Meta-ի նոր նախագծի արհեստական բանականությունը տեքստային նկարագրությունից կարող է տեսանյութ ստեղծել

29 սեպտեմբերի, 2022  21:25

Մի քանի ամիս առաջ Meta-ն ներկայացրեց Make-a-Scene նախագիծը, որը պատկերներ էր ստեղծում տեքստի հիման վրա։ Այժմ ընկերությունը ներկայացրել է ավելի առաջադեմ արհեստական բանականությամբ (ԱԲ) նոր նախագիծ, որը թույլ է տալիս մարդկանց տեքստային նկարագրությունները վերածել կարճ տեսահոլովակների: Նոր նախագիծը կոչվում էր Make-A-Video:

Առայժմ ԱԲ-ի կողմից ստեղծված Make-A-Video տեսանյութերը ցածր որակի են, բայց ապագայում այս նախագիծը, անշուշտ, կկատարելագործվի եւ կարեւոր դեր կխաղա ԱԲ-ի օգնությամբ կոնտենտի ստեղծման ոլորտում առաջընթացի համար:

Ֆունկցիոնալ առումով Make-A-Video-ն աշխատում է գրեթե նույն կերպ, ինչ Make-a-Scene-ը՝ տեխնոլոգիան հիմնված է տեքստային հաղորդագրության մեջ գրվածի մշակման եւ նեյրոնային ցանցերի օգտագործման վրա՝ ոչ վիզուալ հաղորդագրությունները պատկերների վերածելու համար: Պարզապես վերջնական բովանդակությունը տրվում է այլ ձեւաչափով՝ տեսանյութի, ոչ թե նկարի տեսքով։

Տեքստ-պատկեր տվյալներից Make-A-Video-ի ԱԲ-ն իմանում է, թե ինչ տեսք ունի աշխարհը: Իսկ առանց հարակից տեքստի տեսանյութերից նա իմանում է, թե ինչպես է աշխարհը շարժվում: Եվ այս տվյալները օգնում են նրան տեքստային նկարագրությունները տեսանյութերի վերածել:

Ահա, օրինակ, «սուպերհերոսի կոստյումով շունը կարմիր թիկնոցով թռչում է երկնքով» թեմայով տեսանյութը.

Իսկ այստեղ «Թեդդի արջուկը դիմանկար է նկարում».

Meta-ի ներկայացուցիչները վստահ են, որ այս նախագիծը կարող է նոր հնարավորություններ բացել արվեստագետների եւ կոնտենտ ստեղծողների համար: Նրանք նաեւ հասանելի տիրույթում տեղադրել են հետազոտական հոդված, որտեղ մանրամասն ներկայացված է ԱԲ-ի աշխատանքը, որը հիմք է հանդիսացել նոր նախագծի համար:

Make-A-Video-ի միջոցով ստացված տեսանյութերի օրինակներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://makeavideo.studio/:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ