Meta-ն Instagram-ի և Facebook-ի օգտատերերի համար վերիֆիկացիան դարձնում է վճարովի

20 փետրվարի, 2023  12:01

Meta ընկերությունը հայտարարել է, որ Instagram-ում և Facebook-ում վերիֆիկացիան այսուհետ վճարովի կլինի․ կապույտ ստուգանիշն ստանալու համար օգտատերերն այսուհետ ստիպված կլինեն վճարել ամսական 11,99 դոլար, իսկ iPhone-ի օգտատերերի համար Meta Verified-ը կարժենա ամսական 14,99 դոլար, տեղեկացնում է BBC-ին:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ դա կբարելավի սոցիալական մեդիայի հավելվածների անվտանգությունը, ինչպես նաև կօգնի կանխել այն դեպքերը և մարդիկ այլոց անունից են հանդես գալիս սոցցանցերում։ Ցուկերբերգը նաև տեղեկացրել է, որ նոր գործառույթը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հասանելի կլինի այս շաբաթ։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, վճարովի բաժանորդագրության ծառայությունը դեռևս հասանելի չէ բիզնեսի համար, սակայն ցանկացած անհատ կարող է վճարել և ստանալ ստուգանիշը։

Ընկերությունը պարզաբանել է, որ ստուգանիշի բաժանորդագրությունը կբարձրացնի օգտատերերի գրառումների տեսանելիությունը, կպաշտպանի նմանակողներից, իսկ հաճախորդների սպասարկումը կդառնա ավելի հեշտ հասանելի։ Բացի դրանից, փոփոխությունը չի ազդի այն օգտահաշիվների վրա, որոնք արդեն ունեն ստուգանիշ։

Meta-ն նաև ասել է, որ վերիֆիկացիան ստանալու համար Instagram-ի և Facebook-ի օգտահաշիվների անունները պետք է համընկնեն կառավարության կողմից տրամադրված անձը հաստատող փաստաթղթի հետ։ Բացի դրանից, օգտատերերը պետք է ունենան պրոֆիլի լուսանկար, որում հստակ երևում է օգտատիրոջ դեմքը։

Meta-ն դեռ չի հստակեցրել, թե երբ նոր գործառույթը կներկայացվի այլ երկրներում, թեև Ցուկերբերգն իր գրառման մեջ նշել է, որ դա կլինի «շուտով»:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը Twitter-ում վերիֆիկացիայի բաժանորդագրությունը ներդրել է 2022 թ․ նոյեմբերին, թեև մի քանի անգամ գործընթացը կասեցվել էր, ապա վերագործարկվել սխալ հաշվարկների հետևանքով ի հայտ եկած խնդիրների պատճառով։ 2023-ի սկզբին տեղեկություն տարածվեց նաև, որ Մասկը ցանկանում է Twitter-ում ներկայություն ունեցող ընկերություններից ամսական 1000 դոլար գանձել (գումարած տվյալ ընկերության յուրաքանչյուր դուստր ընկերությանը պատկանող օգտահաշվի համար ամսական լրացուցիչ 50 դոլար), որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց ոսկե ստուգանիշներ: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ