Դուբայում անցկացվող աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային ֆորումներից մեկը՝ TOKEN2049-ը, տեղափոխվել է գրեթե մեկ տարով։ Միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել 2026 թվականի ապրիլի 29-30-ին, կկայանա 2027 թվականի ապրիլի 21-22-ին։ Այդ մասին հայտնել են կազմակերպիչները՝ Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի սրման ֆոնին, փոխանցում է Coin Gabbar-ը։
Համաժողովը ավանդաբար անցկացվում է Madinat Jumeirah համալիրում և ամեն տարի հավաքում է հազարավոր ստարտափների հիմնադիրների, ներդրողների և բլոկչեյն ընկերությունների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից։
Ոլորտային աղբյուրների տվյալներով՝ տեղափոխման որոշումը կայացվել է տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական լարվածության պատճառով, որը ռիսկեր է ստեղծել միջազգային ուղևորությունների և հյուրերի մասնակցության համար։
Պատճառը՝ դրոնների և հրթիռների միջադեպերը
Տեղափոխման հիմնական պատճառներից մեկը դարձել են Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած ռազմական իրադարձությունները։ Հաղորդվում է, որ հակամարտության սրման ընթացքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո տարածաշրջանում արձանագրվել են անօդաչու սարքերի հարձակումներ և հրթիռների բեկորների անկում։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրթիռի բեկորներ են ընկել Palm Jumeirah կղզում, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, ինչպես նաև վնասվել է գույք։
Բացի այդ, խափանումներ են գրանցվել Dubai International Airport օդանավակայանի աշխատանքում․ դրա հարևանությամբ վայրէջք են կատարել անօդաչու սարքեր, ինչը հանգեցրել է թռիչքների չեղարկման և ուշացումների։
Ըստ BBC-ի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտնել են, որ հակամարտության սկզբից տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 դրոն և հրթիռ։ Արդյունքում վնասվել են մի շարք շենքեր և հյուրանոցներ։
Այս ֆոնին մի շարք միջազգային ընկերություններ նույնպես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, Standard Chartered և Citigroup բանկերը իրենց աշխատակիցների մի մասին տեղափոխել են հեռավար աշխատանքի։
Անորոշություն՝ տոմսերի վերադարձի հարցում
Համաժողովի տեղափոխման հայտարարությունից հետո հիմնական հարցերից մեկը դարձել է արդեն գնված տոմսերի ճակատագիրը։
Կազմակերպիչները հայտնել են, որ հովանավորության պայմանագրերը ավտոմատ կերպով տեղափոխվել են 2027 թվականի միջոցառմանը։ Սակայն դեռևս չի հստակեցվել՝ կվերադարձվեն արդյոք մասնակիցների վճարած գումարները, թե նրանց տոմսերը ավտոմատ կերպով կտեղափոխվեն նոր ամսաթվերին։
Միջոցառման տոմսերի արժեքը տատանվում էր 699 դոլարից՝ հիմնական մուտքի համար, մինչև 5999 դոլար՝ պրեմիում փաթեթների համար։
TOKEN2049-ը համարվում է Web3 և բլոկչեյն ոլորտի ամենաազդեցիկ միջոցառումներից մեկը։ Նախորդ համաժողովին մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ, շուրջ 200 խոսնակ և հարյուրավոր ընկերություններ՝ ավելի քան 160 երկրներից։ Սպասվող բանախոսների թվում էին ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում Պաոլո Արդոինոն, Ռիչարդ Թենգը, ինչպես նաև Պավել Դուրովը։
month
week
day