Երկար տարիներ արհեստական բանականությունը ներկայացվում էր որպես ծախսերի կրճատման հիմնական գործիք՝ աշխատակիցների հնարավորություններն ընդլայնելու և միաժամանակ գործառնական ծախսերը նվազեցնելու միջոց: Այժմ ձևավորվում է այլ իրականություն. որոշ ընկերություններում ԱԲ համակարգերի շահագործման արժեքը գերազանցել է աշխատակիցների աշխատավարձերի ծախսերը՝ շրջելով ավտոմատացման տնտեսագիտության մասին հաստատված պատկերացումները, հայտնում է Axios-ը:
Ըստ հրապարակման՝ կորպորատիվ ՏՏ բյուջեները «ճաքեր են տալիս», քանի որ ԱԲ ենթակառուցվածքների ծախսերը մի շարք ընկերություններում առաջ են անցնում աշխատավարձի ֆոնդից: Ըստ Nvidia-ի կիրառական խորը ուսուցման գծով փոխնախագահ Բրայան Կատանզարոյի՝ «հաշվարկների արժեքը զգալիորեն գերազանցում է աշխատակիցների վրա կատարվող ծախսերը»։ Այս խոստովանությունը հատկանշական է նրանով, որ հնչում է մի ընկերության թոփ-մենեջերի կողմից, որի GPU-ները ընկած են աշխարհի ԱԲ խնդիրների մեծ մասի հիմքում:
Uber-ը մի քանի ամսում սպառել է ԱԲ-ի ողջ բյուջեն
Այս միտումն արդեն հանգեցրել է աղմկահարույց հայտարարությունների: Uber-ի տեխնիկական տնօրեն Պրավին Նեպպալլի Նագան հայտնել է The Information-ին, որ ընկերությունը սպառել է 2026 թվականի ԱԲ-ի ողջ բյուջեն տարվա մեկնարկից ընդամենը մի քանի ամսում՝ ընկերության ինժեներների շրջանում Anthropic-ի Claude Code-ի արագ տարածման պատճառով: «Ես ստիպված եմ ամեն ինչ նորից սկսել, քանի որ բյուջեն, որը նախատեսում էի օգտագործել այս տարվա ընթացքում, արդեն սպառված է», — հայտարարել է Նագան:
Գերածախսը տեղի է ունեցել ոչ թե ձախողված նախագծի պատճառով, այլ ընդհակառակը՝ գործիքները չափազանց արդյունավետ են եղել: Երբ 2025 թվականի դեկտեմբերին Uber-ը հասանելիություն տվեց Claude Code-ին մոտ 5,000 ինժեների համար, մինչև փետրվար օգտագործումը գրեթե կրկնապատկվեց: Մարտին մշակողների 84%-ը դասվել էր գործակալային ծրագրավորման օգտատերերի կարգին, իսկ գրանցված կոդի մոտ 70%-ը գեներացվել էր ԱԲ-ի կողմից:
Շաբաթական կատարվում էր կոդի շուրջ 1,800 փոփոխություն՝ առանց մարդու անմիջական մասնակցության: Ծախսերի խնդիրը պայմանավորված է թոքենների վրա հիմնված սակագնով. ծախսերը կտրուկ աճում են, երբ ինժեներները գործարկում են զուգահեռ գործակալներ և իրականացնում կոդային բազայի ամբողջական ռեֆակտորինգ, ինչի պատճառով API-ի ամսական ծախսերը մեկ ինժեների համար հասնում են 500-ից 2,000 դոլարի:
Տրիլիոնանոց տեղաշարժ
Ծախսերի ընդհանուր պատկերը արտացոլում է նույն միտումները: Gartner-ի վերջին եռամսյակային կանխատեսման համաձայն, որը հրապարակվել է ապրիլի վերջին, 2026 թվականին համաշխարհային ՏՏ ծախսերը կհասնեն 6,31 տրիլիոն դոլարի, ինչը 13,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Միայն տվյալների մշակման կենտրոնների ծախսերը, ըստ կանխատեսումների, կաճեն 55,8%-ով և կմոտենան 788 միլիարդ դոլարի՝ ԱԲ խնդիրների համար հաշվողական հզորությունների և բարձր արտադրողականությամբ պրոցեսորների պահանջարկի հաշվին:
Կայունության հարցը
Արագորեն աճող ծախսերը ստիպում են ընկերությունների ղեկավարներին մտորել՝ արդյո՞ք ԱԲ-ի զանգվածային ներդրումն արդարացված է ֆինանսական տեսանկյունից: Չնայած հետազոտությունների և մշակումների համար նախատեսված 3,4 միլիարդ դոլար բյուջեին, Uber-ը չէր հաշվարկել, թե որքան արագ կսկսվի տեխնոլոգիայի համատարած յուրացումը: Կատանզարոն, ում թիմերը Nvidia-ում դժվարությամբ են ձեռք բերում բավարար քանակությամբ GPU-ներ համաշխարհային դեֆիցիտի պայմաններում, խնդրի էությունը ձևակերպեց շատ պարզ. «Մենք բոլորս սահմանափակված ենք առաջարկով»: Այն ընկերությունների համար, որոնք մրցավազքի մեջ են ԱԲ-ն իրենց գործընթացներում ներդնելու համար, անհարմար թվաբանությունը դառնում է ավելի ակնհայտ. մեքենաները գուցե և արդյունավետ են, բայց իրենց կիրառումը այլևս ավելի էժան չի նստում:
month
week
day