Արաբական լուսնագնաց Rashid-ն առաջին անգամ Լուսնի վրա կփորձարկի ԱԲ-ով աշխատող համակարգ

31 հունվարի, 2023  12:10

ԱՄԷ-ում կառուցված Rashid լուսնագնացն առաջին անգամ կփորձարկի արհեստական ​​բանականության (ԱԲ) վրա հիմնված մեքենայական ուսուցման համակարգը Լուսնի վրա, ուր այն ուղարկվել է 2022-ի դեկտեմբերին՝ Hakuto-R վայրէջքային մոդուլով։

Ինչպես տեղեկացնում է Space.com կայքը: Սա առաջին դեպքն է, երբ ԱԲ-ն օգտագործվում է Երկրից և Երկրի ցածր ուղեծրից դուրս գտնվող տարածքում:

Կանադական Mission Control Space Services (MCSS) ընկերության մշակած ԱԲ այս համակարգը կօգտագործի խորը ուսուցման ալգորիթմներ լուսնագնացից ստացած պատկերներում Լուսնի մակերևույթի երկրաբանական առանձնահատկությունները որոշելու, հնարավոր վտանգների մասին օպերատորներին տեղեկացնելու համար, ինչպես նաև կօգնի լուսնագնացի երթուղին որոշելու հարցում։

MCSS-ը լուսնագնացից նավիգացիոն պատկերներ կստանա վայրէջքային մոդուլի միջոցով, որը կապ կպահի Երկրի հետ: MCSS-ի գործադիր տնօրեն Յուան Ռիդն ասել է, որ կանադական ընկերության խորը ուսուցման ալգորիթմի օգնությամբ «պատկերի յուրաքանչյուր պիքսել կդասակարգվի որպես տեղանքի որոշակի տեսակ»: Հենց այս տվյալներն էլ գիտնականները կօգտագործեն լուսնագնացի հետագա երթուղին որոշելու համար։

Rashid-ի ծառայության ժամկետը ընդամենը մեկ լուսնային օր է՝ 14,5 երկրային օր: Այն Լուսին կհասնի 2023 թ․ ապրիլի վերջին։ ԱԲ-ի կիրառման շնորհիվ գիտնականները կկարողանան լուսնագնացն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ։ Ռեյդի խոսքով՝ ԱԲ համակարգը նաև թույլ կտա զգալիորեն խնայել սահմանափակ թողունակություն ունեցող կապուղին, և Երկիր կուղարկվեն միայն այն տվյալները, պատկերները և տեսանյութերը, որոնք իսկապես անհրաժեշտ են գիտնականներին։

«Մենք արհեստական բանականությունը տիեզերքում տեղակայելու հսկայական հնարավորություն ենք տեսնում»,- ասել է Ռեյդը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի, ապա Լուսնի վրա այս առաքելությունը թույլ կտա MCSS-ին «աջակցել այլ ընկերություններին և կազմակերպություններին, որպեսզի նրանք ևս իրենց ապագա առաքելությունների շրջանակում ԱԲ-ն տեղակայեն տիեզերքում։

Յուան Ռիդը նաև ասել է, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա ԱԲ-ն կարևոր գործիք կդառնա տիեզերանավի վրա որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի աշխատանքների դեպքում, ինչպիսին է Լուսնի վրա ջրի որոնումը, ինչը NASA-ն նախատեսում է իրականացնել նաև Artemis առաքելությունների շրջանակում։ Բացի դրանից, այն կարող է օգտագործվել Երկրի դիտարկումն ավելի արդյունավետ դարձնելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ