Apple ընկերությունը կրկին գլխավորել է աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունների ցանկը՝ առաջ անցնելով Nvidia-ից: Ներդրողներն աստիճանաբար իրենց ուշադրությունը տեղափոխում են արհեստական բանականության համար սարքավորումներ արտադրողներից դեպի այն ընկերությունները, որոնք ունակ են երկարաժամկետ շահույթ ստանալ արհեստական բանականության ներդրումից՝ շնորհիվ իրենց ծառայությունների, ծրագրային ապահովման և սարքերի էկոհամակարգերի:
Ուրբաթ օրվա դրությամբ Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է շուրջ 4,88 տրիլիոն դոլար, մինչդեռ Nvidia-ի արժեքը՝ ընկերության բաժնետոմսերի 3,5% անկումից հետո նվազել է՝ հասնելով 4,86 տրիլիոն դոլարի:
Առաջատարի փոփոխությունն արտացոլում է շուկայում տրամադրությունների փոփոխությունը: Գրեթե մեկ տարի Nvidia-ի գերիշխանությունից հետո, որը դարձել էր արհեստական բանականության բումի գլխավոր շահառուն՝ շնորհիվ գրաֆիկական պրոցեսորների բարձր պահանջարկի, ներդրողներն ավելի ու ավելի հաճախ են խաղադրույք կատարում այն ընկերությունների վրա, որոնք կկարողանան երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն դրամայնացնել արհեստական բանականությունը:
«Նախկինում Apple-ը էր հետնապահ համարվում արհեստական բանականության մրցավազքում, քանի որ զգալի միջոցներ չէր ներդնում սեփական մոդելների մշակման մեջ: Այժմ շուկայի վերաբերմունքը փոխվել է: Ընկերությունը նվազ կախվածություն ունի արհեստական բանականության ենթակառուցվածքների վրա կատարվող լայնածավալ կապիտալ ծախսերից և ավելի լավ է պատրաստված ծառայությունների, իր էկոհամակարգի ու սարքերի թարմացման հաշվին եկամուտներ ստանալուն»,- նշել է BRI Wealth Management-ի ներդրումային ուղղության ղեկավար Թոնի Մեդոուզը:
Apple-ի համար այս ձեռքբերումն նաև խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը պատրաստվում է սեպտեմբերին ընկերության ղեկավարումը փոխանցել ապարատային ստորաբաժանման վետերան Ջոն Թերնուսին: Վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ի վերադարձը առաջին հորիզոնական կարող է դառնալ Կուկի ժառանգության կարևոր մասը:
Վերջերս ընկերությունը ներկայացրել է Siri ձայնային օգնականի լայնածավալ թարմացումը՝ ակնկալելով կրճատել տեխնոլոգիական խոշորագույն մրցակիցներից և արհեստական բանականության մշակողներից հետ ընկնելու միտումը: Փորձագետների կարծիքով՝ iPhone սարքերում պահվող անձնական տվյալների հսկայական զանգվածը կարող է դառնալ արհեստական բանականության ոլորտում Apple-ի գլխավոր առավելություններից մեկը, եթե ընկերությանը հաջողվի օգտագործել այդ տվյալները՝ առանց գաղտնիության սկզբունքների խախտման:
Չնայած առաջատարի դիրքը կորցնելուն՝ վերլուծաբաններն ընդգծում են, որ Nvidia-ն դեռևս արհեստական բանականության մեջ համաշխարհային ներդրումների գլխավոր շահառուներից մեկն է: Նրա գրաֆիկական պրոցեսորները շարունակում են առանցքային դեր խաղալ գեներատիվ արհեստական բանականության զարգացման գործում, իսկ շուկայական տրամադրությունների փոփոխությունն ի վիճակի է ընկերությանը դարձյալ վերադարձնել առաջին տեղը՝ կապիտալիզացիայի առումով:
Միաժամանակ, ներդրումային հետաքրքրությունը տարածվում է նաև կիսահաղորդիչների արդյունաբերության այլ սեգմենտների վրա: Զգալի աճ են ցուցադրում հիշողության միկրոսխեմաների արտադրողները, ներառյալ Micron-ը, իսկ հարավկորեական SK Hynix-ն ուժեղացրել է իր ներկայությունն ամերիկյան շուկայում, ինչը վկայում է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումից շահող ընկերությունների շրջանակի ընդլայնման մասին:
Փորձագետները նշում են, որ ներդրողների ուշադրությունն աստիճանաբար դուրս է գալիս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ավանդական խմբի՝ «Հրաշալի յոթնյակի» շրջանակից, թեև կիսահաղորդիչների սեկտորը դեռևս տատանողական է։ Philadelphia Semiconductor Index-ը՝ արհեստական բանականության շուկայի հետագա աճի հեռանկարների վերագնահատման հետնապատկերին՝ իր վերջին պատմական առավելագույնից արդեն նվազել է գրեթե 19%-ով:
month
week
day