Ավելի հզոր պրոցեսորներ և ավելի լավ գրաֆիկա․ Apple-ը ներկայացրել է արագագործ MacBook Pro-ն և Mac Mini-ն

17 հունվարի, 2023  21:00

Apple ընկերությունը ներկայացրել է այս տարվա իր առաջին նոր պրոդուկտները՝ բարձրակարգ MacBook Pro նոութբուքների և Mac mini սեղանադիր համակարգիչների ավելի արագագործ տարբերակները:

Ինչպես տեղեկացնում է
Bloomberg-ը, նոր 14-դյույմանոց և 16-դյույմանոց MacBook Pro-ներն արտաքինից չեն տարբերվում իրենց նախորդ մոդելներից, որոնք թողարկվել է 2021-ի վերջին, սակայն նորույթներն ունեն ավելի հզոր M2 Pro և M2 Max չիպեր, որոնք փոխարինել են M1 Pro և M1 Max պրոցեսորներին:

Ապրանքների այս շարքը անցած տարի ընկերությանը բերել է 40,2 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը կազմում է տեխնոլոգիական հսկայի եկամտի ավելի քան 10%-ը: Ընկերությունը նաև նախատեսում է այս տարվա վերջին իր բարձրակարգ Mac Pro սեղանադիր համակարգիչը ևս զինել M2 չիպով: Բացի դրանից, Apple-ն աշխատում է MacBook Air-ի նոր տարբերակների վրա, այդ թվում՝ ավելի մեծ մոդելի՝ 15 դյույմանոց էկրանով:

m2 pro.JPG (61 KB)

Վերջին մոդելների չիպերը նորույթներն էլ ավելի արդյունավետ են դարձնում: M2 Pro չիպն այժմ կունենա մինչև 12 հիմնական պրոցեսորային միջուկներ՝ նախկին 10 առավելագույնի փոխարեն։ Գրաֆիկական հնարավորություններն այժմ կհասնեն մինչև 19 միջուկի՝ նախկին 16-ի համեմատ:

Ուժեղացվել է նաև նոթբուքների միասնական հիշողությունը առավելագույնը մինչև 96 ԳԲ՝ ամենաբարձրակարգ M2 Max չիպով մոդելներում: Նախկինում երկու համակարգիչների դեպքում էլ այս ցուցանիշը 32 ԳԲ էր։ Ներկառուցված հիշողության ծավալը 8 տերաբայթ է: Մարտկոցի աշխատանքային ժամանակը փոքր-ինչ ավելացել է՝ 14 դյույմանոց մոդելի դեպքում 17 ժամից դարձել է 18 ժամ, իսկ 16 դյույմանոց տարբերակում՝ 21 ժամից դարձել է 22 ժամ:

Apple-ը նաև հայտարարել է, որ նոր MacBook Pro-ն ստանում է WiFi 6E, որը կարող է ապահովել ավելի արագ անլար աշխատանք։ Նոր MacBook Pro-ն ստացել է նաև ավելի հզոր HDMI պորտ։


Mac mini.jpg (129 KB)
Mac mini՝ M2 Pro պրոցեսորով

Mac mini-ն նույնպես նույն տեսքն ունի, ինչ դրա նախորդ մոդելը և շուկա է մուտք գործում այս համակարգչի վերջին թարմացումից ավելի քան երկու տարի անց: Mac mini-ն նույնպես ունի պրոցեսորի երկու տարբերակ՝ նույն M2 և M2 Pro:

Mac mini-ին ավելի արագագործ M2 Pro չիպով արտադրելու շնորհիվ ընկերությունը կարողացել է հրաժարվել իր Intel չիպերից: Ընկերությունը այսօր դադարեցրել է նաև այն Mac mini-ների վաճառքը, որոնք Apple-ի պրոցեսորով չեն աշխատում: Apple-ի այս շարքում միակ համակարգիչը, որն այժմ աշխատում է Intel պրոցեսորով, Mac Pro սեղանադիր համակարգիչն է։

Թարմացված 14 դյույմանոց MacBook Pro-ի գինն սկսվում է 1999 դոլարից, մինչդեռ 16 դյույմանոց տարբերակը շարունակում է մնալ 2499 դոլար: Mac mini-ն արժե 599 դոլար, ինչը 100 դոլարով պակաս է նախորդ տարբերակից: Apple-ը տեղեկացրել է, որ բոլոր նորույթների առաքումը կսկսվի հունվարի 24-ին։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ