IKEA-ն ներկայացրել է տան օդի որակը վերլուծող սարք

15 փետրվարի, 2023  19:31

IKEA ընկերությունը ներկայացրել է տան կամ այլ փակ տարածքների օդի որակը վերլուծող և որակի մոնիտորինգ իրականացնող սարք։ Նորույթն ունի Matter տեխնոլոգիայի աջակցություն, ինչը թույլ է տալիս այն միացնել IKEA Home-ին, Apple Home-ին և խելացի տան կառավարման այլ հայտնի հարթակներին:

Սարքը ստացել է Vindstyrka անվանումը և պատրաստված է փոքր սեղանադիր սարքի տեսքով։ Սարքի ճակատային մասում տեղադրված է հետին լուսավորությամբ էկրան, որը ցուցադրում է բոլոր տվյալներն իրական ժամանակում։ Կառավարման կոճակը գտնվում է սարքի վերևի հատվածում։

Vindstyrka-ն կարող է ստանալ տվյալներ օդում առկա մասնիկների (PM2.5), խոնավության, ջերմաստիճանի և ցնդող օրգանական միացությունների (TVOC) ընդհանուր մակարդակի վերաբերյալ: Բոլոր տվյալները ցուցադրվում են էկրանին: Սարքն ունի նաև սանդղակ, որը ցույց է տալիս օդի որակը՝ կիրառելով գունավոր ցուցիչներ:

Նորույթը, ինչպես նշվեց վերևում, ունի Matter-ի աջակցություն, ուստի այն կարող է միանալ Dirigera-ի ֆիրմային հաբին: Այնուհետև ամբողջ տվյալները հասանելի կլինեն IKEA Home բջջային հավելվածում։ Նաև նշվում է, որ Vindstyrka-ն ունի Apple-ի, Google-ի և Amazon-ի խելացի տան կառավարման հարթակների աջակցություն։

Vindstyrka-ի տվյալները կարող են օգտագործվել խելացի տան տարբեր սցենարների համար: Օրինակ՝ կարելի է դնել կարգավորում, որպեսզի օդը մաքրող սարքն ավտոմատ կերպով միանա այն ժամանակ, երբ տանը գրանցվի օդի աղտոտվածության որոշակի մակարդակ:

Ակնկալվում է, որ սարքը վաճառքում կհայտնվի 2023 թ․ ապրիլին, սակայն IKEA-ն դեռ չի նշել, թե որքան կարժենա նորույթը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ