Նռից մինչև նարինջ. Ինչպես են հայկական հյութերը նվաճում աշխարհը

29 հունվարի, 2026  16:31

Սննդամթերքի արտադրությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Այս ոլորտում գործող ընկերություններն ավանդաբար կարևոր տեղ են զբաղեցրել տեղական արտադրության կառուցվածքում և ապահովել հայկական արտահանման զգալի մասը: Տարբեր ժամանակաշրջաններում ոլորտը թե՛ վերելքներ, թե՛ անկումներ է ապրել, սակայն ընդհանուր առմամբ պահպանել է իր ռազմավարական նշանակությունը և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը:

Ոլորտի ներկա վիճակի, արտահանման հնարավորությունների և հայ արտադրողների առջև ծառացած մարտահրավերների մասին «Economix» հաղորդման եթերում պատմել է «SIS Natural» ընկերության արտահանման բաժնի ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Գլոբալ շուկան և տեղական արտադրության սահմանափակումները

Ըստ նրա՝ Հայաստանում բնական հյութերի արտադրությունը բավականին բարդ ոլորտ է: Հակոբյանը նշել է, որ համաշխարհային սպառման 50%-ը բաժին է ընկնում ընդամենը երկու համի՝ խնձորի և նարնջի հյութին: Ընդ որում, համաշխարհային մասնաբաժնի մոտ 30%-ը հենց նարնջի հյութն է, որը Հայաստանում, հասկանալի պատճառներով, տեղական հումքից չի արտադրվում:

«Հայաստանը միշտ ասոցացվել է ծիրանի, դեղձի, մասուրի և նռան հյութերի հետ: Դրանցից ամենազորեղը, անշուշտ, նուռն է»,- ասում է Հակոբյանը՝ պարզաբանելով, որ հայ արտադրողները միջազգային շուկա դուրս գալիս ավանդաբար սկսել են հենց այս համերից, որպեսզի սպառողին ծանոթացնեն, թե ինչ է բնական հյութը և ինչպիսին պետք է լինի դրա համը:

Հյութ, նեկտար թե ըմպելիք. ո՞րն է տարբերությունը

Միևնույն ժամանակ, նա հրավիրում է ուշադրությունը մի կարևոր խնդրի վրա՝ սպառողների մոտ հյութի, նեկտարի և ըմպելիքի միջև տարբերությունների հստակ ընկալման բացակայությունը: Հակոբյանի խոսքով՝ գնորդների մեծ մասի համար սրանք բոլորը «հյութ» են, մինչդեռ գործնականում տարբերությունները սկզբունքային են.

  • Ըմպելիքներ. համարվում են այն ապրանքները, որոնցում մրգային մասը չի գերազանցում 10%-ը:
  • Նեկտարներ. ըստ ստանդարտների՝ պարունակում են մինչև 50% հյութ:
  • Հյութեր. միայն 100% մրգային պարունակություն ունեցող մթերքը կարող է կոչվել հյութ:

«Երբ խոսում ենք 100-տոկոսանոց հյութի մասին, դա նշանակում է, որ դրա ողջ քաղցրությունը ստացվել է բացառապես մրգից: Այնտեղ չկա հավելյալ շաքար, շաքարի փոխարինիչներ, ներկանյութեր, բուրավետիչներ կամ պահպանակներ»,- ընդգծում է նա:

Էկզոտիկ համերի պահանջարկը և կարծրատիպերը

Ժամանակի ընթացքում, նկատում է Հակոբյանը, հենց սպառողն սկսեց թելադրել նոր համերի պահանջարկ՝ նարինջ, մանգո և այլն: Այստեղ արտադրողները բախվում են ևս մեկ կարծրատիպի. գնորդները հաճախ հարցնում են՝ եթե Հայաստանում նարինջ չի աճում, ինչի՞ց է պատրաստվում նարնջի հյութը: Հաճախ հնչում են ենթադրություններ «փոշի հյութի» կամ ամբողջությամբ արհեստական մթերքի մասին, մինչդեռ իրականում արտադրողներն օգտագործում են կոնցենտրատներ (խտանյութեր):

Հակոբյանը պարզաբանում է, որ սպառողները հաճախ շփոթում են կոնցենտրատը կենսերվանտի (консервант) հետ:

«Կոնսերվանտները քիմիական հավելումներ են՝ պահպանման ժամկետը երկարաձգելու համար: Իսկ կոնցենտրատը նույն միրգն է, որից հատուկ տեխնոլոգիայով հեռացվել է միայն ջուրը»,- բացատրում է նա:

Գործընթացը ենթադրում է ջրի գոլորշիացում, ինչի արդյունքում ստացվում է խտացված միրգ՝ առանց բնական հատկությունների փոփոխության: Արդեն տեղում արտադրանքին ավելացվում է ջուր՝ վերադարձնելով այն բնական վիճակին: Հենց այդ պատճառով նման մթերքը միջազգային ստանդարտներով համարվում է բնական և մակնշվում որպես 100-տոկոսանոց հյութ:

Ինչու բոլոր հյութերը չեն լինում 100-տոկոսանոց

Նա հստակեցնում է, որ ոչ բոլոր մրգերն են հնարավոր արտադրել 100% հյութի ձևաչափով: Օրինակ՝ բալի հյութը մաքուր վիճակում գրեթե չի արտադրվում. այն չափազանց խիտ է և պիտանի չէ սպառման համար: Ուստի շուկայում ներկայացված են խառնուրդներ, որտեղ բալը համակցվում է, օրինակ, խնձորի կամ նռան հետ:

Անդրադառնալով մակնշմանը վստահելու թեմային՝ Հակոբյանը նշում է, որ արտահանող ընկերությունների համար անհնար է որևէ բան ավելացնել և չնշել փաթեթավորման վրա: «Yan» հյութերն արտահանվում են մոտ 35 երկիր և կանոնավոր կերպով անցնում են լաբորատոր ստուգումներ տարբեր պետական մարմինների կողմից: Օրինակ՝ Կանադայում պետական տեսուչները պատահական սկզբունքով նմուշներ են վերցնում պահեստից և ստուգում դրանց համապատասխանությունը պիտակի վրա նշված տվյալներին:


 
 
 
 
  • Archive