Չինացի և ամերիկացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է փոխել ձևը և գալ «հեղուկ» վիճակի. մշակողների ցուցադրած տեսանյութում ռոբոտին հաջողվել է դուրս գալ վանդակից, ինչպես T-1000 տերմինատորը հայտնի ֆիլմից։
Ռոբոտի ստեղծման համար Չինաստանի մի քանի գիտական ինստիտուտների գիտնականները Քարնեգի Մելլոնի համալսարանի ամերիկացի գործընկերների հետ միասին օգտագործել են այսպես կոչված մագնիսական ակտիվ նյութ (MPTM), որի վիճակը մագնիսական դաշտի ազդեցությամբ կարող է պնդից փոխվել հեղուկի և հակառակը:
Ռոբոտը կազմված է նեոդիմ-երկաթ-բորից բաղկացած մագնիսական միկրոմասնիկներից, որոնք ինտեգրված են գալիումին՝ մետաղ, որը հալվում է բավականին ցածր ջերմաստիճանում՝ 29,8 աստիճան Ցելսիուս: Որոշակի բնութագրերով մագնիսական դաշտերի ազդեցության տակ այս մետաղը կարող է հալչել առանց ջերմության հատուկ աղբյուրի։
«Հեղուկ» վիճակում ռոբոտը կարող է «բաժանվել» մասերի, իսկ հետո նորից միաձուլվել, ինչը նրան հնարավորություն է տալիս փոխել իր ձևը։ Ընդորում, ռոբոտի ձևն ու շարժումները կառավարվում են մագնիսական դաշտով։
Ո՞ր ոլորտներում կարող են օգտագործվել նման ռոբոտներ
Ապագայում մի օր այս տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ մարդանման ռոբոտների համար, որոնք, դառնալով հեղուկ, կկարողանան անցնել ցանկացած խոչընդոտի միջով։ Բայց այդ օրը դեռ շատ հեռու է։
Ըստ Vice.com-ի՝ ավելի տեսանելի ապագայում MPTM տեխնոլոգիան կարող է օգտագործվել դեղերը ցանկալի օրգաններին հասցնելու, ստամոքսից օտար առարկաները հեռացնելու և շատ այլ առաջադրանքների համար:
Փորձագետները նաև փորձարկել են այս նյութի՝ պատերի վրա բարձրանալու, խոչընդոտները հաղթահարելու, մասերի բաժանվելու, ապա նորից հավաքվելու կարողությունը։
ամիս
շաբաթ
օր