Mercer խորհրդատվական ընկերության կողմից հարցված գրեթե բոլոր կորպորատիվ ղեկավարները ակնկալում են, որ արհեստական բանականությունը երկու տարվա ընթացքում կհանգեցնի իրենց ընկերություններում աշխատատեղերի կրճատման։ Այսպիսի եզրակացության են եկել Mercer-ի «Տաղանդների կառավարման գլոբալ միտումներ — 2026» զեկույցի հեղինակները, ինչն ակնառու կերպով արտացոլում է աճող մտահոգությունն այն մասին, թե ինչպես է ԱԲ-ն փոխում աշխատաշուկան այն պայմաններում, երբ արտադրողականության վրա դրա ունեցած ազդեցության իրական տվյալները դեռևս մնում են հակասական, գրում է Gizmodo-ն։
Հետազոտությունը, որը հիմնված է ամբողջ աշխարհից 825 թոփ-մենեջերների և 1650 HR-տնօրենների պատասխանների վրա, պարզել է, որ ղեկավարների 99%-ը ակնկալում է անձնակազմի թեկուզ մասնակի կրճատում մինչև 2028 թվականը։ 98%-ը հայտարարել է, որ դիտարկում է կազմակերպչական կառուցվածքների փոփոխություններ նույն ժամանակահատվածում, իսն 65%-ը կարծում է, որ աշխատակիցների 11%-ից մինչև 30%-ը ԱԲ-ի ներդրման պատճառով կտեղափոխվի այլ պաշտոնների կամ կանցնի վերապատրաստում։
22-ից 27 տարեկան երիտասարդ մասնագետները գտնվում են ամենամեծ ռիսկի գոտում. ընկերություններն ավտոմատացնում են վարչական, վերլուծական և օպերացիոն առաջադրանքները, որոնք ավանդաբար ծառայել են որպես մեկնարկային կետ բուհերի վերջին շրջանավարտների կարիերայի համար, գրում է Tomshardware-ը։
Oliver Wyman-ի առանձին հարցումը ցույց է տվել, որ կրտսեր պաշտոնները կրճատելու մտադրություն ունեցող գլխավոր տնօրենների (CEO) մասնաբաժինը մեկ տարում կտրուկ աճել է՝ 17%-ից հասնելով 43%-ի, ընդ որում ղեկավարների 33%-ը վերակողմնորոշում է կադրային կազմը դեպի միջին օղակի պաշտոններ։ Արդեն իսկ աշխատող անձնակազմի զանգվածային ազատումների փոխարեն, շատ ընկերություններ պարզապես փակում են նոր մասնագետների հոսքը կարիերայի մեկնարկային փուլում։
Gallup-ի հարցումը, որն ընդգրկել է ԱՄՆ-ում ավելի քան 23,000 աշխատողի և հրապարակվել է 2026 թվականի հունիսին, ցույց է տվել. տեխնոլոգիական ոլորտի այն աշխատակիցները, ովքեր ԱԲ-ից օգտվում են ամսական մեկ անգամից պակաս, ունեն աշխատանքից ազատվելու 18% կանխատեսվող հավանականություն, ինչը երեք անգամ գերազանցում է AI-ն պարբերաբար կիրառողների 6% ռիսկը, գրում է AI weekly-ն:
Ինչպես հայտնում է The Straits Times-ը, այս տարբերությունը պահպանվում է նույնիսկ հաշվի առնելով տարիքը, կրթության մակարդակը և զբաղվածության սեկտորը։ Տեխնոլոգիական ոլորտից դուրս ԱԲ-ի հազվադեպ օգտագործումը նույնպես մեծացնում է աշխատանքից ազատվելու ռիսկը, սակայն այնտեղ տարբերությունն այդքան ընդգծված չէ։
month
week
day