PayPal-ը և NetApp-ը ընդհանուր մոտ 3000 աշխատակցի կկրճատեն

1 փետրվարի, 2023  11:55

Առցանց վճարային ծառայություններ մատուցող PayPal ընկերությունը և տվյալների պահպանության և կառավարման լուծումների մշակմամբ զբաղվող NetApp ընկերությունը ընդհանուր շուրջ 3000 աշխատակցի կազատեն աշխատանքից։

Կրճատումներ PayPal-ում

PayPal-ը նախատեսում է կրճատել շուրջ 2000 աշխատակցի, կամ իր աշխատողների 7%-ը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, PayPal-ը բացատրել է, որ ստիպված է եղել նման որոշում կայացնել, քանի որ բախվել է «մակրոտնտեսական դժվար միջավայրի» խնդիրներին:

«Մենք պետք է շարունակենք փոխվել, քանի որ մեր աշխարհը, մեր հաճախորդները և մեր մրցակցային լանդշաֆտը զարգանում են»,- հայտարարել է PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը։

Ըստ Bloomberg-ի՝ Դեն Շուլմանն ասել է, որ կրճատումները կսկսվեն առաջիկա շաբաթներին։ «Չնայած մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր ծախսերի կառուցվածքը ճշգրտելու հարցում և մեր ռեսուրսները կենտրոնացրել ենք մեր հիմնական ռազմավարական առաջնահերթությունների վրա, մենք ավելի շատ անելիքներ ունենք»,- ասել է Շուլմանը:

Գործակալությունը նշում է, որ կորոնավիրուսային համավարակից հետո այս հարթակում արվող գործարքների աճի տեմպի դանդաղումը բացասաբար է ազդել PayPal-ի բաժնետոմսերի գնի վրա․ դրանց գինը վերջին ամիսներին շարունակ նվազել է։ Ընկերությունը հայտարարել է, որ կկրճատի ծախսերը՝ ներառյալ աշխատատեղերի կրճատման և գրասենյակների փակման միջոցով։

bloomberg chart.JPG (95 KB)

Կրճատումներ NetApp-ում

NetApp ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է կրճատել իր աշխատուժի 8%-ը։ Անցյալ տարվա ապրիլի դրությամբ NetApp-ի տվյալներով՝ ընկերության գլոբալ աշխատակազմը կազմում էր 12,000 աշխատակից, այսինքն՝ հիմա կրճատվելու է մոտ 960 աշխատակից։

NetApp-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրիանն ասել է, որ տնտեսական անորոշությունը «հանգեցնում է ՏՏ  ծախսերի հարցում ավելի մեծ պահպանողականության», ինչը նշանակում է, որ հաճախորդների ծախսերը նվազել են: «Մենք ապահովագրված չենք այս մարտահրավերներից»,- նշել է նա՝ հավելելով, որ ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ իր բիզնեսի այն ոլորտների վրա, որտեղ կարող է հասնել ամենամեծ աճի։

Ընկերության գործադիր տնօրենը նաև ասել է, որ կրճատումները կսկսվեն այս եռամսյակում, իսկ գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև 2023 թ․ ֆինանսական տարվա վերջ: Կուրիանը մանրամասնել է, որ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ու Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները շարունակում են տեղական խորհրդակցությունները կրճատումների վերաբերյալ։

Ուշագրավ է, որ աշխատատեղերի կրճատումները կատարվում են չնայած այն հանգամանքին, որ NetApp-ը լավ արդյունքներ է գրանցել երկրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին։ Ընկերությունը ստացել է ռեկորդային հասույթ՝ 1,66 մլրդ դոլար, ինչը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ NetApp-ի շահույթը կազմել է 750 միլիոն դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ ֆինանսական տարվա նույն եռամսյակի 224 միլիոն դոլարի շահույթին։

Համատարած կրճատումներ ՏՏ ոլորտում

Նշենք, որ ՏՏ ոլորտում կրճատումներն սկսվել են դեռ անցած տարվանից։ Կրճատումների մասին են հայտարարել ՏՏ ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Օրինակ՝ Amazon-ը հայտարարել է, որ նախատեսում է կրճատել 18,000 աշխատատեղ, Google-ը (Alphabet) հայտարարել է, որ կկրճատի 12,000 աշխատակցի, ընդորում՝ կրճատման տակ են հայտնվել նույնիսկ 1 մլն դոլար աշխատավարձ ստացողներ։

ՏՏ հսկաներից Microsoft-ն իր հերթին հայտարարել է, որ նախատեսում է կրճատել 10,000 աշխատակցի, իսկ IBM-ը կկրճատի 3900 աշխատատեղ։ Անցած տարված դեկտեմբերին կրճատումների մասին են հայտարարել նաև Vimeo-ն, Micron Technology-ն, իսկ անցած շաբաթ նաև շվեդական Spotify-ը, որը նշել է, որ նախատեսում է կրճատել մոտ 10,000 աշխատակցի՝ իր ընդհանուր աշխատուժի 6%-ը։ 


 
 
 
 
  • Արխիվ