Meta-ն Facebook-ում և Instagram-ում գործարկում է վճարովի վերիֆիկացիա. այն կարժենա ամսական $12-15

20 մարտի, 2023  14:35

Մարտի 20-ից Meta ընկերությունը Facebook-ում և Instagram-ում (դեռ միայն ԱՄՆ-ում) գործարկում է վերիֆիկացիայի և կապույտ ստուգանիշի տրամադրման վճարովի ծառայություն: Այս մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրել է Instagram-ի իր էջում։

Նախագիծը կոչվում է Meta Verified, և դրա շրջանակում ստուգված հաշվի համար օգտատերերն ստիպված կլինեն վճարել ամսական 12 դոլար: Եթե, այնուամենայնիվ, որոշեն վճարել App Store-ի և Google Play-ի միջոցով, ապա գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս խանութներն իրենց հերթին միջնորդավճար են գանձում։

Ինչպես տեղեկացնում է Engadget.com-ը, կապույտ ստուգանիշի և վերֆիկացիայի հետ միասին օգտատերերը կստանան յուրօրինակ սթիքերներ Stories և Reels բաժինների համար, ինչպես նաև աստղեր, որոնք կարող են օգտագործել Facebook-ում իրենց սիրելի հեղինակներին պարգևատրելու համար:

Ընդորում, ոչ բոլորը կարող են վճարովի բաժանորդագրություն ստանալ: Դա անելու համար օգտատերերը պետք է բավարարեն մի շարք չափանիշների.

  • Պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
  • Պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը:
  • Օգտահաշվում պետք է որոշակի ակտիվություն լինի, պետք է միացված լինի երկաստիճան նույնականացման ֆունկցիան (2FA)։
  • Վերիֆիկացիայի հետո չեն կարող փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը կամ լուսանկարը առանց վերահաստատման:

Նմանատիպ համակարգ այսօր գործում է Twitter-ում, սակայն այնտեղ օգտահաշիվը կորցնում ստուգանիշը, եթե օգտատերը հրաժարվում է վճարովի բաժանորդագրությունից: Meta-ի դեպքում կապույտ ստուգանիշը կմնա, նույնիսկ եթե ժամանակի ընթացքում օգտատերը չեղարկում է բաժանորդագրությունը:

Հիշեցնենք, որ այսօրվանից Twitter-ն դադարեցնում է երկաստիճան նույնականացումը SMS-ի միջոցով այն օգտատերերի համար, որոնք չունեն Twitter Blue-ի բաժանորդագրություն, որն արժե ամսական 13 դոլար։ Ստացվում է, որ եթե պատրաստ չեք վճարել դրա համար, ապա ձեր օգտահաշիվն ավելի խոցելի կդառնա հաքերների համար։


 
 
 
 
  • Արխիվ