Privacy Sandbox նախաձեռնության շրջանակում Google-ը մտադիր է դադարեցնել cookie ֆայլերի օգտագործումը Chrome բրաուզերում և 2024-ից ներկայացնել նոր ստանդարտ՝ Topics API, որը գովազդատուներին թույլ կտա թիրախավորել գովազդները՝ ըստ օգտատերերին հետաքրքրող ընդհանուր թեմաների՝ cookie ֆայլերը հավաքելու փոխարեն: Այդ թեմաների մասին տեղեկությունները կհավաքվի՝ հիմնվելով բրաուզերի պատմության վրա։
Ըստ Google-ի՝ cookie ֆայլերի փոխարեն Topics API-ի օգտագործման շնորհիվ գովազդային տեխնոլոգիաների մատակարարներն այլևս չեն կարող նույնականացնել օգտատերերին, ինչը ավելի անվտանգ և առողջ ինտերնետ փորձառություն կապահովի բոլորի համար։
Այնուամենայնիվ, W3C-ին (World Wide Web կոնսորցիումի ստորաբաժանում, որը ստանդարտացնում է վեբ կայքերը) դուր չի եկել cookie ֆայլերից հրաժարվելու և Topics API-ին անցնելու գաղափարը, և նրանք Google-ին խնդրել են չշարունակել Topics API-ի մշակումն այս տեսքով։ Firefox և Safari բրաուզերների մշակողները նույնպես չեն աջակցել Google-ին այս հարցում։
Cookie-ները փոքր ֆայլեր են, որոնք պահվում են օգտատիրոջ սարքում և պարունակում են նախապատվությունների և դիտված վեբ էջերի մասին այլ տեղեկություններ: Այս ֆայլերը թույլ են տալիս կայքերին հիշել ձեր այցերի մասին տեղեկությունները, իսկ գովազդատուները կարող են հետևել ձեզ և թիրախավորել ձեզ այնպիսի գովազդներով, որոնք կարող են ձեզ հետաքրքրել: Օրինակ, եթե այցելեք կայք, որը վաճառում է հեծանիվներ, ապա դրանից հետո ավելի հաճախ կտեսնեք այդ կայքի կամ նմանատիպ այլ կայքերի գովազդը:
Topics API-ն ավելի կոնֆիդենցիալ այլընտրանք է cookie-ների համեմատ: Օգտագործելով այս տեխնոլոգիան՝ բրաուզերը ձեր բրաուզերի պատմության հիման վրա կորոշի, թե որ թեմաներն են (Topics) ձեզ հետաքրքրում այս շաբաթ: Օրինակ՝ ձեզ կարող են հետաքրքրել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Ֆիթնեսը» կամ «Ճամփորդությունը»: Այս թեմաների մասին տեղեկությունները կհավաքվեն ձեր սարքում՝ առանց որևէ արտաքին (այդ թվում՝ Google-ի) սերվերների ներգրավման: Դրանք կպահվեն ընդամենը երեք շաբաթ, որից հետո հին թեմաները կջնջվեն։
Թեմաները, ըստ Google-ի, ընտրվում են այնպես, որ բացառվեն այնպիսի զգայուն կատեգորիաներ, ինչպիսիք են սեռը կամ ռասան:
Երբ այցելեք այս նախագծին մասնակցող կայք, Topics API-ը կընտրի ընդհանուր առմամբ երեք թեմա (յուրաքանչյուր շաբաթվա համար մեկ թեմա) կայքի և նրա գովազդային գործընկերների հետ կիսվելու համար: Այս դեպքում գովազդները ձեզ օգտատերերին կցուցադրվեն՝ հիմնվելով այդ թեմաների վրա, և գովազդի մատակարարները չեն կարողանա օգտագործել ձեզ հետևելու թաքնված մեթոդներ, օրինակ՝ թվային սարքի մատնահետքը (fingerprint) ձեզ համապատասխան բովանդակություն ցույց տալու համար:
Դուք նաև հնարավորություն կունենաք կառավարել Topics API ֆունկցիան, դիտել այն թեմաները, որոնք որոշված են ձեզ համար և ջնջել այն թեմաները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Կլինի նաև այս գործառույթն ամբողջությամբ անջատելու տարբերակ:
Առաջին հայացքից Topics API-ն շատ հետաքրքիր և խոստումնալից գաղափար է թվում: Այնուամենայնիվ, W3C-ը, ինչպես նշվեց վերևում, հավանություն չի տվել այս գաղափարին:
«Առաջարկվող API-ը շարունակում է համացանցում ոչ պատշաճ կերպով հետևելու քաղաքականությունը, և մենք չենք ցանկանում, որ այն հետագայում զարգանա»,- Github-ում գրել է Էմի Գայը W3C-ի տեխնիկական խմբից (Technical Architecture Group-ից (TAG)):
Նրա խոսքով` Topics API-ի նպատակն է վեբ օգտատերերի կոնֆիդենցիալությունը պահպանելով՝ նրանց հետաքրքրությունների մասին տվյալները փոխանցել երրորդ կողմերին՝ այդ օգտատերերին նպատակային գովազդ ցուցադրելու համար, ինչպես նաև պաշտպանել օգտատերերին, որպեսզի նրանց գործողություններին անցանկալի կերպով չհետևեն և պրոֆիլավորեն նրանց: TAG-ը, սակայն, կարծում է, որ Topics API-ը չի իրագործում նշված նպատակները:
Ինչպես նշել է Էմի Գայը, Topics API-ը երրորդ կողմին թույլ է տալիս մշակել և համատեղել օգտատերերի տվյալները դրանց հիման վրա պրոֆիլներ ստեղծելու համար, ինչը կարող է օգտագործվել բովանդակությունը խտրական կերպով կարգավորելու համար, օրինակ՝ հնարավոր կլինի ընտրել, թե որ գովազդը ցուցադրվի օգտատերերի խմբերին՝ հիմնված գաղտնի և պաշտպանված այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են մարդկային ռասան։
Google-ում, սակայն, այս պնդման հետ համաձայն չեն։
«Մենք վստահ ենք, որ այս API-ն զգալի բարելավումներ կապահովի երրորդ կողմի cookie-ների համեմատ, և մենք շարունակում ենք զարգացնել այն»,- ասվում է Google-ի հայտարարությունում։
Firefox և Safari բրաուզերների մշակողները նույնպես չեն աջակցում Topics API-ի գաղափարին: Ավելին, կոնֆիդենցիալության շրջանակում նրանք արգելափակում են երրորդ կողմի cookie-ները։
Protocol Labs հետազոտական ընկերության ստանդարտների և կառավարման բաժնի ղեկավար և W3C-ի խորհրդի անդամ Ռոբին Բերժոնն ասում է, որ այս պահին Topics API-ը ներդրվելու քիչ հնարավորություն ունի:
«Բրաուզերի ոչ մի այլ վաճառող դա չի ցանկանում, և վեբ ճարտարապետության ոլորտի առաջատար հեղինակությունը մերժել է դա»,- ասել է նա:
Չնայած W3C-ի և շատ ուրիշների առարկություններին և քննադատությանը, Google-ը նախկինի պես կարող է շարունակել Topics API-ի մշակումը և ներդնել այն. ի վերջո, ընկերությունը պարտավոր չէ պահպանել պարտադրված վեբ ստանդարտները, իսկ նոր այլընտրանք մշակելու համար կարող են տարիներ պահանջվել:
Առնվազն մեկ դաշնակից այսօրվա դրությամբ Google-ը, այդուհանդերձ, ունի. Միացյալ Թագավորության մրցակցության և շուկայի հարցերով մարմինը ներկայումս աշխատում է Google-ի հետ Chrome բրաուզերից երրորդ կողմի cookie ֆայլերը և օգտատերերին հետևելու այլ գործառույթները հեռացնելու ծրագրի վրա:
ամիս
շաբաթ
օր