Meta-ի պատմության ամենախոշոր կրճատումը. Ցուկերբերգը նախատեսում է 11,000 մարդու ազատել աշխատանքից

16:49    9 նոյեմբերի, 2022

Meta Platforms ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից ազատել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սա կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումն է։

Ավելին, մինչև 2023 թ․ առաջին եռամսյակը կորպորացիան կդադարեցնի նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը, հայտնում է Bloomberg-ը։

Կրճատումները կվերաբերեն առաջին հերթին մարդկային ռեսուրսների բաժինների և բիզնես կառույցների աշխատակիցներին: Ընկերությունը ցանկանում է նաև կրճատել անշարժ գույքի և ենթակառուցվածքների ծախսերը:

Նոյեմբերի 9-ից Meta-ում նախատեսվող խոշոր կրճատումների մասին հաղորդվել էր ավելի վաղ։

Այս բոլոր միջոցառումները միանգամայն կանխատեսելի էին այն խնդիրների ֆոնին, որոնց կորպորացիան բախվել է վերջին ամիսներին։ Այդ խնդիրների ամենաակնառու պատճառներից մեկը մետավերսն է, որը չի արդարացնում ակնկալիքները և չի գրավում նոր օգտվողների։ Ընդորում, կորպորացիան հսկայական գումարներ է ծախսում դրա վրա․ մետավերսի հետ կապված հետազոտություններում և մշակումներում 2019-ից ի վեր արդեն 36 միլիարդ դոլար է ներդրվել։

Ոլորտում առկա մեծ մրցակցությունը, նոր օգտատերերի թվի դանդաղ աճը և շուկայում առկա այլ խնդիրները հանգեցրել են նրան, որ ընկերության բաժնետոմսերի գինը զգալիորեն նվազել է. այսօր դրանք վաճառվում են մոտ 70%-ով ավելի էժան, քան այս տարվա հունվարին։

Որոշ փորձագետների կարծիքով, եթե իրավիճակը չփոխվի, Meta-ն շուտով կկորցնի իր առաջատար դիրքը և կվերածվի սովորական ՏՏ ընկերության։



© NEWS.am Medicine