Նպատակը Հայաստանը ԱԲ տվյալների կենտրոնների «պարտեզ» դարձնելն է. Մխիթար Հայրապետյան

16 փետրվարի, 2026  17:00

Հայաստանի կառավարությունն ունի հստակ տեսլական և ռազմավարական նպատակ՝ Հայաստանը վերածել արհեստական բանականության տվյալների կենտրոնների յուրօրինակ «պարտեզի»: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ խոսքը երկրում տարբեր տեխնոլոգիական կլաստերների ձևավորման և հաշվողական ռեսուրսների ծավալով համաշխարհային առաջատարների շարքում հայտնվելու ձգտման մասին է: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում էներգետիկ ապահովման հարցը:

Հայրապետյանն ընդգծել է, որ տվյալների մշակման կենտրոնները և արհեստական բանականության ենթակառուցվածքները պահանջում են զգալի էներգետիկ ռեսուրսներ, հատկապես դրանց ստեղծման սկզբնական փուլերում: Այս փուլում, հաշվի առնելով առկա ռեսուրսներն ու նախագծերը, Հայաստանն ունի անհրաժեշտ հնարավորությունները այդ կարիքները սեփական էներգետիկ ենթակառուցվածքների հաշվին ծածկելու համար, ներառյալ միջուկային էներգետիկան և «կանաչ» էներգետիկ տեխնոլոգիաները:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանը «հաբի» վերածելու ծրագրերը, դիտարկվում են նաև էներգիայի կուտակման ժամանակակից լուծումներ, ինչը լրացուցիչ բարձրացնում է համակարգի կայունությունը:

Նախարարի խոսքով՝ տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացումն առաջիկա տարիներին կհանգեցնի էներգառեսուրսների նոր՝ զգալիորեն ավելի բարձր պահանջարկի ձևավորմանը: Պետությունը գիտակցում է այս մարտահրավերը և տվյալների կենտրոնների ու հաշվողական հզորությունների էներգետիկ կարիքների ապահովումը դիտարկում է որպես սեփական ռազմավարական պատասխանատվության մաս: Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է սեփական ուժերով և սեփական ներուժի հաշվին սպասարկել տեխնոլոգիական առաջընթացը՝ պայմաններ ստեղծելով երկրի ներսում հաշվողական ռեսուրսների արտադրության և տեղակայման համար:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված և արդեն իսկ գործնական քայլեր է ձեռնարկում երկրի էներգետիկ հնարավորությունների հզորացման ուղղությամբ: Խոսքը թե՛ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի ու ներդրումների, թե՛ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման մասին է՝ կիրառելով «կանաչ» տեխնոլոգիաներ և կուտակման համակարգեր:

Միաժամանակ Հայրապետյանը չի բացառել, որ հեռանկարում հնարավոր է տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացում նաև համագործակցության ավելի լայն ձևաչափերում: Սակայն ներկա փուլում, նրա խոսքով, Հայաստանի սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները բավարար են, որպեսզի երկիրը մնա գրավիչ հարթակ տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ոլորտում նոր ներդրումների համար:


 
 
 
 
  • Archive