Քանի դեռ աշխարհը հիանում է «Artemis 2» առաքելության հաջողություններով և Լուսին մարդու վերադարձի վերաբերյալ NASA-ի պլաններով, «Cognition» ստուդիայի մշակողները ներկայացրել են մի խաղ, որն առաջարկում է բոլորովին այլ՝ շատ ավելի սթափ հայացք տիեզերական դարաշրջանի ապագային:
«Lunar Strike»-ը նարատիվ (պատմողական) արկած է, որի գործողությունները ծավալվում են 2119 թվականին: Խաղը պատկերում է մի աշխարհ, որտեղ մարդկությունը չի դարձել միջմոլորակային քաղաքակրթություն, այլ, բախվելով համաշխարհային ճգնաժամերին, հետ է քաշել իր հավակնությունները և կենտրոնացել գոյատևման վրա:
Խաղի լորի (պատմության) համաձայն՝ գլոբալ տաքացումը, միջազգային հակամարտությունները, կրոնական ֆանատիզմը և կառավարչական ձախողումները հանգեցրել են միջուկային աղետի: Դրանից հետո մարդկությունը «ետ է կանգնել, նահանջել, փակվել ինքն իր մեջ և դեգրադացվել»: Տիեզերական ծրագիրն անկում է ապրել: Հարավային բևեռի լուսնային բազան, որը ժամանակին ամբիցիոզ նախագիծ էր, վերածվել է կիսալքված բնակավայրի, որտեղ բնակիչները ստիպված են մշտապես պայքարել սարքավորումների մաշվածության, ռեսուրսների պակասի և մեկուսացման հոգեբանական ճնշման դեմ:
Շատ մարդիկ Լուսնի վրա անցկացնում են իրենց ողջ կյանքը: Ոմանք նույնիսկ ծնվում են այնտեղ և երբեք չեն տեսնում Երկիրը՝ ապրելով արհեստական լուսավորությամբ նեղ հերմետիկ միջանցքներում:
Խաղացողը հանդես է գալիս որպես կրտսեր արխիվագետ, ով ուղարկվել է Լուսին ARCK նախագծի՝ մարդկային պատմության ու գիտելիքների պահպանմամբ զբաղվող կազմակերպության շրջանակներում: Նախագծի անվանումը հղում է կատարում իրական ոչ առևտրային կազմակերպությանը, որը հիմնադրել է ստուդիայի տնօրեն Բրայան Փոուփը:
Խաղացողի խնդիրն է՝ սկանավորել, փաստաթղթավորել և պահպանել այն ամենը, ինչ մնացել է Լուսնի վրա մարդկության ներկայությունից: Սակայն արխիվագետի խաղաղ աշխատանքը արագորեն բարդանում է. բազայում լուրջ սպառնալիք է հասունանում երկրային արմատական «MudBoots» խմբավորման կողմից, որը «Earth-first» շարժման ծայրահեղական թևն է:
Մշակողները գիտակցաբար հրաժարվել են գիտական ֆանտաստիկային (sci-fi) բնորոշ լավատեսությունից: «Lunar Strike»-ում չկան այլմոլորակային սպառնալիքներ և տեխնոլոգիական հրաշքներ: Բոլոր խնդիրները բացառապես երկրային ծագում ունեն: Խաղը ցույց է տալիս, թե ինչպես տիեզերքի նվաճման մասին ռոմանտիկ երազանքները կարող են բախվել իրականությանը՝ բյուրոկրատիային, տնտեսական դժվարություններին և հանրային հետաքրքրության կորստին:
Միևնույն ժամանակ, հեղինակները բավականին լավատեսորեն են մոտեցել արհեստական բանականության թեմային: Ի տարբերություն շատ մռայլ սցենարների, որտեղ ԱԲ-ն ամբողջությամբ փոխարինում է մարդկանց, «Lunar Strike»-ում արհեստական բանականությունը մնում է հենց որպես օգնական. «ԱԲ-ն չի կառավարում գաղութը: Այն աջակցում է այնտեղ գտնվող մարդուն»:
«Lunar Strike»-ն առանձնանում է տիեզերական խաղերի մեծամասնության ֆոնին նրանով, որ կենտրոնանում է ոչ թե հերոսական նվաճումների, այլ դրանցից նահանջելու գնի ու հետևանքների վրա: Խաղը ստիպում է մտորել. ի՞նչ կլինի, եթե մարդկությունը, առաջ շարժվելու փոխարեն, ընտրի հետքայլի և մեկուսացման ուղին:
«Lunar Strike»-ի թողարկումը պլանավորված է 2026 թվականին:
«Lunar Strike»-ը 2026 թվականի նարատիվ արկածային խաղ է «Cognition» ստուդիայից, որը ցույց է տալիս տիեզերագնացության ապագայի մռայլ, բայց իրատեսական սցենար: 2119 թվականին մարդկությունը հրաժարվել է ամբիցիոզ պլաններից գլոբալ ճգնաժամերի և միջուկային պատերազմի պատճառով: Խաղացողը հանդես է գալիս որպես արխիվագետ անկում ապրած լուսնային բազայում, որտեղ նա պետք է պահպանի գիտելիքները և դիմակայի երկրային ծայրահեղականներին: Խաղն ընդգծում է գաղութի սպասարկման, մեկուսացման և տիեզերքի նկատմամբ հետաքրքրության կորստի խնդիրները՝ առաջարկելով ավելի երկրային ու անհանգստացնող հայացք աստղերի միջև մեր հնարավոր ապագային:
month
week
day