Այժմ առանց USAID-ի. ԲՏԱ զարգացման ռազմավարական ծրագրի հաստատումը սպասվում է 2026 թվականի առաջին կիսամյակում

16 փետրվարի, 2026  11:58

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը վերսկսվել է և իրականացվում է պետական ֆինանսավորման հաշվին: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ամփոփելով անցյալ տարվա արդյունքները, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը:

ԲՏԱ նախարարը հիշեցրել է, որ նախկինում ռազմավարության մշակումը կասեցվել էր USAID-ի հետ կապված իրադարձությունների պատճառով, քանի որ ֆինանսավորումն իրականացվում էր հենց այդ գծով:

«Սակայն հետագայում կառավարությունը որոշում կայացրեց շարունակել այդ աշխատանքները պետական ֆինանսավորման հաշվին: Մենք որոշեցինք նոր գործընթաց չսկսել, այլ պարզապես շարունակեցինք այն, ինչ միջազգային գործընկերների հետ սկսել էինք դեռևս 2024 թվականի երկրորդ կեսին: 2025 թվականի հունիսի 30-ին նախարարության և «Ամերիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց ծառայությունների մատուցման պայմանագիր, որի շրջանակներում էլ վերսկսվեցին աշխատանքները», — տեղեկացրել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս պահին արդեն պատրաստ է ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը, ինչպես նաև դրա մաս կազմող բարձր տեխնոլոգիաների գլոբալ ոլորտի տեսական վերլուծական հաշվետվությունը: Այդ փաստաթղթի շրջանակներում սահմանվել են տեխնոլոգիական առաջնահերթ ուղղությունները՝ արհեստական բանականություն, տվյալագիտություն և մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, կենսաինժեներիա և բժշկական տեխնոլոգիաներ, ինչպես նաև ճարտարագիտություն: Նախարարը տեղեկացրել է, որ վերոնշյալ վերլուծական հաշվետվությունը փոխանցվել է նաև միջազգային փորձագետների փորձաքննությանը, իսկ նոյեմբերի 25-ին այն ներկայացվել է վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստում:

Ներկայումս, շարունակել է Հայրապետյանը, աշխատանքներ են տարվում ռազմավարական նպատակների սահմանման, արդյունքային շրջանակի և գործողությունների պլանի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկումներ են անցկացվում շահագրգիռ կողմերի հետ: Ռազմավարական ծրագրի հաստատումը, նախարարի խոսքով, սպասվում է 2026 թվականի առաջին կիսամյակում:


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive