Ինչպես գիտաֆանտաստիկ ֆիլմերում. Tesla-ն ցույց տվեց, թե ինչպես են Optimus մարդանման ռոբոտները նոր ռոբոտ հավաքում

2 մարտի, 2023  18:02

Tesla ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես են Optimus մարդանման երկու ռոբոտներն իրենց պես մեկ այլ ռոբոտ հավաքում՝ միաժամանակ կատարելով ռոբոտների համար բավականին դժվար մանիպուլյացիաներ։  

Տեսահոլովակում, որը հիշեցնում է գիտաֆանտաստիկ ֆիլմի և հեռուստասերիալի տեսարան, ռոբոտներից մեկը վերցնում է սեղանին դրված ձեռքը, անջատում այն ցանցից և տանում այն ​​վայր, որտեղ իր մյուս գործընկերն աշխատում է ռոբոտի հավաքման վրա։ Նրանք ձեռքը դնում են ճիշտ տեղը և պտուտակահանով ամրացնում։

Արտաքնապես այս ռոբոտները հիշեցնում են Optimus-ի երկրորդ նախատիպը, որը ցուցադրվել է անցյալ աշնանը և որում օգտագործվել են Tesla-ի մշակած կատարողական մեխանիզմներ: Ինչպես ներդրողների համար կազմակերպված միջոցառման ժամանակ բացատրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, գոյություն ունեցող բաղադրիչներից և ոչ մեկը չի բավարարել ընկերության պահանջները, ուստի ստիպված են եղել մշակել իրենց սեփականը։

Նրա խոսքով՝ մարդանման ռոբոտների ստեղծման առաջընթացը կարելի է գնահատել որպես «չափավոր արագ»։ Ընկերությունը Optimus-ի գլխավոր առավելությունն է համարում «ամենաառաջադեմ արհեստական բանականության օգտագործումը, որը կարող է կիրառվել իրական աշխարհում»: Այս ռոբոտները կգործեն նույն ծրագրային հիմունքներով, ինչ Tesla-ի էլեկտրական մեքենաների կառավարման համակարգերը: Նրանք նաև սովորելու կարողություն կունենան. ինչպես նշել է Մասկը, մարդանման ռոբոտները իմաստ չեն ունենա, եթե յուրաքանչյուր օպցիա, յուրաքանչյուր գործողություն ստիպված լինեն ծրագրավորել։

Նշենք, որ Optimus-ի ներկայիս նախատիպերը կարող են շարժվել մինչև 8 կմ/ժ արագությամբ, բարձրացնել մինչև 68 կգ քաշ (ռոբոտն ինքը կշռում է մոտ 57 կգ), ինչպես նաև տեղից տեղ տեղափոխել մինչև 20,5 կգ բեռ:

Tesla-ն նախատեսում է հազարավոր Optimus ռոբոտներ օգտագործել իր գործարաններում։ Մասկը վստահ է, որ մարդանման ռոբոտների բավական մեծ քանակը կարող է հանգեցնել առանձին երկրների և ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի աճին։ Նա նաև վստահ է, որ մի օր Երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին կընկնի առնվազն մեկ մարդանման ռոբոտ։ Tesla-ն նույնպես նախատեսում է վաճառել իր ռոբոտները, սակայն առայժմ քչերը կարող են իրենց թույլ տալ դրանք. մեկ ռոբոտը գինը կկազմի մոտ 20,000 դոլար: 


 
 
 
 
  • Արխիվ