Amazon-ի ինքնակառավարվող տաքսին առաջին անգամ ուղևորներ է տեղափոխել հանրային ճանապարհով

14 փետրվարի, 2023  18:24

Amazon-ի դուստր ձեռնարկության՝ Zoox ստարտափի արտադրած լիովին ինքնակառավարվող միկրոավտոբուսն առաջին անգամ ուղևորներ է տեղափոխել հանրային ճանապարհով: Ընդորում՝ ռոբոտ տաքսին չունի ո՛չ ղեկ, ո՛չ էլ ոտնակներ։

Zoox-ի տարածած հայտարարության համաձայն՝ իր անղեկ էլեկտրամեքենայի փորձարկումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆոսթեր Սիթի քաղաքում՝ Zoox-ի երկու հիմնական շենքերի միջև ընկած ճանապարհահատվածում։ Էլեկտրական մեքենան ընկերության աշխատակիցներին տեղափոխել է 1,6 կմ երկարությամբ ճանապարհով։

Այսուհետ միկրոավտոբուսն այս երթուղով կանոնավոր կերպով կփոխադրի ընկերության անձնակազմին մինչև Zoox-ը ստանա լրացուցիչ կարգավորող թույլտվություններ՝ հանրությանը ինքնավար տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար:

Ընկերությունը նշել է, որ առանց մարդու վերահսկողության շարժվելու համար նախատեսված մեքենան առաջին անգամ է ուղևորներին տեղափոխում է հանրային ճանապարհով։

Zoox-ը առանց վարորդի ինքնակառավարվող մեքենաները փորձարկելու թույլտվություն է ստացել 2020 թ․։ Իսկ առանց ղեկի ինքնակառավարվող տաքսի փորձարկելու համար ընկերությանն անհրաժեշտ է լրացուցիչ թույլտվություն ստանալ կարգավորիչից։

Zoox-ի ինքնակառավարվող տաքսին չունի ավանդական ղեկի կամ ոտնակով կառավարելու հնարավորություն և կարող է տեղափոխել մինչև չորս ուղևոր: Ընդորում, ուղևորները նստում են միմյանց դեմ դիմաց։

Մեքենան չունի առջևի կամ հետևի հատված, յուրաքանչյուր անիվ կարող է պտտվել յուրաքանչյուր ուղղությամբ, ինչը թույլ է տալիս մեքենային շարժվել ցանկացած ուղղությամբ: Մեքենան նախատեսված է քաղաքային ճանապարհորդությունների համար։

Ինքնակառավարվող այս տաքսիի բոլոր բաղադրիչները կրկնօրինակված են, ներառյալ շարժիչները և սենսորները: Մեքենայի յուրաքանչյուր անկյունում տեղադրված է երկու լիդար և երեք տեսախցիկ։ Լրացուցիչ երկու տեսախցիկ և հինգ ռադար տեղադրված է մեքենայի տանիքին յուրաքանչյուր անկյունում։

Ֆոսթեր Սիթի տանող երթուղու վրա Zoox ինքնակառավարվող տաքսին կշարժվի ժամում 56 կմ/ժ արագությամբ: 


 
 
 
 
  • Արխիվ