Որքա՞ն գումար են կորցնում ամերիկյան ընկերությունները կիբերգրոհների պատճառով

6 հոկտեմբերի, 2022  12:44

Հաջող կիբերգրոհները բազմաթիվ լուրջ խնդիրներ են առաջացնում բիզնեսի համար։ Եվ ոչ միայն ֆինանսական։ Atlas VPN թիմի վերջերս ներկայացրած զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր հաջող կիբերգրոհի հետեւանքով ամերիկյան ընկերությունների 37%-ը ավելի քան 100 000 դոլար է կորցնում, իսկ ընկերությունների 4%-ը՝ ավելի քան 1 մլն դոլար։

Տուժում է նաեւ այդ ընկերությունների հեղինակությունը, բացի դրանից՝ նրանք կարող են կորցնել կարեւոր կորպորատիվ ինֆորմացիա, ինչի հետևանքով կարող են խափանումներ առաջանալ գործընկերների հետ աշխատանքում։

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են Keeper Security ընկերության անցկացրած ամենամյա հարցման տվյալները, որին մասնակցել է ՏՏ ոլորտի 516 թոփ-մենեջեր։

Զեկույցի համաձայն՝ հաքերների գործողությունների հետեւանքով տուժած ընկերությունների 11%-ը կորցնում է 500 000-ից մինչեւ 1 մլն դոլար, իսկ 14%-ը հայտնել է, որ 5000 դոլարից պակաս է կորցրել։   

Կիբերգրոհների պատճառով չարագործների զոհերը կրում են ոչ միայն ֆինանսական վնասներ, այլեւ բախվում են բացասական այլ հետեւանքների։ Ընկերությունների 31%-ն, օրինակ, հաճախորդների եւ գործընկերների հետ խնդիրներ է ունենում, նրանց հետ աշխատանքում խափանումներ են առաջանում, 31%-ը կորցնում է կարեւոր ֆինանսական ինֆորմացիա, եւս 28%-ը բախվում է հեղինակության հետ կապված ռիսկերի եւ խնդիրների։

Բացի դրանից, հաքերների գործողությունների հետեւանքով ձեռնարկությունների 24%-ը բախվել է մատակարարումների շղթայի խախտման, եւս 23%-ը՝ առեւտրային կամ տնտեսական գործունեության խոչընդոտների։ Ավելին, ձեռնարկությունների 19%-ը կիբերգրոհների պատճառով կորցրել է բիզնեսը կամ պայմանագրերը։

Atlas VPN-ի տվյալներով՝ միջին վիճակագրական ամերիկյան ընկերությունը հաքերների գրոհների է ենթարկվում տարեկան 42 անգամ, որոնցից 3-ի դեպքում հաքերները հաջողություն են ունենում։

Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ. ՏՏ-առաջնորդների 48%-ն իմացել է կիբերգրոհների մասին, բայց գաղտնի է պահել դա եւ այդ մասին չի տեղեկացրել համապատասխան մարմիններին՝ վախենալով կորցնել հաճախորդների վստահությունը։ Սակայն այս մոտեցումը միայն նպաստել է կիբերգրոհների էլ ավելի շատ տարածմանը. դրանք ավելի վտանգավոր են դարձել բիզնեսի համար։


 
 
 
 
  • Արխիվ