CPU, GPU, NPU. Ինչո՞վ են տարբերվում պրոցեսորների տեսակները և ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ

26 դեկտեմբերի, 2025  10:31

Ժամանակակից սարքավորումներում պրոցեսորները վաղուց արդեն չեն սահմանափակվում համակարգչի միայն մեկ «ուղեղով»։ CPU-ն, GPU-ն և NPU-ն երեք տարբեր մասնագետներ են, որոնցից յուրաքանչյուրը լուծում է իր առջև դրված խնդիրները։ Մեկը ունիվերսալ է, երկրորդը՝ գրաֆիկայի և զուգահեռ հաշվարկների վարպետ, իսկ երրորդը՝ արհեստական բանականության (ԱԲ) փորձագետ։ Պարզենք, թե ինչով են դրանք տարբերվում և ինչու 2026 թվականին առանց այս եռյակի հնարավոր չէ առաջ գնալ։

Կենտրոնական պրոցեսոր (CPU). ունիվերսալ զինվորը

CPU-ն դասական տարբերակն է՝ ցանկացած համակարգչի, նոութբուքի կամ սմարթֆոնի սիրտը։ Այն պատասխանատու է հրահանգների հաջորդական մշակման համար՝ ծրագրերի գործարկում, օպերացիոն համակարգի աշխատանք, հաշվարկներ Excel-ում կամ բրաուզերում։ Այն ամենը, ինչ պահանջում է ճշգրտություն և տրամաբանություն, անցնում է նրա միջով։

Առանցքային գործոնը հզոր միջուկներն են (թոփ տարբերակներում՝ 4-ից մինչև 64), որոնք աշխատում են հաջորդականությամբ, բայց բարձր ճշգրտությամբ։ CPU-ն ունիվերսալ է. առանց դրա ոչինչ չի գործարկվի, սակայն զուգահեռ հաշվարկներ պահանջող խնդիրներում այն զիջում է մասնագիտացված չիպերին։

  • Առանձնահատկությունները. փոքր թվով հզոր միջուկներ, հաջորդական հաշվարկներ, բարձր ճշգրտություն։

Գրաֆիկական պրոցեսոր (GPU). զուգահեռ հաշվարկների արքան

GPU-ն պարզապես «չիպի մեջ ներկառուցված տեսաքարտ» չէ։ Այն բաղկացած է հազարավոր թույլ միջուկներից, որոնք աշխատում են զուգահեռաբար։ Սկզբնապես այն նախատեսված էր գրաֆիկայի մշակման (ռենդերի) համար՝ տեքստուրաներ, լույս, ֆիզիկա խաղերում։ Սակայն զուգահեռ աշխատելու ունակությունը GPU-ն դարձրեց անփոխարինելի մայնինգի, մեքենայական ուսուցման և գիտական հաշվարկների համար։

Մի՛ շփոթեք GPU-ն տեսաքարտի հետ. այն տեսաքարտի սիրտն է։ Ի տարբերություն CPU-ի, այստեղ շեշտը դրված է քանակի վրա. հազարավոր միջուկներ միաժամանակ մշակում են տվյալների զանգվածը, բայց ավելի քիչ ճշգրտությամբ։

  • Առանձնահատկությունները. միջուկների հսկայական քանակ, զուգահեռ հաշվարկներ, միջին ճշգրտություն։

Նեյրոնային պրոցեսոր (NPU). ԱԲ մասնագետը

NPU-ն նորեկ է, բայց արդեն պարտադիր բաղադրիչ թոփ սարքերում։ Սա չիպ է, որն օպտիմալացված է նեյրոնային ցանցերի համար՝ դեմքի ճանաչում, պատկերների ստեղծում, խոսքի թարգմանություն։ Կառուցվածքով նման է GPU-ին (հազարավոր միջուկներ զուգահեռ խնդիրների համար), բայց կենտրոնացած է ցածր էներգասպառման և մատրիցային գործողությունների վրա։

NPU-ն ավելի էներգաարդյունավետ է, քան GPU-ն, ուստի այն ներկառուցում են ժամանակակից պրոցեսորների (Intel Core Ultra, AMD Ryzen AI) կամ սմարթֆոնների չիպսեթների մեջ։ Photoshop-ը, Zoom-ը և թարգմանչական ծրագրերն արդեն օգտագործում են NPU-ն՝ իրական ժամանակում ԱԲ ֆունկցիաներն արագացնելու համար։

  • Առանձնահատկությունները. խիստ մասնագիտացում, զուգահեռություն, ցածր ճշգրտություն (բավարար ԱԲ-ի համար), նվազագույն էներգասպառում։

Ինչո՞ւ են պետք երեք տարբեր պրոցեսորներ մեկ սարքում

CPU-ն անհրաժեշտ է տրամաբանության և ճշգրտության համար, GPU-ն՝ գրաֆիկայի և ծանր զուգահեռ հաշվարկների, իսկ NPU-ն՝ ԱԲ խնդիրների համար՝ էներգիայի նվազագույն ծախսով։ 2026 թվականին թոփ համակարգիչներն ու սմարթֆոնները համատեղում են այս երեքը. CPU-ն կառավարում է, GPU-ն պատկերում է, իսկ NPU-ն արագացնում է նեյրոնային ցանցերը։ Սա սարքերը դարձնում է ավելի արագ, խելացի և տնտեսող։

Կարճ ասած

CPU-ն ունիվերսալ է բարձր ճշգրտությամբ հաջորդական խնդիրների համար, GPU-ն զուգահեռ հաշվարկների հսկա է գրաֆիկայի համար, իսկ NPU-ն էներգաարդյունավետ մասնագետ է ԱԲ ոլորտում։ Ժամանակակից սարքերում նրանք աշխատում են միասին. CPU-ն ղեկավարում է, GPU-ն նկարում է, իսկ NPU-ն «մտածում» է։ Առանց այս եռյակի հնարավոր չեն ո՛ւլտրա-որակով խաղերը, ո՛չ էլ արագ ԱԲ-ն։


 
 
 
 
  • Archive