GPU՝ նավթի փոխարեն. Firebird-ը վերածում է Հայաստանը ԱԲ-հաբի

6 մայիսի, 2026  16:45

Արհեստական բանականությունը թռիչքաձև փոխում է գլոբալ տնտեսությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ տեխնոլոգիական ազդեցության քարտեզը։ Եթե դեռ վերջերս առանցքային ռեսուրսներ էին համարվում նավթն ու գազը, ապա այսօր ավելի ու ավելի հաճախ խոսում են մեկ այլ դեֆիցիտի՝ հաշվողական հզորությունների մասին։ Այս ֆոնին Հայաստանն անսպասելիորեն հայտնվում է այն երկրների շարքում, որոնք հասանելիություն են ստանում նոր տնտեսության ամենապահանջված ռեսուրսներից մեկին։ 

Ելույթ ունենալով Yerevan Dialogue 2026-ում՝ Firebird AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկայացրեց Firebird AI-ի նախագծի հնարավորություններն ու ներուժը։ Նրա գնահատմամբ՝ խոսքը ոչ թե պարզապես տվյալների կենտրոնի կառուցման մասին է, այլ մի ռեսուրսի հասանելիության, որը առաջիկա տարիներին որոշելու է երկրների մրցունակությունը՝ հաշվողական հզորությունների։

Վստահությունը՝ որպես մուտքի կետ 

Ըստ Եսայանի՝ Firebird նախագծի մասին հայտարարվել էր մեկ տարի առաջ, սակայն դրա իրական նշանակությունը պարզ դարձավ միայն հիմա։ Առանցքային դեր է խաղացել մի գործոն, որի մասին հազվադեպ են ուղղակիորեն խոսում՝ ԱՄՆ-ի կողմից վստահությունը։ Firebird-ը ամերիկյան ընկերություն է, և հենց դա է թույլ տվել նրան թույլտվություն ստանալ խոշոր ԱԲ կլաստեր տեղակայել մի երկրում, որը դասվում է BIS licensed countries կատեգորիային։ Նման թույլտվություններ տրվում են եզակիներին, և դա ինքնաբերաբար նախագիծը դուրս է բերում սովորական ներդրման շրջանակներից։

Լրացուցիչ խթան, ըստ նրա, տվել է TRIPP նախաձեռնությունը, որն ուժեղացրել է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ և ստեղծել քաղաքական-տնտեսական հիմք նման նախագծերի համար։ Firebird-ի համար սա ազդակ էր. Հարավային Կովկասը դադարում է լինել ծայրամաս և սկսում է դիտարկվել որպես նոր ենթակառուցվածքային քարտեզի մաս։

6000-ից մինչև 41,000 GPU

 Եսայանը պատմեց, որ եթե առաջին փուլում խոսքը 6000 GPU-ների գործարկման մասին էր, ապա այժմ նախագիծը դուրս է գալիս բոլորովին այլ մակարդակի։ Երկրորդ փուլը նախատեսում է շուրջ 41,000 չիպ և մոտ 4 միլիարդ դոլարի ներդրում։ Նման հզորությունները կողմնորոշված են ոչ թե տեղական շուկայի, այլ համաշխարհային խոշորագույն խաղացողների՝ այսպես կոչված hyperscalers-ների համար, որոնք զարգացնում են արհեստական բանականության ոլորտի արտադրանքներ։ Եվ այստեղ դրսևորվում է ներկա պահի առանցքային առանձնահատկությունը. հաշվողական ռեսուրսների պահանջարկը բազմապատիկ գերազանցում է առաջարկը։ «Յուրաքանչյուր GPU, որն այսօր աշխատում է աշխարհում, ըստ էության արդեն վաճառված է»,- նշեց Եսայանը։ Նախագծի առաջին փուլը կգործարկվի առաջիկա շաբաթներին, և դրա հզորություններն արդեն իսկ նախապես ամրագրված են։ Երկրորդ փուլի պայմանագրերը նույնպես փաստացի ձևավորված են։

Ինչու՞ հենց հայտնվեց Հայաստանը այս կետում 

րկրի ընտրությունը, ըստ Եսայանի, պատահական չէր. այն մի քանի գործոնների միաժամանակյա համընկնման արդյունք էր։

Առաջինը՝ էներգետիկան։ Որոշման կայացման պահին Հայաստանը գտնվում էր եզակի իրավիճակում. արևային էներգիայի գեներացիայի աճի հետևանքով երկրում առաջացել էր էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Լինում էին ժամանակաշրջաններ, երբ հզորությունները ստիպված էին սահմանափակել ավելցուկի պատճառով։ ԱԲ ինդուստրիայի համար, որտեղ տվյալների կենտրոնները հսկայական քանակությամբ էներգիա են սպառում, սա վճռորոշ առավելություն է։

Երկրորդ գործոնը՝ աշխարհագրությունը և կապակցվածությունը։ Հայաստանը գտնվում է հինգժամյա թռիչքի հեռավորության վրա մի շարք շուկաներից՝ Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։ Սա թույլ է տալիս այն օգտագործել որպես տարածաշրջանային հաբ թվային ծառայությունների մատուցման համար։ Այսպիսով, երկիրը միաժամանակ տիրապետում է և՛ էներգետիկ բազային, և՛ լոգիստիկ առավելությանը՝ հազվագյուտ համադրություն նման նախագծերի համար։

Հասանելիությունը՝ որպես ռազմավարական առավելություն 

Ըստ նրա գնահատականների՝ Հայաստանի համար նախագծի գլխավոր էֆեկտը ոչ թե բուն ներդրումներն են կամ նույնիսկ ենթակառուցվածքը, այլ հաշվողական ռեսուրսների հասանելիությունը։ Հզորությունների մի մասը վերապահված է հայկական կողմին՝ պետության, համալսարանների, հետազոտական կենտրոնների և ստարտափների համար։ Սա սկզբունքորեն փոխում է ողջ էկոհամակարգի հնարավորությունները։ Եթե նախկինում ԱԲ նախագծերի զարգացման սահմանափակումը հենց GPU-ների հասանելիությունն էր, ապա հիմա այդ սահմանափակումը մասնակիորեն հանվում է։

Խաղադրույք էկոհամակարգի վրա, այլ ոչ միայն բիզնեսի 

Firebird-ը, ըստ Եսայանի, գիտակցված ընտրություն է կատարում՝ չսահմանափակվել առևտրային պայմանագրերով, այլ զարգացնել տեղական միջավայրը։ Ընկերությունը պատրաստ է GPU-ներ տրամադրել ստարտափներին, հետազոտական խմբերին և համալսարաններին՝ փաստացի ներդրում կատարելով նրանց մեջ ենթակառուցվածքների հասանելիության միջոցով։ Սա արդեն սկսում է փոխել կրթական և գիտական դաշտը։

Բանակցություններ են ընթանում ԱՄՆ առաջատար համալսարանների հետ, ներառյալ՝ Stanford University, Harvard University և Massachusetts Institute of Technology, հայկական բուհերի հետ համատեղ հետազոտություններ անցկացնելու շուրջ։ Եսայանի բերած հակադրությունը հատկանշական է. այդ համալսարաններում հետազոտողները հաճախ մրցում են մեկ-երկու GPU-ի հասանելիության համար, մինչդեռ Հայաստանը հնարավորություն է ստանում աշխատել շատ ավելի մեծ հզորությունների հետ։


 
 
 
 
  • Archive