2022-ի 10 ամենավաճառվող սմարթֆոնները․ դրանցից 8-ը նույն ընկերությունն է արտադրում

10 մարտի, 2023  13:55

​​Counterpoint Research հետազոտական ընկերությունը հրապարակել է 2022 թ․ 10 ամենավաճառվող սմարթֆոնների ցանկը։ Ցուցակի 10 տեղերից ութը զբաղեցրել են Apple-ի սմարթֆոնները։ Մնացած երկու տեղերը զբաղեցրել են Samsung-ի սմարթֆոնները։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է iPhone 13-ը. Counterpoint Research-ի տվյալներով՝ հենց այս հեռախոսին է բաժին ընկնում ողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքի մոտ 5%-ը և բոլոր iPhone-ների վաճառքների 28%-ը։ Այն նաև առաջին տեղն է զբաղեցրել բոլոր հեռախոսների վաճառքով ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում 2021 թ․ սեպտեմբերից մինչև 2022 թ․ օգոստոսը: Հետաքրքիր է, որ iPhone 13-ը մնաց ամենատարածված սմարթֆոններից մեկը նույնիսկ iPhone 14-ի թողարկումից հետո:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է iPhone 13 Pro Max-ը սմարթֆոնների համաշխարհային վաճառքի 2,8% մասնաբաժնով։

Երրորդ տեղում iPhone 14 Pro Max-ն է, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում հեռախոսների վաճառքի 1,7%-ը։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy A13-ը՝ սմարթֆոնների ամբողջ վաճառքի 1,6% մասնաբաժնով:

Հինգերորդ տեղում iPhone 13 Pro-ն է, որն ունի շուկայում վաճառքի նույն մասնաբաժինը, ինչ նախորդ սմարթֆոնը։

Վեցերորդ տեղում iPhone 12-ն է, որը 2021 թ․ ամենաշատ վաճառվող սմարթֆոնն է։ Թեև դրա թողարկումից երկար ժամանակ է անցել, այն կարծես թե չի կորցրել իր արդիականությունը և շարունակում է լավ վաճառվել՝ նույնիսկ ավելի լավ, քան բազային iPhone 14-ը, որն զբաղեցրել է ցուցակի յոթերորդ տեղը՝ գլոբալ վաճառքների 1,5%-ով: Հաշվի առնելով, որ այս մոդելն այնքան էլ լավ չի ընդունվել օգտատերերի կողմից, շատերին կարող է զարմացնել այն, որ այս հեռախոսն առհասարակ հայտնվել է անցյալ տարվա ամենավաճառվող սարքերի ցանկում։

iPhone 14 Pro-ն զբաղեցրել է 8-րդ տեղը՝ շուկայի 1,2% մասնաբաժնով:

Իններորդ տեղում հայտնվել iPhone SE 2022-ը, որն անցյալ տարվա ամենակոմպակտ հեռախոսն է համարվում։

Ամենավաճառվող հեռախոսների թոփ տասնյակը եզրափակում է Samsung Galaxy A03-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային վաճառքի 1,1%-ը։ Այս սմարթֆոնը տարածված է հատկապես զարգացող տարածաշրջաններում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

Ըստ Counterpoint Research-ի փորձագետների՝ 2023 թ․ շատ ընկերություններ կնվազեցնեն արտադրվող սմարթֆոնների քանակը, որպեսզի նվազագույնի հասցնեն նույն ապրանքանիշի մոդելների միջև մրցակցությունը։ Իրականում, համաշխարհային շուկայում սմարթֆոնների մոդելների թիվն արդեն նվազել է․ եթե 2021-ին կար 4200 մոդել, ապա 2022-ին դրանց թիվը հասել է մոտ 3600-ի, և ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ