Հայաստանի այսօրվա գլխավոր խնդիրն է սովորել ստեղծել սեփական բարդ տեխնոլոգիական արտադրանքները, այլ ոչ թե սահմանափակվել աութսորսինգով: Դրա համար անհրաժեշտ է ընկերությունների, ներդրողների և պետության իրական համագործակցություն: RISE հարթակի գլխավոր խնդիրներից մեկը հենց նրանց մեկ հարկի տակ հավաքելն ու միմյանց հնարավորությունները տեսնելուն օգնելն է:
Այս մասին NEWS.am Tech-ի՝ RISE-ի ինֆոգործընկերոջ հետ զրույցում պատմել է ՏՀՏ գործատուների միության (UEICT) նախագահ և «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը՝ մեկնաբանելով հունիսի 3-4 անցկացված միջոցառման խնդիրները, աութսորսինգից սեփական տեխնոլոգիաների արտադրությանն անցնելու հեռանկարները, ինչպես նաև կիբերանվտանգության զարգացման հետ կապված մարտահրավերները:
Բալդրյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իրոք կան բազմաթիվ ուժեղ մասնագետներ և առողջ տեխնոլոգիական «բջիջներ», սակայն նրանց աշխատանքի արդյունքները մեծ մասամբ գնում են համաշխարհային տնտեսություն, այլ ոչ թե մնում երկրի ներսում:
Հենց այդ պատճառով, նրա կարծիքով, RISE-ը պետք է դառնա մի հարթակ, որտեղ տեխնոլոգիական ոլորտի մասնակիցները կկարողանան տեսնել, թե ինչ է արդեն իսկ ստեղծվում Հայաստանում, և հասկանալ, թե ինչպես միավորել սեփական մշակումները այլ ընկերությունների լուծումների հետ:
Այստեղ առանձնահատուկ դեր կարող են խաղալ ներդրողներն ու ներդրումային հիմնադրամները: Երբեմն հենց իրենք՝ ինժեներներն ու արտադրողները, չեն նկատում իրենց տեխնոլոգիաների միավորման հնարավորությունները, մինչդեռ կողմնակի հայացքը թույլ է տալիս տեսնել հեռանկարային համակցումներ և օգնել ստեղծել ավելի բարդ արտադրանք, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում:
RISE ֆորումի ժամանակ բազմիցս հնչել է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է աստիճանաբար անցում կատարի աութսորսինգով զբաղվող երկրի մոդելից դեպի սեփական արտադրանքի արտադրողի և արտահանողի մոդելի:
Բայց արդյո՞ք նման անցմամբ շահագրգռված են հենց իրենք՝ ընկերությունները:
Բալդրյանը կարծում է, որ աութսորսինգային մոդելով աշխատող ընկերությունները գրեթե միշտ երազում են դառնալ պրոդուկտային (սեփական արտադրանք ստեղծող)։ Խնդիրն այն է, որ դրա համար միայն ցանկությունը բավարար չէ։
Սեփական արտադրանքին անցումը պահանջում է մի շարք պայմանների կատարում: Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք կա համաշխարհային պահանջարկ ապագա արտադրանքի նկատմամբ, լուծել շուկա դուրս գալու հարցերը և ստանձնել զգալիորեն ավելի բարձր ֆինանսական ու ժամանակային ռիսկեր: Արդեն գոյություն ունեցող պատվերը կատարելը շատ ավելի հեշտ է, քան այնպիսի արտադրանք ստեղծելը, որի պահանջվածությունը դեռ նոր պետք է ապացուցվի:
Ընդ որում, նշել է Բալդրյանը, ամենամրցունակը հաճախ դառնում են հենց այն ընկերությունները, որոնց մոտ սկզբում ծնվում է սեփական գաղափարը, իսկ հետո միայն գտնվում է շուկան դրա իրացման համար: Եթե ընկերությունն ընտրում է մի արտադրանք, որն արդեն գոյություն ունի շուկայում, նա հենց սկզբից հայտնվում է մրցակցային պայմաններում:
Սեփական արտադրանքի վրա աշխատելու գլխավոր առավելությունը աութսորսինգի համեմատ, Բալդրյանի կարծիքով, շահութաբերության մեջ է:
«Շուկայի որոնման տեսանկյունից աութսորսինգը զգալիորեն ավելի հեշտ է: Բայց սեփական արտադրանքի արտադրությունը շատ ավելի շահավետ է օգուտ ստանալու տեսանկյունից», — նշել է Բալդրյանը:
Ուստի յուրաքանչյուր ընկերության ստիպված է հավասարակշռություն փնտրել պրոդուկտային բիզնեսին անցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի և այն առավելությունների միջև, որոնք նա կստանա ապագայում՝ ավելի մեծ շահույթ և ավելի մեծ անկախություն:
RISE ֆորումի շրջանակներում Արմեն Բալդրյանը հանդես է եկել որպես կիբերանվտանգության հիմնախնդիրներին նվիրված պանելային քննարկման մոդերատոր:
Նրա խոսքով՝ այս ոլորտում սպառնալիքներն էլ ավելի են լուրջանում տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց: Ընդ որում, կրիտիկական (վճռորոշ) ենթակառուցվածքների պաշտպանության պատասխանատվությունը ընկած է ոչ միայն պետական մարմինների, այլև բիզնեսի վրա:
«Եթե այսօր մենք ասում ենք, որ ապրում ենք հիբրիդային պատերազմների դարաշրջանում, ապա դրանց առաջնագիծը հենց կիբերանվտանգությունն է: Ամեն ինչ սկսվում է կիբերհարձակումներից և դրանցից պաշտպանվելուց», — ընդգծել է նա:
Այսօր օգտատերերը մշտապես բախվում են ինտերնետի աշխատանքի խափանումների, ստանում են կասկածելի տեղեկատվություն, միշտ չէ, որ հասկանում են, թե որ աղբյուրներին կարելի է վստահել: Խնդիրները միաժամանակ գոյություն ունեն առանձին քաղաքացիների, ընկերությունների և պետության մակարդակով:
Ընդ որում, Բալդրյանի կարծիքով, կիբերանվտանգության պետական համակարգը Հայաստանում դեռևս գտնվում է կայացման փուլում:
Գոյություն ունեցող խնդիրները լուծել, Բալդրյանը համոզված է, հնարավոր է միայն պետության և մասնավոր ընկերությունների իրական համագործակցության միջոցով:
Ընդ որում, խոսքը վերաբերում է հենց հայկական մասնագիտացված ընկերություններին, քանի որ անվտանգության հարցերը, նրա խոսքով, պետք է լուծվեն տեղական կոմպետենցիաներով (կարողություններով):
Նա նշել է, որ հենց մասնավոր հատվածն է հաճախ տիրապետում այն գիտելիքներին և գործնական փորձին, որոնք պակասում են պետական կառույցներին: Ուստի սկզբում պրոֆեսիոնալ ընկերությունները պետք է օգնեն պետությանը հասկանալ ժամանակակից սպառնալիքների մասշտաբը, իսկ հետո արդեն համատեղ մասնակցեն շուկայի մյուս մասնակիցների համար պահանջների ձևավորմանը:
Բալդրյանի խոսքով՝ անհրաժեշտ է գործել արագ։ Եթե պետությունը չափազանց երկար քննարկի կարգավորման մեխանիզմները, որոշումների ընդունման պահին երկիրն արդեն կարող է լուրջ կորուստներ կրել։
Բալդրյանի դիտարկումներով՝ շատ ընկերություններ սկսում են լուրջ վերաբերվել կիբերանվտանգության հարցերին միայն այն բանից հետո, երբ արդեն բախվել են լուրջ կորուստների։
Որպես օրինակ նա բերել է բանկերը, որոնք այսօր ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ հենց այն պատճառով, որ նախկինում արդեն վերապրել են նմանատիպ միջադեպեր։
Նա կարծում է, որ մյուս ընկերությունները չպետք է անցնեն նույնպիսի ցավոտ փորձի միջով՝ գործել սկսելու համար։
Պետությունը պետք է ոչ միայն բացատրի առկա սպառնալիքները, այլև առանձին դեպքերում պարտադրի ընկերություններին ապահովել կիբերանվտանգության թեկուզ նվազագույն ստանդարտներ։
Պատասխանելով կիբերանվտանգության ոլորտում պարտադիր պահանջների և սերտիֆիկացման հնարավոր ներդրման մասին հարցին՝ Բալդրյանը հիշեցրել է, որ Հայաստանում կիբերանվտանգության մասին օրենքն արդեն ընդունված է։
Սակայն, նրա կարծիքով, դա բավարար չէ։
Նույնիսկ նվազագույն ստանդարտները շատ արագ հնանում են: Քանի դեռ դրանք մշակվում են, համաձայնեցվում և ներդրվում, տեխնոլոգիաները հասցնում են փոխվել։
Ուստի հիմնական խնդիրը Բալդրյանը համարում է արագությունը։
Եթե օրենքի ընդունումից կես տարի անց պետությունը դեռևս քննարկում է կոնկրետ ստանդարտները, դա չափազանց դանդաղ տեմպ է, կարծում է Բալդրյանը։
Նրա խոսքով՝ պետությանը անհրաժեշտ են որոշումների ընդունման ավելի արագ ընթացակարգեր և հարատև ու շատ ավելի սերտ փոխգործակցություն պրոֆեսիոնալ համայնքի հետ:
Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ նույնիսկ նոր պահանջների ընդունումից հետո բիզնեսին ժամանակ կպահանջվի պատրաստվելու համար. ընկերությունները պետք է նախատեսեն անհրաժեշտ ռեսուրսներ, ֆինանսավորում և կազմակերպչական փոփոխություններ։
Հենց այդ պատճառով բիզնեսի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ապագա պահանջների քննարկմանը դեռևս դրանց մշակման փուլում։ Այդ դեպքում նոր կանոնները անակնկալ չեն լինի, իսկ ընկերությունները կկարողանան նախապես պատրաստվել դրանց ներդրմանը։
Բացի այդ, Բալդրյանը կարծում է, որ ամենևին ոչ յուրաքանչյուր ընկերություն պետք է ինքնուրույն ստեղծի կիբերանվտանգության սեփական ծառայությունը։ Շատ ավելի էֆեկտիվ է զարգացնել մասնագիտացված ընկերություններ, որոնք պրոֆեսիոնալ կերպով նման ծառայություններ կմատուցեն շուկայի մյուս մասնակիցներին։
month
week
day