Galaxy Book 3 Ultra, Galaxy Book 3 Pro և Galaxy Book Pro 360. այն ամենը, ինչ պետք է իմանալ Samsung-ի նոր նոութբուքների մասին

2 փետրվարի, 2023  14:36

Galaxy Unpacked միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացրել է ոչ միայն Galaxy S23, Galaxy S23+ եւ Galaxy S23 Ultra սմարթֆոնները, այլ նաև մի քանի նոութբուքներ։ Թերևս նոր արտադրանքներից ամենահետաքրքիրը ֆլագմանային Samsung Galaxy Book3 Ultra-ն է, որը համարվում է MacBook Pro-ի գլխավոր մրցակիցը։ Սակայն այն նույնպես էժան չէ՝ 2400 դոլար։

Ուշադրության են արժանի նաև Galaxy Book3 Pro-ն և Galaxy Book3 Pro 360-ը: Այս նոութբուքների էկրաններն AMOLED են, ինչպես Galaxy սմարթֆոնների դեպքում, բայց, իհարկե, ավելի մեծ:

Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում Samsung-ի նորույթները։

Samsung Galaxy Book3 Ultra. MacBook Pro-ի գլխավոր մրցակիցը 

Ֆլագմանային Galaxy Book3 Ultra-ն համարվում է ամենաարագ և կատարողական ցուցանիշներով ամենաարդյունավետ նոութբուքը ողջ Galaxy Book շարքում: Այն հագեցած է Intel Core i7-13700H կամ Intel Core i9-13900H Raptor Lake սերնդի չիպով և NVIDIA GeForce RTX 4050 կամ GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով, որոնք կատարողական լավ ցուցանիշներ ունեն ինչպես ժամանակակից շատ տեսախաղերի, այնպես էլ մի շարք պրոֆեսիոնալ ծրագրերի և հավելվածների օգտագործման ժամանակ։ Նոութբուքների օպերատիվ հիշողությունը տարբեր կոնֆիգուրացիաներում տարբեր է՝ 16 ԳԲ կամ 32 ԳԲ, իսկ ներկառուցված հիշողությունը՝  512 ԳԲ կամ 1 ՏԲ:

Նոութբուքի էկրանը 16 դյույմանոց Dynamic AMOLED 2X է, 2880 × 1800 պիքսել լուծաչափով, թարմացման 120 Հց ադապտիվ արագությամբ և 400 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ: Էկրանը համապատասխանում է VESA ClearMR և DisplayHDR TRUE BLACK 500 ստանդարտներին, որոնք խոսում են այն մասին, որ էկրանը որակյալ պատկեր է ապահովում շարժման ժամանակ պատկերն աղճատող տեսարաններում և սև գույնը ճիշտ պատկերելիս։ Էկրանը ստացել է նաև SGS Eye Care Display վկայական, ինչը նշանակում է, որ այն կապույտ լույս ավելի քիչ է արձակում և ավելի անվտանգ է աչքերի համար:

Samsung-Galaxy-Book3-Ultra

Աուդիո համակարգը բաղկացած է չորս բարձրախոսներից, որոնք ապահովում են հստակ ձայն և լավ բաս: Կան նաև աղմուկի չեղարկման հնարավորությամբ ստուդիայի մակարդակի երկակի խոսափողներ, որոնց աշխատանքը արհեստական բանականության վրա է հիմնված։

Ներկառուցված մարտկոցի հզորությունը 76 Վտ/ժ է, սարքն ունի 100 Վտ հզորությամբ լիցքավորման աջակցություն USB Type-C-ի միջոցով։

Ինչ վերաբերում է միակցիչներին, ապա կա երկու Thunderbolt 4 պորտ, USB-A պորտ, HDMI 2.0 միակցիչ և ականջակալների և խոսափողի համար նախատեսված 3,5 մմ աուդիոմիակցիչ:

Նոութբուքը բավականին բարակ է և թեթև, կորպուսի հաստությունը 10,2 մմ է, իսկ քաշը՝ ընդամենը 1,77 կգ։

Samsung-ի նոր ֆլագմանը նախատեսված է նույն լսարանի համար, ինչ Apple-ի 16 դյույմանոց MacBook Pro-ն: Ընդորում, Samsung Galaxy Book 3 Ultra-ի ամենաէժան կոնֆիգուրացիան (Intel Core i7-13700H, Nvidia GeForce RTX 4050, 16 ԳԲ օպերատիվ հիշողություն, 512 ԳԲ SSD) արժե 2399,99 դոլար, ինչը 100 դոլարով էժան է, քան 16 դյույմանոց MacBook Pro-ի ամենամատչելի տարբերակը։ Իսկ լավագույն կոնֆիգուրացիան (Intel Core i9-13900H, Nvidia GeForce RTX 4070, 32 ԳԲ RAM, 1TB SSD) արժե 3199,99 դոլար:

Samsung Galaxy Book 3 Ultra-ն հասանելի կլինի միայն մոխրագույն տարբերակով և վաճառքում կհայտնվի փետրվարի 22-ին:

Galaxy Book3 Pro․ AMOLED էկրան և 13-րդ սերնդի Intel Core 

Samsung Galaxy Book3 Pro նոութբուքները ներկայացված են երկու՝ 14 և 16 դյույմ տարբերակով։ Թեև երկու տարբերակների էկրանի չափերը տարբեր են, դրանց բնութագրերը նույնն են․ Dynamic AMOLED 2X էկրան՝ 2880 × 1800 պիքսել լուծաչափով և 48-120 Հց թարմացման արագության դինամիկ փոփոխություն: Էկրանի պայծառությունը՝ 400 քդ/մ2: Էկրանը, ինչպես Samsung Galaxy Book 3 Ultra-ի դեպքում, համապատասխանում է VESA ClearMR և VESA DisplayHDR True Black 500 ստանդարտներին: Կա նաև SGS Eye Care սերտիֆիկացում:

Galaxy-Book3-Pro-2-versions

XDA-developers-ի տվյալներով՝ Galaxy Book3 Pro 14-ը հասանելի է տարբեր կոնֆիգուրացիաներով.

  • 14 դյույմանոց տարբերակ՝ Intel Core i7-1360P պրոցեսորով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 512 ԳԲ SSD-ով, որն արժե 1449,99 դոլար,
  • Նույն բնութագրերով, բայց 1TB SSD-ով տարբերակ, որն արժե 1649,99 դոլար,
  • 16 դյույմանոց տարբերակ՝ Intel Core i7-1360P պրոցեսորով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 512 ԳԲ SSD-ով, որը կարժենա 1549,99 դոլար,
  • Վերջապես, նույն բնութագրերով, բայց 1TB SSD-ով տարբերակ, որն արժե 1749,99 դոլար:

Երկու նոութբուքների քաշը բավականին փոքր է՝ 14 դյույմանոց տարբերակը կշռում է ընդամենը 1,17 կգ, 16 դյույմանոցը՝ 1,56 կգ։

Երկուսն էլ ունեն երկու Thunderbolt 4 միակցիչ, մեկ USB Type-A, մեկ HDMI 1.4, microSD քարտի ընթերցիչ և ականջակալների և խոսափողի 3,5 մմ համակցված աուդիոելքեր: Երկու սարքերն էլ ունեն Wi-Fi 6E և Bluetooth 5.1 անլար ստանդարտների աջակցություն:

Երկուսն էլ հասանելի կլինեն կորպուսի մոխրագույն և բաց շագանակագույն տարբերակներով։

Նոութբուքներն արդեն կարելի է նախապես պատվիրել, իսկ վաճառքում դրանք կլինեն փետրվարի 17-ից։

Galaxy Book3 Pro 360. տրանսֆորմեր, որը բացվում է 360 աստիճանով

Samsung-ի ներկայացրած երրորդ հետաքրքիր նոութբուքը Galaxy Book3 Pro 360-ն է։ Նախորդ մոդելներից այն հիմնականում տարբերվում է նրանով, որ էկրանը կարող է բացվել 360 աստիճանով։

Նոութբուքն ունի 16 դյույմանոց էկրան՝ 2880 × 1800 պիքսել լուծաչափով, 120 Հց թարմացման արագությամբ և 400 քդ/մ2 պայծառությամբ։ Այն ունի նաև էլեկտրոնային S-Pen-ի աջակցություն։

Նոր նոութբուքի պրոցեսորը 13-րդ սերնդի Intel Core է, որը համապատասխանում է Intel Evo պլատֆորմի բնութագրերին։ Կա 12 միջուկով Intel Core i5-1340P տարբերակ՝ մինչև 4,6 ԳՀց հաճախականությամբ և 12 միջուկով Intel Core i7-1360P տարբերակ՝ մինչև 5 ԳՀց հաճախականությամբ։

Galaxy-Book3-Pro-360

Ինչ վերաբերում է միակցիչներին, ապա կա երկու Thunderbolt 4.0 միակցիչ, մեկ USB Type-A, մեկ HDMI 1.4, SD հիշողության քարտի ընթերցող և ցանկության դեպքում նաև nano-SIM ֆորմատի SIM քարտի աջակցություն։

Intel Core i7-1360P, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 512 ԳԲ SSD-ով կոնֆիգուրացիան կարժենա 1699,99 դոլար, մինչդեռ նույն կոնֆիգուրացիան 1 ՏԲ SSD-ով կարժենա 1899,99 դոլար:

Նոութբուքը կշռում է 1,71 կգ։

Galaxy Book Pro 360-ն արդեն կարելի է նախապես պատվիրել, իսկ շուկա այն դուրս կգա փետրվարի 17-ին:

Galaxy-Book3-Pro-360


 
 
 
 
  • Արխիվ