10-ամյա գործունեությունից հետո փակվում է ամենահին կրիպտոբորսաներից մեկը․ ո՞րն է պատճառը

10 փետրվարի, 2023  18:16

Ավելի քան մեկ տասնամյակ գործելուց հետո LocalBitcoins-ը, որը կրիպտոարժույթների ամենահին բորսաներից մեկն, այսօր հայտարարել է իր բիզնեսի փակման մասին։ Ընկերությունը պատճառաբանել է, որ «այլևս չի կարող տրամադրել իր բիթքոյնի առևտրային ծառայությունը» կրիպտոշուկաներում առաջացած մարտահրավերների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Decrypt.co-ը, պլատֆորմը նաև ներկայացրել է իր ծառայությունների դադարեցման ժամանակացույցը՝ սկսած այսօրվա նոր գրանցումների կասեցումից և վերջացրած փետրվարի 16-ին առևտուրն ու դեպոզիտների ընդունման դադարեցմամբ: Փետրվարի 17-ից հետո միակ բանը, որ կկարողանան անել LocalBitcoins-ի օգտատերերը, կրիպտոարժույթն իրենց դրամապանակից հանելն է։ Դա անելու համար նրանք կունենան 12 ամիս ժամանակ:

localbitcoins-en-closing.jpg (320 KB)

Պարբերականը նշում է, որ LocalBitcoins-ը, դատելով այս կրիպտոբորսայի Twitter-ի էջում արվող հրապարակումներից, մինչև վերջերս ակտիվորեն զարգանում էր և շարունակում էր թողարկել նոր գործառույթներ, այդ թվում՝ մեկ քլիքով բիթքոյն գնելու հնարավորության գործարկումը հունվարի 22-ից: Սակայն հիմա, պարզվում է, իրավիճակը կտրուկ փոխվել է։

LocalBitcoins-ը հիմնադրել է Երեմիաս Կանգաս 2012 թ․ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այս ծառայության միջոցով բիթքոյնի գնորդն ու վաճառողը գտնում էին միմյանց, իսկ LocalBitcoins-ը մետաղադրամները պահում էր պահուստում, մինչև երկու կողմերը հաստատեին գործարքը:

2019-ին CipherTrace-ի զեկույցի արդյունքներից պարզ էր դարձել, որ հարթակը բիթքոյնի անպօրինի շրջանառության գլխավոր ուղղություններից մեկն է: Այդ ժամանակից ի վեր ընկերությունն արգելեց հարթակում կանխիկով գործարքները, ինչպես նաև ներդրեց «Իմացեք ձեր հաճախորդին» գործառույթը, որը գործում է Onfido-ի բազայի հիմա վրա։

Ըստ Onfido-ի՝ բորսայում գրանցվել և ստուգվել են 189 երկրի օգտատերեր: 2021 թ. հարթակն ընդլայնել է իր կրիպտոարժույթի փոխանակման առաջարկը՝ օգտատերերին հասանելիություն տրամադրելով մի քանի ալտքոյնների, ինչպիսիք են Dogecoin-ը և Cardano-ն:

Հետաքրքիր է, որ կայքի ռուսալեզու տարբերակում կրիպտոարժույթների առևտուրը դեռ շարունակվում է, և փակման մասին որևէ հայտարարություն չկա։

localbitcoins-ru-working.jpg (234 KB)

Կրիպտոշուկան` կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում

Վերջերս աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան համարվող Binance-ը հայտարարել էր, որ փետրվարի 8-ից դադարեցնում է ԱՄՆ դոլարով միջոցների ընդունումն ու դուրսբերումը: Կրիպտոբորսան որոշման պատճառը չէր բացահայտել, ոչ էլ նշել էր, թեր երբ կվերսկսվեն դոլարային փոխանցումները։ Կրիպտոբորսայի  ներկայացուցիչները նաև հավելել էին, որ գործի են դրվում բոլոր ջանքերը «այս ծառայությունը հնարավորինս շուտ վերսկսելու համար»։

Նշենք, որ FTX կրիպտոբորսայի 
սնանկացումից հետո կրիպտոարժույթների շուկան հայտնվել է կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում ողջ աշխարհում։ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) նոր նախագահ Ժան-Պոլ Սերվեն ասել էր, որ այս հարթակները 2023 թ․ կլինեն կարգավորողների ուշադրության կենտրոնում։ Նա նաև նշել էր, որ կրիպտոարժույթների պլատֆորմների կարգավորումը կարող է հիմնված լինել նույն սկզբունքների վրա, որոնք կիրառվում են տնտեսության այլ ոլորտներում, որոնք շահերի բախման հետ գործ ունեն։

Ուշագրավ է, որ թեև կրիպտոարժույթների շուկան վաղուց գոյություն ունի, աշխարհի շատ երկրներում դրա գործունեությունը կարգավորող կանոնները դեռ մշակված չեն: Այնուամենայնիվ, FTX-ի սնանկացումը, որն ազդել է միլիոնավոր ներդրողների վրա և միլիարդների վնաս հասցրել, ստիպում է փոխել այս ոլորտում կարգավորումների վերաբերյալ մոտեցումը։

IOSCO-ն, որը համակարգում է կանոնները G20-ի և դրանից դուրս գտնվող երկրներում, հայտարարել է, որ արդեն հաստատել է ստեյբլքոյնների կարգավորման սկզբունքները, և այժմ ​ուշադրությունը կսևեռի այն հարթակների վրա, որոնք դրանով առևտուր են անում: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ