RISE-2026. Ռազմաարդյունաբերական համալիրի մշակման փուլերը կտրուկ կրճատվել են, մենք արդեն նոր ինժեներական իրականությունում ենք

4 հունիսի, 2026  10:13

Համաշխարհային պաշտպանական արդյունաբերությունը թևակոխել է արագընթաց փոփոխությունների փուլ, իսկ ռազմական արտադրանքի մշակման փուլը կրճատվել է մի քանի անգամ։ Այս մասին հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ հայտարարել է Davaro ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Գալոյանը (ֆոտոռեպորտաժ

Մշակման փուլերը կրճատվել են մինչև ամիսների

Նրա խոսքով՝ եթե ընդամենը մի քանի տարի առաջ սպառազինության կամ ռազմական համակարգի նոր նմուշի ստեղծումը կարող էր տևել շուրջ հինգ տարի, ապա այսօր մշակման ժամկետները կրճատվել են մինչև վեց կամ նույնիսկ չորս ամիս։

Ինչպես նշել է Գալոյանը, փոփոխությունների տեմպերն այնքան բարձր են, որ ապագայում մշակման փուլերն ավելի են արագանալու։ Նրա խոսքով՝ ինժեներական թիմերի և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների առջև խնդիր է դրված ոչ միայն նոր լուծումներ մշակել, այլև իրականացնել ռազմավարական վերլուծություն, կանխատեսել ապագա կարիքները և ընտրել արտադրանքի ստեղծման համար առավել հեռանկարային ուղղությունները։

Նա ընդգծել է, որ հաջողության կարևորագույն պայմանը ռազմական կառույցների հետ սերտ փոխգործակցությունն է։ Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ստեղծվող արտադրանքը չմնա միայն մշակման փուլում, այլ հետագայում գործնական կիրառություն գտնի զորքերում։

Կարևոր քայլ՝ անցում ավտոմատացմանը

Davaro-ի ղեկավարի խոսքով՝ ինժեներական կոլեկտիվները պետք է ապահովեն իրենց մշակումների առավելագույնս արագ և արդյունավետ իրագործումը, որպեսզի վերջնական արտադրանքը ստեղծվի սեղմ ժամկետներում և առանց էական խնդիրների։ Ընդ որում, մշակման ավարտից հետո արտադրանքը պետք է օպերատիվորեն անցնի սերիական արտադրության փուլին։

«Արտադրական փուլը նույնպես լուրջ փոփոխությունների է ենթարկվել. այժմ պահանջվում է շատ մեծ ծավալներով արտադրություն կարճ ժամանակում, և դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ»,- նշել է Գալոյանը։ Նրա խոսքով՝ խոսքը նախևառաջ արտադրական գործընթացների ավտոմատացման, նախագծման ավտոմատացման և խնդիրների լուծման ինժեներական մոտեցումների վերանայման մասին է։

Որպես օրինակ Գալոյանը բերել է իր ընկերության գործունեությունը, որը միաժամանակ իրականացնում է մի քանի տարբեր գործընթացներ։ Նա պարզաբանել է, որ նման զուգահեռ մոտեցման պատճառներից մեկը բարձր արդյունավետություն պահպանելու և հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնական օգտագործողին արտադրանքի լայն տեսականի առաջարկելու ձգտումն է, որն ընդունակ կլինի փակել այսօրվա դրությամբ գոյություն ունեցող բոլոր կարիքները։

Շղթաների տեղայնացում և կախվածություն ներմուծումից

Խոսելով արտադրական շղթաների տեղայնացման հարցերի մասին՝ Գալոյանը նշել է, որ իդեալական տարբերակը ողջ արտադրական շղթան անմիջապես Հայաստանում՝ տեղական ձեռնարկությունների ուժերով ստեղծելն է։ Սակայն իրական իրավիճակը դեռևս պահանջում է որոշակի բաղադրիչների գնումներ։

«Իրականում մենք ստիպված ենք արտերկրից գնել ազատ վաճառքում գտնվող պարզ սարքեր, հումք և նյութեր։ Սակայն այն մասը, որը կրիտիկական նշանակություն ունի համակարգի ձևավորման գործում, մենք իրականացնում ենք տեղում, որպեսզի խուսափենք արտասահմանյան մատակարարներից մեծ կախվածությունից»,- նշել է նա։

Գալոյանը վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում արտադրական շղթայի ավելի ու ավելի շատ օղակներ կտեղայնացվեն երկրի ներսում։ Հենց այդպիսի ճանապարհով, նրա կարծիքով, կարող է ապահովվել Հայաստանի տեխնոլոգիական անկախությունը։

Մի շարք տեխնոլոգիաներ դեռևս ձևավորված չեն

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մի շարք տեխնոլոգիաներ դեռևս ձևավորված չեն և չեն արտադրվում հայկական ընկերությունների կողմից, սակայն դա համարում է ժամանակի հարց։ Նրա խոսքով՝ հետևողական աշխատանքի և ջանքերի կենտրոնացման դեպքում անհրաժեշտ լուծումներն աստիճանաբար կհայտնվեն ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ընկերությունների մոտ։

«Ժամանակի ընթացքում բոլոր տեխնոլոգիաները կարող են ստեղծվել։ Եթե աշխատենք համակարգված և պահպանենք կենտրոնացումը դրված խնդիրների վրա, ապա ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ընկերությունները կկարողանան առաջարկել լուծումներ, որոնք կինտեգրվեն ավելի մեծ համակարգերում և կվերածվեն բարձր մակարդակի ու որակի լուրջ արտադրանքի»,— նշել է Գալոյանը։

Նրա գնահատմամբ՝ հենց զարգացման այսպիսի մոդելը թույլ կտա ստեղծել մրցունակ արտադրանք, որն ընդունակ կլինի հաջողությամբ մրցակցել ոչ միայն ներքին շուկայում, այլև համաշխարհային մակարդակով։


 
 
 
 
  • Archive