Գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է «հեղուկ» դառնալ. նա կարողացել է վանդակից դուրս գալ T-1000 տերմինատորի նման

27 հունվարի, 2023  10:22

Չինացի և ամերիկացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է փոխել ձևը և գալ  «հեղուկ» վիճակի. մշակողների ցուցադրած տեսանյութում ռոբոտին հաջողվել է դուրս գալ վանդակից, ինչպես T-1000 տերմինատորը հայտնի ֆիլմից։

Ռոբոտի ստեղծման համար Չինաստանի մի քանի գիտական ​​ինստիտուտների գիտնականները Քարնեգի Մելլոնի համալսարանի ամերիկացի գործընկերների հետ միասին օգտագործել են այսպես կոչված մագնիսական ակտիվ նյութ (MPTM), որի վիճակը մագնիսական դաշտի ազդեցությամբ կարող է պնդից փոխվել հեղուկի և հակառակը:

Ռոբոտը կազմված է նեոդիմ-երկաթ-բորից բաղկացած մագնիսական միկրոմասնիկներից, որոնք ինտեգրված են գալիումին՝ մետաղ, որը հալվում է բավականին ցածր ջերմաստիճանում՝ 29,8 աստիճան Ցելսիուս: Որոշակի բնութագրերով մագնիսական դաշտերի ազդեցության տակ այս մետաղը կարող է հալչել առանց ջերմության հատուկ աղբյուրի։

«Հեղուկ» վիճակում ռոբոտը կարող է «բաժանվել» մասերի, իսկ հետո նորից միաձուլվել, ինչը նրան հնարավորություն է տալիս փոխել իր ձևը։ Ընդորում, ռոբոտի ձևն ու շարժումները կառավարվում են մագնիսական դաշտով։

Ո՞ր ոլորտներում կարող են օգտագործվել նման ռոբոտներ

Ապագայում մի օր այս տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ մարդանման ռոբոտների համար, որոնք, դառնալով հեղուկ, կկարողանան անցնել ցանկացած խոչընդոտի միջով։ Բայց այդ օրը դեռ շատ հեռու է։

Ըստ Vice.com-ի՝ ավելի տեսանելի ապագայում MPTM տեխնոլոգիան կարող է օգտագործվել դեղերը ցանկալի օրգաններին հասցնելու, ստամոքսից օտար առարկաները հեռացնելու և շատ այլ առաջադրանքների համար:

Փորձագետները նաև փորձարկել են այս նյութի՝ պատերի վրա բարձրանալու, խոչընդոտները հաղթահարելու, մասերի բաժանվելու, ապա նորից հավաքվելու կարողությունը։

 


 
 
 
 
  • Արխիվ