Գիտությունը բոլոր ժամանակներում եղել է պետության զարգացման առանցքային գործոններից մեկը. այն ձևավորում է երկրի մտավոր ներուժը, տեխնոլոգիական հնարավորություններն ու մրցունակությունն աշխարհում։ Այսօր, գլոբալ արագընթաց փոփոխությունների պայմաններում, հատկապես կարևոր է հասկանալ, թե ինչ վիճակում են Հայաստանում տարբեր գիտական ուղղությունները, դրանց զարգասման դինամիկան ու աճի հիմնական ներուժը։
Ինչպիսի՞ն է գիտության զարգացման ընդհանուր մակարդակը Հայաստանում այսօր, ի՞նչ խնդիրների է բախվում ոլորտը և ի՞նչ է փոխվել վերջին տարիներին։ Այս և այլ հարցերի մասին «Բա իմացա՞ր» հաղորդման շրջանակում խոսել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը։
Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ Հայաստանում գիտության գլխավոր խնդիրը դրա մեկուսացվածությունն է։ «Գիտությունը չի կարող զարգանալ ինքն իրեն. այն պետք է լինի էկոհամակարգի մաս»,— նշում է նա՝ հավելելով, որ խնդիրների բազմազանությունն ու ինստիտուտների փոխգործակցությունը արագացնում են զարգացումը։
Ըստ նրա՝ անկախությունից հետո Հայաստանը փորձում է մուտք գործել գլոբալ գիտական «ակումբներ», սակայն դրա համար անհրաժեշտ են կայուն դպրոցներ և համագործակցություն։ Նա նաև շեշտում է գիտության համար հարկային, մաքսային և վարչարարական արգելքների վերացման անհրաժեշտությունը, իսկ ֆինանսավորումը պետք է աջակցի գիտնականի ողջ ուղուն՝ ասպիրանտուրայից մինչև հետազոտություններ և հրապարակումներ։
Ենգիբարյանն առանձնացնում է մասնավոր ֆինանսավորման և անդրազգային կազմակերպությունների դերը։ Որպես օրինակ նա նշում է PMI Science-ը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ գործող կազմակերպությունները չեն կարող մրցունակ մնալ առանց գիտության զարգացման։
Գուրգեն Մարդոյանը պարզաբանում է, որ խոշոր կորպորացիաների համար գիտության զարգացումն այլընտրանք չունի։ «Եթե ընկերությունը ցանկանում է մնալ ինդուստրիայում 5, 10 կամ 20 տարի անց, հետազոտական աշխատանքը այլընտրանք չունի»,— փաստում է նա։
Նրա խոսքով՝ խոշոր կորպորացիաները հետևում են ստարտափներին և գիտական խմբերին ողջ աշխարհում. նրանք ֆինանսավորում են այն հետազոտությունները, որոնք կարող են կիրառվել ընկերության ներսում։ Մարդոյանը կարծում է, որ նույն ռազմավարությունը պետք է կիրառեն նաև տեղական հայկական կազմակերպությունները։ Եթե նոր գիտական մշակումներ ներդնելու ձգտումը գա Հայաստանի մասնավոր հատվածից, դա կստեղծի մրցակցային առավելություն և թույլ կտա բնականոն կերպով ինտեգրել գիտությունն ու արդյունաբերությունը։
PMI Science-ում կիրառվում է Horizon 3 ռազմավարությունը՝ հետազոտական աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում կառուցելու համար։ Սա օգնում է միավորել գիտական հետազոտություններն ու ինդուստրիալ կարիքները՝ ստեղծելով արժեք թե՛ ընկերության, թե՛ գիտական էկոհամակարգի համար։
Ենգիբարյանը նկատում է, որ այսօր գիտությունը խոշոր կազմակերպություններից սկսում է ակտիվորեն «իջնել» դեպի փոքր ընկերություններ։ Նույնիսկ ստարտափների էկոհամակարգը չի կարող զարգանալ առանց գիտական հենքի։ «Պարզ լուծումներով այլևս հնարավոր չէ ներդրումներ ներգրավել կամ աշխարհը նվաճել»,— բացատրում է նա։
Նա PMI Science-ը համարում է բացառիկ կազմակերպություններից մեկը, որն աջակցում է գիտական էկոհամակարգի ձևավորմանը ոչ միայն կորպորացիայի ներսում, այլև երկրի մակարդակով։
Գուրգեն Մարդոյանի խոսքով՝ 2018 թվականից PMI Science-ը ակտիվորեն աշխատում է Հայաստանի գիտական կազմակերպությունների և համալսարանների միավորման ուղղությամբ։ «Մենք հասկացանք, որ խոշոր նախագծերի վրա աշխատելու համար պետք է սկսել ավելի պարզերից, իսկ դրա համար՝ ներդրումներ անել մագիստրատուրայում»,— պարզաբանում է նա։
Այս ճանապարհին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ ստեղծվեցին ֆակուլտատիվ ծրագրեր, ֆինանսավորվեցին գիտական խմբեր, PhD ուսանողներ և պոստդոկտորանտներ։ Այսօր արդեն գործում են երկու մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ համատեղ ֆինանսավորվող մագիստրատուրան ավիատիեզերական ճարտարագիտության ոլորտում։
Մարդոյանը գիտական զարգացումը նմանեցնում է պտղատու ծառեր աճեցնելուն. որպեսզի 9-րդ կամ 10-րդ տարում բերք ստանաս, պետք է տարիներ շարունակ հողը մշակել և պարարտացնել։
Բագրատ Ենգիբարյանը նշում է երկու առանցքային փոփոխություն, որ բերել է PMI Science-ի գործունեությունը։
Սրանք Հայաստանում գիտության զարգացման և կայուն ենթակառուցվածքների ստեղծման ամենանշանակալի ձեռքբերումներից են։
month
week
day