Ավանդական թվային տրանսֆորմացիան, որին դեռ մի քանի տարի առաջ մեծ ուշադրություն էր դարձվում, արդեն սպառել է իրեն. այսպիսի կարծիք ունի Amazon Web Services-ի AI Europe ստորաբաժանման ղեկավար Մատիաս Ունդուրագան:
Երևանում անցկացվող Doing Digital Forum-ի շրջանակներում նա կիսվել է տեխնոլոգիաների էվոլյուցիայի և բիզնեսում արհեստական բանականության դերի վերաբերյալ իր տեսլականով:
Նրա խոսքով՝ թվային տրանսֆորմացիան առաջին հերթին վերաբերում էր փաստաթղթերի թվայնացմանը, գործընթացները օֆլայնից օնլայն տիրույթ տեղափոխելուն և ճկունության բարձրացմանը: Այսօր, շարունակել է Ունդուրագան, առանցքային միտումները կապված են ինքնավար ծրագրային համակարգերի և գործակալների հետ, ինչը պահանջում է անցում կատարել AI-native հայեցակարգին:
Մասնագետն ընդգծել է, որ ԱԲ-ի ներդրումը չի նշանակում աշխատատեղերի կորուստ. «Պետք չէ վախենալ, որ ԱԲ-ն կխլի աշխատանքը: Պետք է ընդունել ԱԲ-ն և ուսումնասիրել այն: Սա մտածողության փոփոխության և նոր հմտությունների տիրապետման հարց է»: Նա հավելել է, որ հաջող անցման համար անհրաժեշտ է փոխել աշխատակիցների ուսուցման և ընկերությունների կառավարման մոտեցումը՝ շեշտը դնելով փորձարկումների և նոր տեխնոլոգիաների հարմարեցման վրա:
Ունդուրագան նշել է Doing Digital Forum-ի նման հարթակների առանձնահատուկ դերը: Դրանք տարածություն են ստեղծում բիզնեսի ապագայի շուրջ քննարկումների համար, օգնում են ընկերություններին և մասնագետներին փոխել մտածողությունը և յուրացնել նոր տեխնոլոգիաները:
«Ֆորումը հնարավորություն է բացում քննարկելու՝ արդյոք ավարտվել է թվային տրանսֆորմացիայի դարաշրջանը, և ինչպես ընկերությունները կարող են սկսել հարմարվել AI-native-ին», — ընդգծել է նա:
Փորձագետը նաև նշել է նման միջոցառումները հենց Երևանում անցկացնելու կարևորությունը: «Մարդկանց համար կարևոր է սա լսել ուղղակիորեն, կենդանի շփմամբ: Ֆորումի անցկացումն այստեղ իմաստ ունի տեղական լսարանի համար», — պարզաբանել է նա:
Ինչ վերաբերում է տեխնոլոգիական վերափոխումներում Հայաստանի առաջատարությանը, Ունդուրագան լավատեսություն է հայտնել. «Առաջատար դառնալու ուղին բաց հարթակների ստեղծումն է, որտեղ մարդիկ կարող են միավորվել և կիսվել գաղափարներով: Կարծում եմ՝ Հայաստանը լավ դիրքում է, որպեսզի իրեն դիրքավորի որպես առաջնորդ և երկիր, որն իսկապես շահագրգռված է այս փոփոխություններով»:
month
week
day