ Meta-ն նաև հրաժարվել է Portal խելացի էկրաններ ստեղծելու նախագծից։

Վերջերս Meta կորպորացիայում գործերն այնքան էլ լավ չեն: Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է աշխատանքից հեռացնել 11,000 աշխատակցի՝ կորպորացիայի աշխատուժի մոտ 13%-ը, ինչը, ըստ լրատվամիջոցների, կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումը կլինի։ Բացի դրանից, մինչև 2023 թ․ առաջին եռամսյակը ընկերությունը կդադարեցնի նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելու գործընթացը։

Meta Platforms-ի ունեցած խնդիրների ամենաակնառու պատճառներից մեկը մետավերսն է, որն իրեն չի արդարացնում ինչպես դրանից ընկերության ունեցած ակնկալիքների, այնպես էլ այս նախագծում արված ներդրումների առումով։ Օգտատերերին առանձնապես չի գրավում այս նախագիծը, թեև ընկերությունը 2019-ից ի վեր այստեղ մոտ 36 միլիարդ դոլար է ներդրել։

Խնդիրների են հանգեցրել նաև շուկայում առկա խիստ մրցակցությունը, նոր օգտատերերի թվի աճի դանդաղումը և տնտեսական իրավիճակն աշխարհում։



© NEWS.am Medicine