ԱՄՆ ՄԶԳ-ն $5 մլն կտրամադրի՝ աջակցելու Հայաստանի և AWS-ի համագործակցությանը՝ ուղղված ՀՀ-ում ծառայությունների թվայնացմանը

10 հուլիսի, 2024  12:45

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 5 մլն դոլար կտրամադրի՝ աջակցելու Amazon Web Services ընկերության և Հայաստանի կառավարության համագործակցությանը, որն ուղղված է առաջ մղելու Հայաստանում թվային փոխակերպման, թվային ենթակառուցվածքների և ամպային տեխնոլոգիաների զարգացման գործընթացին: Այս մասին այսօր՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը:

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարության առաջնորդները նվիրումով են մոտենում կիբեռանվտանգության խնդիրներին: Amazon Web Services-ը կօգնի Հայաստանին՝ կյանքի կոչելու այս տեսլականը պաշտոնական գործընկերության միջոցով: Սրանով կսկսեն արդիականացնել համակարգը և ավելի լավ պատրաստել Հայաստանի առկա թվայնացված համակարգերը, որպեսզի նրանք դիմակայեն կիբեռհարձակումներին, բնական աղետներին, այլ ճգնժամերին, նաև որպեսզի կարողանան թվայնացնել հանրային ու պետական ծառայությունները:

Այս հարթակը կօգնի հայերին այնպիսի հարցերում, ինչպիսիք են ՀՀ-ում վարորդական իրավունք ստանալը, մահվան կամ ծննդյան վկայականներ ստանալը կամ ֆինանսական աջակցության համար դիմելը: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել այդ հավելվածի միջոցով: Սրանք օրինակներ են, թե ինչպես ավելի թափանցիկ, ավելի ժողովրդավար հաստատությունները կարող են իմաստալի ձևով փոխել մարդկանց կյանքը»,- ասաց Սամանտա Փաուերը:

Նրա խոսքով՝ այս կարևոր պետական ծառայությունները թվայնացնելը կպահանջի անվտանգ և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբեռհարձակումներին, որոնք կառավարվում են հստակ կարգավորող կանոններով և հարգում են մարդկանց անձնական կյանքը, անձնական տվյալները:

«Սրանով Հայաստանի կառավարությունը կնպաստի փորձագիտության զարգացմանը, կբերի նորարար տեխնոլոգիաներ ՀՀ քաղաքացիների համար, միաժամանակ պաշտպանելով նրանց անձնական տվյալները: Amazon Web Services-ի պրոֆեիսոնալիզմը կօգնի ՀՀ-ին արագ զարգանալ և թվայնացնել իր համակարգերը: Amazon Web Services-ը կանցկացնի վերապատրաստումներ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, և կօգնի Հայաստանին կառուցել և պաշտպանել իր ինքնիշխանությունը բոլոր նրանցից, որոնք կցանկանան վնաս հասցնել: Հնարավոր է, որ սա նաև կստեղծի նոր աշխատատեղեր, կօգնի մարդկանց ավելի շատ գումար վաստակել»,- հայտարարեց Սամանտա Փաուերը՝ հավելելով, որ իրենք կարող են օգնել Հայաստանին՝ կառուցելու արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն:

Իր հերթին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ այս համագործակցության արդյունքում Հայաստանը կունենա թվայնացված նոր ծառայություններ, որոնք հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:

«Մենք Amazon Web Services-ի մեր գործընկերների հետ ունեցել ենք չափազանց կառուցողական և արդյունավետ հանդիպում: Amazon Web Services-ի մեր գործընկերներն անմիջապես արձագանքել են Հայաստանի կողմից ընդունված «ամպային առաջինը» քաղաքականությանը: Վստահաբար, այս հարցում ևս մենք համագործակցելու ենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ՝ ապահովելու պետական և մասնավոր հատվածում կարողությունների զարգացումը՝ ամպային տեխնոլոգիաների անցնելու նպատակով»,- ասաց ԲՏԱ նախարարը:


 
 
 
 
  • Արխիվ