ԱԲ աշխարհում պետք է կառուցենք ոչ թե մեկ «ամրոց», այլ ամբողջական պաշտպանական համակարգ․ Րաֆֆի Չաքմաքջյան

13 հոկտեմբերի, 2025  20:51

Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում գոյատևումը կախված է ոչ թե մեկ նորարարությունից, այլ համալիր ռազմավարությունից։ Այս մասին Հայաստանում կայացած DigiConf 2025 համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Չաքմաքջյանը, որը SaaS-ի և ԱԲ-ի ոլորտում երեք հաջողված ընկերությունների CEO է։

Չաքմաքջյանն իր ելույթը սկսել է «պաշտպանական խրամի» էության բացատրությունից՝ մրցակցային առավելություն, որը դժվար է կրկնօրինակել և որը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ։ Նա կիսվել է արհեստական բանականության հետ աշխատող ընկերությունների պաշտպանական մեխանիզմների մասին գործնական պատկերացումներով։ Չաքմաքջյանը, որը խորհրդատվություն է տրամադրում ստարտափներին առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ ԱԲ-ն և քվանտային հաշվարկները, պատմել է, թե ինչպես գոյատևել և բարգավաճել չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում։

Նրա խոսքով, ԱԲ-ում տարբերակումը երկարակյաց չէ։ «Մեկը հորինում է նոր ֆունկցիա, ինչպես օրինակ՝ վիդեո գեներացիան և մեկ-երկու շաբաթ անց մրցակիցներն ունենում են նույնը»։ Նա նշել է նորարարությունների խելահեղ արագությունը և խաղի փոփոխված կանոնները։ Եթե նախկինում ստարտափները հաղթում էին Microsoft-ի պես հսկաների դանդաղկոտության հաշվին, ապա այժմ «ամեն երկու-երեք ամիսը մեկ ծագում են նոր էկզիստենցիալ սպառնալիքներ»։ Որպես օրինակ՝ նա բերել է մի ընկերության դեպք, որի տնօրենների խորհրդի անդամ է. «Երկուշաբթի օրը, երբ ես նստում էի Մոնրեալից թռչող ինքնաթիռը, գործադիր տնօրենը զանգահարեց խուճապի մեջ. OpenAI-ն նոր էր գործարկել Agent Kit ավտոմատացման գործիքը։ Եվ ահա նորից՝ մի ամբողջ շաբաթ կպահանջվի, որպեսզի հասկանանք, թե ինչպես պայքարել դրա դեմ»։ Նույնիսկ product-market fit-ը, որը Չաքմաքչջյանն անվանել է աշխատանքի իր ամենաքիչ սիրելի մասը, այժմ այդքան էլ կայուն չէ. «Դուք գտնում եք ապրանքի, գնի և մարքեթինգի իդեալական համադրություն, իսկ մեկը նոր ֆիչերներով գորգը քաշում է ոտքերիդ տակից։ Սա անվերջ վազք է՝ տեղում»։

Գոյատևման հինգ «պաշտպանիչ խրամներ»՝ արագությունից մինչև համ

Բանախոսն առանձնացրել է հինգ հիմնական «պաշտպանական խրամները», որոնք օգնում են ԱԲ-ընկերություններին առանձնանալ։ Նրա խոսքով, տեխնոլոգիան ինքնին այլևս հաջողություն չի երաշխավորում, կարևոր է, թե ինչպես է ընկերությունն այն օգտագործում աճի և հաճախորդների պահպանման համար։ Նա նշել է, որ արագությունը և իմպուլսը բազային «խրամն» է, որը հայտնի է բոլորին, բայց խոսքը միայն տեխնոլոգիական հզորության մասին չէ։ Գլխավորը համակարգի ուսուցման և արձագանքման արագությունն է. որքան արագ է ընկերությունը փորձարկում և կատարելագործում իր մոդելները, այնքան ուժեղ է նրա արտադրանքը։ Բայց կարևոր է ոչ միայն դա. պետք է արագ ներդնել լուծումներ և ներգրավել հաճախորդներ՝ ստեղծելով մի էֆեկտ, որի դեպքում մեկի աճը ուժեղացնում է մյուսին։ Օրինակ՝ նեյթիվ ԱԲ-ընկերությունները շրջանցում են խոշոր ERP-համակարգերին, ինչպիսին է SAP-ը, առաջարկելով ավտոմատացում մեկ շաբաթում՝ երկու տարվա փոխարեն։ «Արագությունը պարզապես ռազմավարություն չէ, դա իսկական «պաշտպանական խրամ» է ԱԲ աշխարհում»,- նշել է բանախոսը։

Ոչ պակաս կարևոր է հիշողության անհատականացումը։ Եթե հարթակը հիշում է օգտատիրոջ նախասիրությունները, աշխատանքային գործընթացները և կորպորատիվ համատեքստը, այն դառնում է նրա «տունը»։ Մրցակցին անցնելը դառնում է ցավոտ․ ստիպված են լինում համակարգը նորից վերաուսուցանել։ Չաքմաքջյանը խորհուրդ է տալիս օգտագործել համատեքստ-ինժեներիան, այլ ոչ թե սահմանափակվել փրոմփթ-ինժեներիայով. այդպես ԱԲ-ն սովորում է փոխգործակցության պատմության վրա և ավելի օգտակար դառնում օգտատիրոջ համար։

Մեկ այլ կարևոր «պաշտպանական խրամ» է աշխատանքային գործընթացները՝ որպես գրանցման համակարգ։ Նոր աշխատանքային գործընթացներ ստեղծելով՝ ԱԲ-ն գեներացնում է վարքագծային տվյալներ՝ ընկերության կամ օգտատիրոջ «ԴՆԹ-ն»։ Այս տվյալները կառավարելով՝ ընկերությունը դառնում է գրանցման համակարգ և որոշումներ է կայացնում այնպիսի ինսայտների հիման վրա, որոնց մասին ինքը օգտատերը պատկերացում չուներ անգամ։ Օրինակները տեսանելի են. Notion-ը գրավիչ է դարձել նոր աշխատանքային գործընթացների և տվյալների շնորհիվ, Figma-ն գրավել է դիզայնի շուկան համատեղ աշխատանքի միջոցով՝ ստեղծելով ունիկալ տվյալներ։ «Ով վերահսկում է աշխատանքային գործընթացները և տվյալները, նա պահում է օգտատիրոջը և արտադրանքը դարձնում իսկապես անփոխարինելի»,- հավելել է բանախոսը։

Բաշխումը ևս մեկ առանցքային գործոն է։ ԱԲ-ի նորարարությունները երկարակյաց չեն, ուստի չի կարելի հույս դնել միայն տեխնոլոգիաների վրա։ Աճը տեղի է ունենում գործընկերությունների, հաճախորդի աշխատանքային գործընթացներին ինտեգրվելու և շուկա դուրս գալու արդյունավետ ռազմավարությունների միջոցով։ «Այս աշխարհում դուք պետք է բաշխման ուժեղ թեքում ունենաք՝ ձեր «պաշտպանական խրամը» ստեղծելու համար»,- նշել է Չաքմաքջյանը։

Վերջապես, դատողությունը և ճաշակը օգնում են առանձնանալ բազմաթիվ ԱԲ-արտադրանքների ֆոնին։ ԱԲ-ն շատ «աղբ» է ստեղծում, բայց եթե դրան ավելացվի կուրատորական մշակում և մարդկային մոտեցում, ապրանքը իսկապես գրավիչ է դառնում օգտատիրոջ համար։ Webflow-ն ինժեներական լուծումները համատեղում է ճիշտ գործընկերների հետ, իսկ Tenweb-ը թողարկում է տեղայնացված ապրանքներ՝ հաշվի առնելով օգտատերերի նախասիրությունները։ «Սովորեցրեք ԱԲ-ին բարձրաճաշակություն և դուք կնվաճեք օգտատիրոջ սիրտը»,- ընդգծել է բանախոսը։

«Խրամների ապագան». համակցված մոտեցում եւ դինամիկա

Չաքմաքջյանը նաև քննարկեց երկու նոր «խրամներ», որոնք ժողովրդականություն են ձեռք բերում: Առաջինը պրիվատ վերարտադրելիությունն է. երաշխավորված ճշգրտություն, որը հատկապես պահանջված է իրավագիտության և բժշկության ոլորտներում, որտեղ սխալները թանկ են: Երկրորդը տեխնոլոգիական ագնոստիցիզմն է. ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե կոնկրետ հիմքում ընկած մոդելների, այլ workflowի–ի և օգտագործողի փորձի վրա: «Կարևոր չէ, թե ինչ տեսակի LLM է՝ մասնավոր, ամպային, թե բաց կոդով: Կարևորը workflow–ի տիրապետումն է. տեխնոլոգիաները փոխարինելի են», - բացատրել է նա:

Բանախոսի գլխավոր եզրակացությունը պարզ է. հաջողակ ընկերությունները կառուցում են կոմպոզիտային խրամներ՝ մի քանի մեխանիզմների համակցություն, որոնք ուժեղացնում են միմյանց և ստեղծում աճի շրջան։ «Սա դինամիկ աշխարհ է. անընդհատ վերագնահատեք, հարմարեցրեք կամ փոխեք ձեր «պաշտպանական խրամները»»,- հավելել է Չաքմաքջյանը՝ նշելով, որ «խրամները» փոխվում են յուրաքանչյուր 2–3 ամիսը մեկ, ինչպես և ամբողջ ԱԲ-աշխարհը։

 

 


 
 
 
 
  • Archive