2022-ին կոշտ սկավառակների առաքումները գրեթե կրկնակի կրճատվել են

19 հունվարի, 2023  21:47

2022 թ․ կոշտ սկավառակների (HDD) համաշխարհային առաքումները 2021 թ․ համեմատ գրեթե կրկնակի կրճատվել են։ Այս մասին ասվում է Trendfocus վերլուծական գործակալության նոր զեկույցում։

Ըստ tomshardware.com-ի՝ ամենաշատը, ինչպես և կարելի էր ակնկալել, տուժել են ոլորտի առաջատարները՝ Seagate-ը և Western Digital-ը: Առաջինի դեպքում 2022-ին, նախորդ տարվա համեմատ, HDD կոշտ սկավառակների առաքումները նվազել են 43,7%-ով, իսկ երկրորդի դեպքում՝ 43,0%-ով։ Տուժած արտադրողների թվում երրորդ տեղում Toshiba-ն է. 2022 թ․ ընկերության HDD-ի մատակարարումները նվազել են 39,3%-ով:

Զեկույցի համաձայն՝ կոշտ սկավառակների համաշխարհային առաքումների ընդհանուր ծավալն անցյալ տարի նվազել է 42,5%-ով և կազմել մոտ 35-36 մլն միավոր։

Ի՞նչն է հանգեցրել նման անկման

Ըստ վերլուծաբանների՝ այս հարցում ամենամեծ դերն ունեցել է կորպորատիվ ամպային պահեստների պահանջարկի անկումը, քանի որ հենց դրանց համար է մեծ թվով HDD-ներ ձեռք բերվել։ Արդյունքում, այս ոլորտում անցյալ տարվա 2022 թ․ չորրորդ եռամսյակում գնվել է 10-11 միլիոնով ավելի քիչ կոշտ սկավառակ, քան 2021 թ․ նույն ժամանակահատվածում։

Սպառողական 3,5 դյույմանոց կոշտ սկավառակների առաքումների անկումը կազմել է ընդամենը 1%, ինչը իրականում չի ազդել ընդհանուր պատկերի վրա։ Միևնույն ժամանակ, 2022 թ. վերջին 2,5 դյույմանոց HDD-ների մատակարարումները աճել են 15%-ով։

HDD-ների պահանջարկի նվազեցման գործում էական դեր է խաղում նաև այն, որ ավելի պոպուլյար են դառնում SSD կրիչները (solid-state drives): Ըստ վերլուծաբանների՝ 2022 թ. վաճառված նոութբուքների 92%-ը հագեցած է եղել SSD-ով, իսկ այս ցուցանիշը, ըստ մասնագետների, այս տարի կաճի մինչև 96%։

Շատ փորձագետներ կարծում են, որ կոշտ սկավառակները SSD կրիչներով փոխարինելը միայն ժամանակի հարց է, և, հետևաբար, HDD-ների մատակարարումը կշարունակի նվազել, իսկ SSD-ների պահանջարկը կաճի, գոնե մինչև նոր, ավելի ֆունկցիոնալ և հարմար լուծումներ գտնվեն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ