Տնտեսության ակտիվ թվայնացման պայմաններում հետզհետե ավելի մեծ դեր են սկսում խաղալ հարթակային լուծումները, որոնք ունակ են միավորել տարբեր ոլորտները մեկ միասնական էկոհամակարգում: Հայաստանում նման օրինակներից է imID հարթակը, որն ստեղծվել է բանկերի և հեռահաղորդակցության ընկերությունների մասնակցությամբ՝ երկու առանցքային ոլորտների, որոնք ձևավորում են ժամանակակից թվային ենթակառուցվածքի հիմքը:
Հաջողվե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը դառնալ հենց այն «չեզոք գոտին», որտեղ հատվում են շուկայի տարբեր խաղացողների շահերը, և արդյոք այն իսկապես նպաստում է տնտեսության տարբեր հատվածների ինտեգրմանը մեկ միասնական թվային տիրույթում: Այս ամենի մասին NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում պատմել է imID-ի տնօրեն Կարեն Մկոյանը:
Նրա խոսքով՝ imID-ն արդեն իսկ շատ առումներով դարձել է հենց այն «չեզոք գոտին», որն ունակ է միավորել տնտեսության տարբեր հատվածները:
«Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, բայց եթե հիշենք, թե ինչ էր մեկ-մեկուկես տարի առաջ... Այն ժամանակ նույնականացումը հիմնականում ասոցացվում էր հարկային ծառայության, ոստիկանությունում տուգանքների վճարման և նմանատիպ գործընթացների հետ»,- նշել է նա:
Ըստ Մկոյանի՝ այսօր իրավիճակը նկատելիորեն փոխվել է. մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ հարթակին ակտիվորեն միանում են բանկերը, վարկային կազմակերպությունները և հեռահաղորդակցության ընկերությունները: Այսպիսով, imID-ի էկոհամակարգին միանում են ոչ միայն պետական կառույցները, այլև բիզնեսը, իսկ հարթակն ինքնին փաստացիորեն քաղաքացիներին տրամադրում է ունիվերսալ գործիք՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ծառայությունների հետ փոխգործակցության համար:
Նա նաև ընդգծել է, որ նման ինտեգրումն արդեն իսկ ազդեցություն է թողնում փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա: Մասնավորապես, զգալիորեն պարզեցվել են գործարքների իրականացման գործընթացները. եթե նախկինում դրանք ուղեկցվում էին թղթային փաստաթղթաշրջանառությամբ, հերթերով և գրասենյակներ անձամբ այցելելու անհրաժեշտությամբ, ապա այժմ շատ գործառնություններ անցել են առցանց ձևաչափի: «Ամենակարևորը՝ գործարքներ կատարելն ավելի հեշտ է դարձել»,- պարզաբանել է նա:
Մկոյանը բերել է նաև կոնկրետ օրինակներ: Պետական հատվածում արդեն ներդրվում են լուծումներ, որոնք թույլ են տալիս, օրինակ, ամբողջությամբ առցանց ձևակերպել ավտոմեքենայի առուվաճառքի գործարքը՝ հետագա իրավաբանական ուժ ունեցող ստորագրմամբ: Մասնավոր հատվածում փոփոխությունները նույնպես ակնհայտ են. եթե նախկինում սպասարկման կենտրոններում պահանջվում էր անցնել նույնականացման երկարատև ընթացակարգ՝ բազմաթիվ հարցերով, ապա այժմ բավական է հաստատել ինքնությունը imID-ի միջոցով, և օպերատորը վայրկյանների ընթացքում ստանում է բոլոր անհրաժեշտ տվյալները:
Մկոյանը նշել է տեխնոլոգիայի նկատմամբ արտասահմանյան գործընկերների մեծ հետաքրքրությունը: Նրա խոսքով՝ նախնական փուլում ընկերությունը կենտրոնացել է ոչ թե ապրանքների, այլ վստահելի ծառայությունների հուսալի ենթակառուցվածքի ստեղծման վրա, ինչը պահանջել է զգալի ներդրումներ և տևական խորհրդատվություններ:
«Մենք միանգամից չգնացինք դեպի ապրանքներ (products), այլ կենտրոնացանք ենթակառուցվածքի վրա: Այդ ընթացքում մենք ուսումնասիրել ենք եվրոպական երկրների փորձը, ծանոթացել առանցքային խաղացողների հետ. ինչ-որ մեկն այցելում էր մեզ, ինչ-որ մեկի մոտ գնում էինք մենք, և մենք ունեցել ենք շատ խորը քննարկումներ»,- պատմել է նա:
Նա պարզաբանել է, որ լուծումների մշակման ժամանակ ընկերությունը կողմնորոշվում է դեպի համաշխարհային առաջատար ստանդարտները, ներառյալ էլեկտրոնային նույնականացման և թվային ստորագրության ոլորտում եվրոպական կարգավորումը (eIDAS), որը փաստացիորեն միջազգային չափանիշ (benchmark) է այս բնագավառում: Ըստ նրա՝ այդ ստանդարտներին համապատասխանությունն ապահովվում է ինչպես տեխնոլոգիական մակարդակում, այնպես էլ անվտանգության գործընթացներում ու մոտեցումներում:
Ի հաստատումն սրա՝ imID-ն արդեն անցնում է աուդիտ համապատասխան մանդատ ունեցող եվրոպական ընկերության կողմից: Ընդ որում, ինչպես ընդգծել է Մկոյանը, ընկերությունը գիտակցաբար ընտրել է ամենախիստ աուդիտորներից մեկին: «Մենք հատուկ ընտրել ենք առավելագույնս խիստ աուդիտ, որպեսզի ոչ միայն շուկային ապացուցենք, որ մեր լուծումները համապատասխանում են հայտարարված մակարդակին, այլև ինքներս ստանանք անկախ գնահատական»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այս որոշումը թելադրված է ոչ միայն հեղինակության նկատառումներով, այլև ներքին պահանջով՝ համոզվելու, որ ստեղծված ենթակառուցվածքը լիովին համապատասխանում է այն բարձր ստանդարտներին, որոնք թիմը դրել էր մշակման փուլում:
Նրա խոսքով՝ այս պահին հարթակի օգտատերերի թիվը հասել է 462 հազարի, ինչը նշանակում է մոտ 300% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, արդեն մոտ ժամանակներս սպասվում է 500 հազար օգտատիրոջ շեմի հաղթահարումը, իսկ մինչև տարեվերջ՝ մեկ միլիոնին մոտենալը:
Լսարանի աճն ուղղակիորեն արտացոլվում է նաև գործառնությունների քանակի վրա: Եթե նախկինում մեկ օգտատիրոջ հաշվով ամսական միջինում բաժին էր ընկնում մոտ մեկուկես տրանզակցիա, ապա այժմ այդ ցուցանիշը մոտեցել է հինգին:
Ըստ նրա՝ այսօր ամսական գործառնությունների քանակը հասնում է 2–3 միլիոնի, ինչը տպավորիչ արդյունք է: Սակայն, ինչպես նշել է Մկոյանը, աճի ներուժը մնում է զգալի. եթե կողմնորոշվենք միջազգային փորձով, նմանատիպ մասշտաբի երկրներում այս ցուցանիշը կարող է հասնել մեկ օգտատիրոջ հաշվով մոտ 30 տրանզակցիայի: Սա նշանակում է, որ հարթակը բազմապատիկ աճի տեղ ունի: «Տեմպերն իսկապես շատ տպավորիչ են, և մենք ակնկալում ենք, որ արդեն հաջորդ տարի կկարողանանք առնվազն կրկնապատկել ընթացիկ ցուցանիշները»,- եզրափակել է նա:
month
week
day